Aysor.am. 16-10-2009- Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է ոլորտի կարևորագույն ծրագրերի ընթացքը:
Իրան-Հայաստան նավթատար խողովակաշարի և տերմինալի կառուցման դաշտային աշխատանքները կսկսվեն մինչև այս տարվա վերջ կամ մյուս տարվա սկզբին: Ինչպես նշեց Ա. Մովսիսյանը, ծրագրի իրագործման արդյունքում Թավրիզի նավթազտարանից երկրի համար անհրաժեշտ նավթամթերքի ծավալը Հայաստան կներկրվի խողովակաշարով, ինչը թույլ կտա 7-8 անգամ կրճատել տրանսպորտային ծախսերը:
«Տերմինալը հնարավորություն կտա միշտ որոշակի ծավալով պահեստավորված վառելիք ունենալ, որը Հայաստանի նման երկրների համար ցանկացած ֆորս մաժորային իրավիճակներում անհրաժեշտություն է»,- ասաց նախարարը:
Նշենք, որ Իրան-Հայաստան նավթատար խողովակաշարի կառուցման ծրագրին մասնակցում են Հայաստանը, Իրանը և Ռուսաստանը: 250 մմ տրամագիծ ունեցող խողովակաշարի նախնական արժեքը 200-240 մլն դոլար է: Շինարարության ժամանակ օգտագործվելու են նաև Իրան-Հայաստան գազատարի արդեն առկա ենթակառուցվածքները:
Անդրադառնալով ատոմակայանի խնդիրներին, Ա. Մովսիսյանը հայտնեց, որ Մեծամորի ատոմակայանում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ծրագրի կառավարման ծառայությունների մրցույթում հաղթող ճանաչված «Worley Parsons» միջազգային կոնսորցիումն արդեն ներկայացրել է տեխնիկատնտեսական աշխատանքների հիմնավորման նախագիծը, որը պետք է քննարկվի կառավարությունում:
Ա. Մովսիսյանն ընդգծեց, որ նոր էներգաբլոկի կառուցման հանդեպ պահանջները առավելագույնն են` այն պետք է ունենա լավագույն ռեակտորը, լավագույն տուրբինները և լավագույն ավտոմատ կառավարման համակարգը, պետք է համապատասխանի անվտանգության գերժամանակակից համակարգին և այլն:
Ա. Մովսիսյանը նաև վստահեցրեց, որ մինչ նոր կայանի շահագործումը Մեծամորի ատոմակայանը կշարունակի աշխատել:
Saturday, October 17, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment