Saturday, October 17, 2009

ՀՅԴ ԽՈՍՈՒՄ Է ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ

«Լրագիր» 16-10-2009- Հոկտեմբերի 16-ին Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ՀՅԴ հանրահավաքում, որին ի դեպ մասնակցել են նաեւ հայ-թուրքական արձանագրությունների դեմ գործակցող կուսակցությունների ներկայացուցիչներ, իսկ այդ ամենին հետեւել է մի քանի հազար մարդ, կուսակցությունների գործակցության եւ պայքարի մասին գրեթե ծրագրային ելույթ է ունեցել ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ հոկտեմբերի 9-ի երթից հետո նոր իրավիճակ է Հայաստանում եւ դա հաշվի առնելով, կազմակերպիչների թիվ մեկ խնդիրը այդ նոր իրավիճակում պայքարի ալիքը համահայկականի հասցնելն է: Արմեն Ռուստամյանն ասում է, որ նոր իրավիճակն իշխանությանն էլ ստիպում է, պարտավորեցնում է հաշվի նստել ձեւավորված հասարակական կարծիքի հետ: Արմեն Ռուստամյանն ասում է, որ իշխանությունն ունի երկու ճանապարհ: Առաջինը, ըստ նրա, այն է, որ իշխանությունը սթափվի, կանգ առնի եւ դուրս գա այդ գործընթացից, ինչի դեպքում Արմեն Ռուստամյանն ասում է, որ կկանգնեն իշխանության թիկունքին: «Մյուս ճանապարհը, եթե իրենք ընտրեցին, եթե շարունակեցին խորանալ այդ պրոցեսի մեջ, իրենք կամա, թե ակամա հայտնվելու են հակահայկական ծրագրերը սպասարկողի դերում: Կամա, թե ակամա, ուզեն, թե չուզեն: Եվ բնականաբար, մենք այդպիսի իշխանությունների հանդուրժել չենք կարող: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան: Այդ դեպքում իրենք պետք է հեռանան, որպեսզի գա մի ուժ, որը կարող է այդ դիմակայությունը կատարել, կարող է դիմադրել, իր ժողովրդի թիկունքն ունենալով պինդ կկանգնի», ասում է Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, ձեւական ցույց տալը, թե մենք պինդ ենք, անհնար է, եթե ներսում թույլ ենք: «Քո ուժը այստեղ է, ոչ թե դրսում: Քո ուժը քո ժողովրդի մեջ է: Եթե այդ ժողովրդի ուժը չես օգտագործում, չես մոբիլիզացնում, դու ձախողված ես, պարտված ես թե դրսում, թե ներսում: Եվ մենք պարտավոր ենք սա այս ընթացքում հասկացնել, եւ ահա սրանից բխում է մեր քայլերի տրամաբանությունը սիրելի ժողովուրդ», ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, պետք է շատ հստակ սահմանել նպատակները, սկբունքները եւ միջոցները: «Մեր նպատակն այս պահին շատ հստակ ձեւակերպված է, որով էլ առաջացել է այս հզոր շարժումը», ասում է Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով, նպատակը Հայաստան-Թուրքիա հարաբերությունն այս գնով կարգավորելու գործընթացը տապալելն է: «Մենք սրան պետք է հասնենք ամեն գնով: Այս ընթացքում կան խնդիրներ, որոնք մենք պետք է լուծենք: Մենք հայտարարել ենք, որ գնում ենք սահմանադրական, օրինական ճանապարհով: Մենք մեր ժողովրդին արկածախնդրության չենք տանելու, սադրանքների չենք տանելու, մեր ամեն մի քայլը լինելու է պատասխանատու եւ հաշվարկված: Եվ ուստի, մենք պետք է օգտագործենք բոլոր հնարավոր միջոցները, որոնք այսօր օրենքը եւ Սահմանադրությունը, ընթացակարգը այս վավերացման հետ կապված մեզ թույլ է տալիս», ասում է Արմեն Ռուստամյանը: Նա նշում է, որ վավերացման գործընթացում արձանագրությունների ընթացքը կանխելու առաջին քայլը Սահմանադրական դատարան դիմելն է: «Սահմանադրական դատարանը կարող է եւ պետք է ճանաչի ոչ սահմանադրական այս արձանագրությունները», հայտարարում է Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, եթե դա տեղի չունեցավ, ապա պետք է աշխատել ամեն մի պատգամավորի հետ: «Մենք պետք է ամեն պատգամավորի դուռը թակենք եւ իրեն բացատրենք, որ սա պարզ քվեարկություն չէ, սա իր որդիների, իր երեխաների, իր հայրենիքի, իր ճակատագրի քվեարկությունն է», ասում է Արմեն Ռուստամյանը, նշելով, թե ով քվեարկի արձանագրությունների օգտին, կանիծվի ամբողջ ժողովրդի կողմից: «Չի կարելի այդպիսի ճակատագրական սխալ կատարել», ասում է Արմեն Ռուստամյանը: Հաջորդը, եթե այդուհանդերձ վավերացվեն արձանագրությունները խորհրդարանում, ապա հաջորդ քայլը, ըստ Արմեն Ռուստամյանի, այդ արձանագրությունները համաձայն միջազգային օրենքների, չեղյալ հայտարարելն է: «Բայց ով կարող է անել այդ քայլը: Այս իշխանությունները չեն կարող, որովհետեւ իրենք դա արել են արդեն: Ուրեմն նոր իշխանություն պետք է ձեւավորվի, նոր Ազգային Ժողով, նոր նախագահ, նոր կառավարություն, որ նա կարողանա չեղյալ հայտարարել: Ուրեմն մեր քայլերը, շատ տրամաբանված են, շատ կշռադատված: Դրա համար, մեզ հաճախ որ ասում են՝ ինչու հրաժարական չեք պահանջում: Դա ամենահեշտ գործն է: Գիտեք, դրանից հեշտ գործ չկա, հրաժարական պահանջենք, ասենք այս էլ արեցինք, էլ ինչ եք մեզանից ուզում: Կան այդպիսի ուժեր, հրաժարական են պահանջել եւ գնացել մի կողմ նստել են, իբր թե ասելով, որ թողնում են մյուս ուժերն ակտիվանան: Դե լավ, բա որ ակտիվանում են, ինչու եք վատ զգում: Եթե ուզում եք, որ ակտիվանան, ակտիվացել են, ուրեմն պաշտպանեք: Չէ, իրենք վատ են զգում, չարությամբ են լցվում: Ինչն է նպատակը, հարգելիներս: Իսկ գուցե դուք ուզում եք, որ դա տեղի ունենա: Դա տեղի ունենա, հետո գաք իշխանության, ասեք դե մենք էլ փաստի առաջ ենք կանգնել, ինչ պիտի անենք, արդեն կատարված փաստ է, պիտի շարունակենք: Ոչ: Դրանից հետո ով եկավ իշխանության, առաջին գործը պետք է լինի չեղյալ հայտարարել այս ամեն ինչը: Առաջին գործը դա պետք է լինի», ասում է Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, նոր ընտրությունների դեպքում միայն այն ուժին պետք է ձայն տա ժողովուրդը, որը պարզ ու հստակ հայտարարի, որ գալիս է հայ-թուրքական արձանագրությունները չեղյալ հայտարարելու: «Թող մեզ չխանգարեն: Եթե ուզում են իսկապես սրա դեմն առնել, թող գան, մենք բազմիցս ենք ասել, այս տրամաբանությամբ, այս ծրագրով, թող գան: Այստեղ բացի ազգային շահից, ուրիշ շահ չկա», հայտարարում է Արմեն Ռուստամյանը: Ըստ նրա, դրա համար է, որ իրենց բազմությունը գնալով ավելանում է: «Հարգելիներս, եթե մենք այստեղ դնենք հրաժարականի հարց, ես ձեզ հավատացնում եմ, հաջորդ օրը, նույն այն հավաքի մեջ, որ առաջնորդողները պետք է իրականացնեն, առաջանալու է այդ հրաժարականից հետո ով է գալու այդ աթոռին նստի: Ու քանդվելու է ամեն ինչը: Սա է փորձը ցույց տվել: Մենք այդ հարցը չունենք, ով կգա այդ աթոռին կնստի: Մենք հարց ունենք իշխանափոխությունից հետո չեղյալ հայտարարելու եք, թե ոչ, երկրորդ՝ դուք գալու եք իշխանության, եւ եթե պիտի շարունակեք այն տրամաբանությամբ, որ երկիրը զարգանալու համար մենք պիտի մեր ազգային շահերը զիջենք անընդհատ, ապա ոչ մեկ իրավունք չունի գա Հայաստանում իշխանություն վերցնի: Ազգային իշխանությունը նա է, որ գալիս է իշխանության եւ երկրի զարգացումն է ապահովում, եւ իր շահերը չի զիջում: Թե չէ ամենահեշտ ճանապարհն է Ղարաբաղը տանք լավ ապրենք, մեր իրավունքները զիջենք թուրքերին լավ ապրենք: Էդ ինչ մեծ խելք է պետք դրա համար որ», ասում է Արմեն Ռուստամյանը: Նա հայտարարել է, որ աշխատելու են ամեն օր, աշխատելու են բազմությունն ավելացնելու ուղղությամբ եւ ամեն պահի, ինչ քայլ որ թելադրի ժողովուրդը, անելու են: Ընդ որում, Արմեն Ռուստամյանը շեշտել է, թե անելու են լինելով ոչ թե ժողովրդի թիկունքում, այլ առաջին շարքերում:

No comments: