Monday, October 19, 2009

Իլհամ Ալիեվը զայրույթն այլեվս չի թաքցնում

Panorama.am 19-10-2009 - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց է նկատվում: Այսօր թուրքական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Սա բավականին հետաքրքիր հայտարարություն է: Բանն այն է, որ օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի անարդյունավետության մասին հայտարարություն էր արել թուրքական իշխանության մյուս առանցքային գործիչը` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Իսկ ավելի վաղ` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման նախօրեին, ծավալուն հարցազրույց էր տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` բառացիորեն նշելով. «Բանակցությունները շարունակվում են երկար տարիներ, ցավոք, առայժմ որևէ արդյունք չկա»: «Մեկ ազգ` երկու պետություն» ձևաչափով գործող թյուրքական երկրների ղեկավար պաշտոնյաների հայտարարությունների բուն բովանդակությունը վերջին շրջանում ստվերում է մնացել: Թե Հայաստանում, և թե Թուրքիայում ու Ադրբեջանում, նման հայտարարություններն ավելի շատ ընկալվում են հայ-թուրքական կարգավորման գործընթացի համատեքստում` մի դեպքում փորձ անելով ցույց տալ, որ երկու գործընթացները փոխկապակցված են, իսկ մեկ այլ դեպքում` ընդհակառակը: Մինչդեռ, այս հայտարարությունների բովանդակությունն իրական գործընթացի մասին հսկայական տեղեկատվություն են պարունակում և թույլ են տալիս որոշակի եզրակացություններ անել այն անվերջ ու անպտուղ բանավեճի շուրջ, որն արդեն մեկ տարի է գերիշխող է տարածաշրջանի երկրների քաղաքական ու տեղեկատվական օրակարգում: Տևական ժամանակ ադրբեջանա-թուրքական քարոզչական-տեղեկատվական հոսքերին հետևած անձինք նկատած կլինեն, որ երկու գործընթացների փոխկապակցված լինելու մասին պնդումներում առկա են հիմնականում նույն ձևակերպումները, որոնք սակայն ժամանակի ընթացքում բավականին մեղմացել են ու հարթվել: Եթե նախկինում Ակարայից պնդում էին, որ «Թուրքիան սահմանը չի բացի և հարաբերությունները չի կարգավորի, քանի դեռ ԼՂ հակամարտությունը չի լուծվել», ապա այսօր հիմնական ազդակը հետևյալն է` «Հայ-թուրքական կարգավորումը կնպաստի ԼՂ հարցի հանգուցալուծմանը, Թուրքիան կշարունակի պաշտպանել եղբայրական Ադրբեջանի շահերը»: Անկարայից Բաքու ուղարկվող «մեսիջները» սրանով չէին սահմանափակվում: Նախկինում Թուրքիայից անընդհատ պնդում էին, թե ԵԱՀԿ Մինսկի խումբն արդյունավետ չի աշխատում: Սրանով, ըստ երևույթին, փորձ էր արվում մասնակցություն ունենալ Մինսկի խմբի աշխատանքներին, կամ նվազագույնը` նման տպավորություն ստեղծել Ադրբեջանում: Սակայն այսօր թուրք պաշտոնյաները բավարարվում են Մինսկի խմբի համանախագահ երկրներին` ղարաբաղյան կարգավորման հարցում ակտիվություն ապահովելու խնդրանքներով: Հասկանալի է, որ այս հայտարարություններն` անկախ ձևակերպումների կոշտությունից կամ մեղմությունից, քարոզչական միջավայրում շրջանառվում են` ըստ կողմերի հետապնդած նպատակների: Սակայն միևնույն ժամանակ, չի կարելի չնկատել, որ Անկարայի հայտարարությունների տոնայնության փոփոխությունը վկայում է գործընթացից Թուրքիայի օտարվելու մասին: Պարզապես այդ բանը կտրուկ և ուղիղ ասելու ռեսուրս թուրքական իշխանությունը չունի, ուստի որդեգրել է վերը նշված մոտեցումը: Ասել թե` Ադրբեջանում այս բանը չեն հասկանում, սխալ կլինի: Բաքուն արդեն իսկ արձագանքել է թե քարոզչական, թե իրական քաղաքականության հարթության մեջ: Պատասխանելով Թուրքիայի հավաստիացումներին, թե հայ-թուրքական կարգավորումը կարող է դրական ազդել ԼՂ հակամարտության հանգուցալուծման վրա` Իլհամ Ալիևը նույն հարցազրույցում ասել է. «Ես չեմ կիսում այդ կարծիքը, քանի որ գտնում եմ` եթե հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն մինչև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, ապա Հայաստանի դիրքը բանակցային գործընթացում կկոշտանա»: Այս հայտարարությունը լավագույնս բնորոշում է, որ Թուրքիայի իշխանությունների որոշումներն Ադրբեջանի սրտով չեն: Եվ եթե տեղեկատվական-քարոզչական հարթության մեջ Անկարան դեռևս կարողանում է մանևրել, ապա իրական քաղաքականության մեջ իրավիճակը մի փոքր այլ է: Այս օրերին Ադրբեջանում բոյկոտ է հայտարարվել թուրքական սիմվոլներին ու թուրք գործարարներին: Բացի այդ երկիրը կտրուկ շարժեր է անում գեոէկոնոմիկայի ոլորտում` գազի մատակարարման պայմանագիր է կնքվել ռուսական «Գազպրոմի» հետ, Թուրքիային մատակարարվող էներգակիրների սակագների վերանայման հարց է բարձրացվել, ինչպես նաև հայտարարվել է, որ Բաքվի համար արտահանման նախընտրելի ուղղությունն անցնում է Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Եվրոպա ուղղությամբ: Փաստորեն Ադրբեջանն այլևս չի կարողանում թաքցնել սեփական զայրույթն ու հուզմունքը, և դիմում է կոնկրետ քայլերի: Ամփոփենք: Առաջին` Թուրքիայի պաշտոնատար անձանց հակասական հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Մինսկի խմբի աշխատանքների մասին, վկայում են այն մասին, որ հայտարարություններն արվում են օրվա կոնյուկտուրայից ելնելով, չեն տեղավորվում մեկ կոնկրետ քաղաքական գծի մեջ և շատ հաճախ հակասում են նաև գործնական քայլերին: Միևնույն ժամանակ, ակհայտ է, որ Թուրքիան ղարաբաղյան կարգավորման վրա ազդելու իրական լծակներ չունի: Հետևաբար` թեմայի արծարծումը Թուրքիայում կոչված է քարոզչական խնդիրներ լուծելու` նախ` ներքաղաքական գործընթացներում, ապա նաև` Ադրբեջանի հետ հարաբերությունները ճշտելու առումով: Երկրորդ` Ադրբեջանում գնահատել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների իրական հեռանկարները, և հանգել եզրակացության, որ դրանով վերջնականապես տապալվում է Ադրբեջանի` Հայաստանին մեկուսացնելու քաղաքականությունը: Միևնույն ժամանակ, հասկանալով, որ հնարավոր չէ հայկական հարցում Թուրքիային հավերժ պահել սեփական լոբբիստի կարգավիճակում, Բաքվի իշխանությունները որոշել են շանտաժի միջոցով որոշ ժամանակ ևս հետաձգել հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հ.Գ. Թուրքիայի ուղղությամբ ադրբեջանական քաղաքականության տապալումն օրերս փաստացի արձանագրվեց նաև Ադրբեջանի կառավարության նիստում Իլհամ Ալիևի ունեցած ելույթով: «Գաղտնիք չէ, որ տարածաշրջանում ծավալված վերջին գործընթացները, հնարավոր է, ոգևորել են հայաստանին: Հնարավոր է, նրանք այժմ համարում են, որ իրենց բազմամյա շրջափակմանը վերջ է տրվելու: Ես այդ կարծիքը չեմ կիսում: Տարածաշրջանում առկա գործընթացները, Ադրբեջանի առաջ քաշած բոլոր նախաձեռնությունները` քաղաքական, տնտեսական և այլ, Ադրբեջանի աճող դերակատարությունը, իհարկե, երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը շրջափակումից դուրս գա»,- հայտարարել է Իլհամ Ալիևը: Դժվար է ասել, սա ցասման մեջ արտահայտած պնդումներ են, թե Բաքվի նոր ռազմավարությունը, սակայն վստահ ենք, որ հակահայկական շանտաժի դիվերսիֆիկացիան սպառնում է Ադրբեջանին վերածվել ինքնամեկուսացված խանության, որն ավելի շատ հարիր է 19-րդ դարին:Հեղինակ` ԱՐՄԵՆ ՄԻՆԱՍՅԱՆ

No comments: