Thursday, October 1, 2009

Հայաստանը երբեք չի ստորագրի Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ դնող փաստաթուղթ

/PanARMENIAN.Net/ 1.10.2009 - Հոկտեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանում սկսվել են «Նախաստորագրված արձանագրությունները եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով լսումները: Բացելով լսումները` ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հանրության եւ փորձագետների կարծիքն այս հարցում չափազանց կարեւոր է: «Ինչով էլ ավարտվեն այսօրվա լսումները, ես կարող եմ վստահաբար ասել, որ Հայաստանը երբեք ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի, որտեղ կասկածի տակ կարող է դրվել Հայոց ցեղասպանության փաստը: «Մենք նաեւ չենք ստորագրի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մերժող փաստաթուղթ: Արդեն բազմիցս ասվել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ընդհանուր ոչ մի բան չունի ղարաբաղյան կարգավորման հետ, դրանք բոլորովին ատրբեր գործընթացներ են»,-ասել է ՀՀ խորհրդարանի խոսնակը` հավելելով, որ չի բացառվում, որ Թուրքիան ինքը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իր հերթին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը նշել է, որ առանց Ղարաբաղի խնդրի հանգուցալուծման, Հայաստանը բանակցություններ սկսեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին եւ ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում այս երկու հարցերը չեն փորձի կապակցել: Ստորագրելով Արձանագրությունները` Հայաստանը կզրկվի Կարսի պայմանագիրը վիճարկելու հնարավորությունից, եւ, ինչն առավել վտանգավոր է, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու հնարավորությունից, որը Արձանագրությունների ստորագրումից հետո կարող է արգելակվել»,-ասել է Ռուստամյանը` հավելելով, որ հայկական կողմը այս դեպքում հանդես է գալիս որպես պարտվող եւ Թուրքիային զիջումներ արած կողմ:

No comments: