Tuesday, October 20, 2009

ԵԽ. ԼՂ ՀԱՐՑԸ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

«Մոտ ժամանակներս Եվրոպայի խորհրդից մի շարք դեսպաններ կայցելեն Հայաստան եւ Ադրբեջան» «ԱԶԳ, 20-10-2009- Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, տեղական իշխանությունների պալատի նախագահ Յան Միկալլեֆը «Ազգին» տված հարցազրույցում ներկայացնում է տեղական իշխանությունների մակարդակով հնարավոր համագործակցության այն նախաձեռնությունները, որ կարող են առաջ քաշվել ու արդեն իսկ քաշվել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման ու զարգացման արձանագրությունների հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում տեղի ունեցած ստորագրության արարողությունից հետո:Թերեւս Եվրոպայի խորհրդում, ողջունելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները, առավել մտահոգ ու նախաձեռնող են ուզում լինել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում հայ-ադրբեջանական զարգացում տեսնելու հեռանկարով, քանի որ արդեն իսկ ձեռնարկած քայլերը առավելապես վերաբերում են ոչ թե հայ-թուրքական հարաբերություններին, այլ հայ-ադրբեջանական հնարավոր համագործակցության ստեղծմանը: Միեւնույն ժամանակ, թե ինչ դերակատարություն կարող է ունենալ Եվրոպայի խորհուրդը, տվյալ դեպքում տեղական իշխանությունների մակարդակով, հայ-թուրքական հարաբերությունների մեկնարկի ու ադրբեջանական գործոնի ներգրավմամբ, պրն Միկալլեֆը մատուցում է վերջերս Ադրբեջան իր կատարած այցելության տեսանկյունից: - Ինչպե՞ս է Եվրոպայի խորհրդի տեղական ու տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը վերաբերվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ու զարգացման արձանագրությունների ստորագրմանը եւ ինչպե՞ս կարող է դա անդրադառնալ կոնգրեսի գործունեության առումով: - Մենք մեծապես կարեւորում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման այս գործընթացը` ընդունելով որպես դրական նշան տարածաշրջանում ժողովրավարության ու կայունության ուղղությամբ: Հույս ունենք, որ հարաբերությունների նորմալացումը հետագայում էլ կնպաստի նոր նախաձեռնություններ առաջ քաշելուն տարածաշրջանում, քանի որ այս համաձայնագրից անջատ տարածաշրջանը բավականին խնդիրներ ունի: Տեղական ու տարածաշրջանային մակարդակով սա դրական ազդեցություն ունի: Մենք պիտի քննարկեինք Թուրքիայի հարավարեւելյան շրջանում տեղական իշխանություններին ու տեղական ժողովրդավարությանն առնչվող հարցեր, սակայն դա թողնվեց գարնանային նստաշրջանին, քանի որ մենք նպատակահարմար գտանք այդկերպ դրականորեն ազդելու Թուրքիայի եկող ամսվա քաղաքական սցենարի վրա: Նաեւ մենք տեսնում ենք երկու կողմերի միջեւ համագրոծակցության նոր հնարավորություն այս համաձայնագրով, եւ մեզ համար դա պետք է լինի մեր զեկույցներում, ինչպիսիք պիտի ներկայացվեն Թուրքիայի առնչությամբ հաջորդ նստաշրջանին: Մենք ամենայն ուշադրությամբ կհետեւենք զարգացումներին այս առնչությամբ, քանի որ պատրաստ ենք անելու հնարավորը որեւէ ներգրավվածություն ապահովելու առնչությամբ, ինչը կարող է այդ գործընթացն առավել զարգացնելու հնարավորություն ընձեռել տեղական ու շրջանային իշխանությունների մասնակցության տեսանկյունից: Մենք արդեն այս առնչությամբ խոսել ենք հայաստանյան պատվիրակության հետ, թե արդյոք նրանք կցանկանա՞ն մեր միջնորդությունը որեւէ կերպ ու ձեւով: Նույն հարցը քննարկվել է նաեւ Թուրքիայի պատվիրակության հետ: Հուսով ենք, որ մեր օգնությունը անհրաժեշտ կլինի, եւ մենք, որպես կոնգրես, կկարողանանք տրամադրել հնարավոր աջակցություն: - Ստացե՞լ եք արդեն որեւէ արձագանք կամ պատասխան Հայաստանի կամ Թուրքիայի պատվիրակությունից: - Արդեն իսկ ունենք դրական արձագանք, քանի որ եթե կա քաղաքական կամք երկու պետությունների կողմից, հեշտ է նման հաջողության հասնել տեղական ու տարածաշրջանային մակարդակով: Այո, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ եւ ուզում էինք հասնել նման համագործակցության, սակայն երբ ազգային մակարդակով նման համաձայնություն է ձեռք բերվել, առավել դյուրին է տեղական ու տարածաշրջանային մակարդակով այդպիսի համագործակցություն ապահովելը: - Ինչպիսի՞ն է այս ամենի առնչությամբ ադրբեջանական պատվիրակության մոտեցումը, կամ` Ադրբեջանի, քանի որ վերջերս եք այցելել Ադրբեջան, եւ որքանո՞վ է այդ ամենը պայմանավորված Լեռնային Ղարաբաղի խնդրով: - Երկու շաբաթ առաջ եմ եղել Ադրբեջանում: Այնտեղ ես ադրբեջանական համապատասխան կողմին եմ փոխանցել հայաստանյան պատվիրակության առաջարկությունը համագործակցության սկիզբ դնելու Հայաստանի եւ Ադրբեջանի տեղական ու տարածաշրջանային համայնքների ազգային միությունների միջեւ: Սա Հայաստանից եկող նախաձեռնություն էր, որին ես ավելացրել եմ Թուրքիայի համանման միությանը ստեղծվելիք համագործակցությանը ներառելու տարբերակը` լինելու այդ համագործակցության երրորդ կողմը: Մենք մտածում ենք, որ սա կարող է աշխատել ու հիմք դնել համագործակցության Կովկասում: Սա նաեւ նշանակում է, որ մենք կսկսենք աշխատանքը, բայց այն կներառի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող պահեր: Կարծում եմ, որ ավելի շատ պետք է աշխատել ադրբեջանական իշխանություններին այս հարցում ներառելու հարցում, քանի որ կոնգրեսը պիտի խոսի մեկ լեզվով` հասկանալի, ընդունելի: Ես գիտեմ, որ մոտ ժամանակներս Եվրոպայի խորհրդից մի շարք դեսպաններ կայցելեն Հայաստան եւ Ադրբեջան: Հիմնականում խոսակցության թեման առկա վիճակն ու զարգացումներն են, սակայն ուշադրության կարժանանան նաեւ խնդրին անուղղակի չառնվող հարցեր: - Ներեցեք, բայց կարո՞ղ եք ներկայացնել, թե տեղական ու տարածաշրջանային համագործակցության առումով առաջարկին ինչպիսին էր ադրբեջանական կողմի արձագանքը: - Նրանք ոչ մերժել են առաջարկը, ոչ էլ ընդունել: Առաջարկը դեռ քննարկման փուլում է: Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցի հայ-թուրքական հարաբերություններին կապելու հանգամանքին, ապա մեկ բան հաստատ է եւ բոլորի համար ընդունելի, որ հակամարտության կարգավորման խնդիրն առկա է եւ պետք է լուծում ստանա: Ես նաեւ հավատացած եմ, որ նման համագործակցությունը չի կարող զարգանալ, եթե այդ հարցը չի դիտարկվում, բայց խրախուսումՙ անհրաժեշտ է: Եթե մենք դիտարկում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացումը, ապա մինչեւ դրանց զարգացումը խթանելը հարկ է անհրաժեշտ ուշադրություն դարձնել նաեւ ղարաբաղյան հակամարտույթան խնդրին, եւ ես նկատի չունեմ Եվրոպայի խորհուրդ-Թուրքիա կամ ԵԽ-Հայաստան հարաբերությունները, այլ հարաբերությունները տարածաշրջանի երկու երկրների միջեւ: Այս ամենը նման է կիսով չափ լցված բաժակին նայելուն: Պետք չէ եղածը դիտարկել որպես կիսով չափ դատարկ բաժակ: Մենք պետք է խրախուսենք ու աջակցենք հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանը եւ այդուհետեւ փորձենք լուծել առկա խնդիրները, քանի որ հաստատված ու զարգացող հարաբերությունների պարագայում ավելի բարենպաստ միջավայր է ստեղծվում առկա խնդիրների լուծման համար: Մենք պետք է աջակցենք երկու երկրներին, որպեսզի խնդիրներին նայեն հենց այդ տեսանկյունից: Եվրոպայի խորհուրդը կախարդական միջոց չէ, որ կարող է ամեն ինչ ու միանգամից լուծել: Մենք ուզում ենք առաջնորդել այդ երկրներին այն ուղղությամբ, որով նրանք տրամադիր կլինեն ու դրականորեն կտրամադրվեն լուծելու առկա խնդիրները: - Կարելի է ասել, թե ղարաբաղյան հարցի կարգավորման խնդրի կապակցումը հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը պետք է իսկապես լուրջ ուշադրության արժանանա՞: - Խնդիրը, որի մասին խոսում ենք, այն խնդիրը չէ, որ կարող է դուրս մնալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմատիկայից: Բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է դառնա այն աշխատանքի առաջնահերթությունը, որը մենք պատրաստվում ենք սկսել: Դա առանձին խնդիր է, քանի որ մենք ստիպված ենք գործ ունենալ մեկնարկած գործընթացի «մութ» ու «լուսավոր» կողմերի հետ, եւ մենք պետք է սկսենք լուսավոր կողմից: Լուսավոր կողմը հնարավորություն էՙ վստահելու միմյանց ու աշխատելու միասին: Երբ մենք տեսնում ենք համագործակցության արդյունքները, մենք սկսում ենք ավելի լավ լսել միմյանց, ավելի լավ հասկանալ, երկխոսությունն էլ ընթանում է ավելի լավ եւ տեսանելի են դառնում համագործակցության հետագա ասպեկտները: - Արդյոք ղարաբաղյան հարցի կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում դիտարկելը նախապայման չէ՞ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների առնչությամբ: - Ես հավատում եմ, որ արձանագրությունների ստորագրումը լավ սկիզբ է, սակայն անգամ եթե որեւէ կերպ նախապայմաններ են դրվում, դրանք կարող ենք երկարաձգել, հետաձգել հարաբերությունների կարգավորումը, հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձնելով առավել երկար: Բայց ես հույս ունեմ, որ երկխոսությունը կշարունակվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ եւ կբերի լուրջ համագործակցության ու զարգացմանՙ տարածաշրջանի առումով, դրա համար էլ այս պահին եւ այսկերպ ես փորձում եմ աջակցել հայ-թուրքական երկխոսությանը, քանի որ համագործակցության հասնելու համար երկխոսության շարունակումը պետք է լինի առավել առաջնային կարեւորության, քան ղարաբաղյան հարցի կարգավորման հարցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ես հասկանում եմ հայերին, նաեւ Եվրոպայի խորհրդի անդամ մյուս երկրների ներկայացուցիչներին, բայց իմ սկզբունքների համաձայն, պետք է պահպանել երկխոսությունը, որ ընթանում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, եւ բնական է, որ որոշ պահի կարիք կլինի գնալու փոխզիջումների: Ես չեմ ասում թողնել մի կողմ այն ամենը, ինչ ձեր (թերեւս նկատի ունենալով Հայաստանը` լրագրողի հայ լինելու առումով - Ա.Հ.) իրավունքն է, բայց կա ճանապարհ հասնելու նրան, ինչ քոնն է, ու դրան հասնելու ուղին երկար ու երկարատեւ է: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ-Երեւան

No comments: