Saturday, October 10, 2009

ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒ. «ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԱՆՏԻՐՈՋ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԿԱՆԻ ՇՎԵՅՑԱՐԻԱՆ»

«ԱԶԳ», 10-10-2009- Հոկտեմբերի 8-ին Հունգարիայի արտգործնախարար Պիտեր Բալացի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն պատասխանել է հայ-թուրքական արձանագրությունների եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներիՙ Քիշնեւում կայացած հանդիպման մասին հարցերին: «Արձանագրությունների ստորագրումից հետո որեւէ հայտարարություն արվելո՞ւ է» հարցին ի պատասխան Դավութօղլուն ասել է, որ Հայաստանի հետ ստորագրվող արձանագրությունների մասին հայտարարությունը պետք է ակնկալել ոչ Թուրքիայից, ոչ էլ Հայաստանից, այլ Շվեյցարիայից, որովհետեւ նա է տանտերը, ապա ավելացրել է. «Շատ շուտով Շվեյցարիան կանի այդ հայտարարությունը, մենք կաշկանդվելու որեւէ խնդիր չունենք»: Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների քիշնեւյան հանդիպման առնչությամբ նա նշել է. «Սարգսյան-Ալիեւ հանդիպումից, ինչ խոսք, դրական արդյունք ենք ակնկալում: Հանդիպման փաստն անգամ ձեռքբերումի, (խաղաղ կարգավորման) գործընթացի արագացման ցուցանիշն է: Սակայն հանդիպումների առնչությամբ ակնկալիքներ չունենք: Կարեւորը նախորդ հանդիպման համեմատությամբ առաջընթացի ապահովումն է: Կարեւորը այն է, որ հակամարտությունը մտնի կարգավորման հունի մեջ»: Թուրքիայի արտգործնախարարը ֆուտբոլային պատասխան խաղի համար Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի Թուրքիա գալու-չգալու մասին հարցի առնչությամբ նշել է. «Մենք, անշուշտ, ցանկանում ենք, որ ազգային հավաքականների հանդիպման համար Սարգսյանը գա Թուրքիա: Սակայն մեր նախագահը Երեւան է գնացել առանց որեւէ ակնկալիքի, դրսեւորելով քաղաքական հանդգնություն: Կցանկանայինք, որ Սարգսյանն էլ Թուրքիա գար առանց որեւէ նախապայմանի, առանց ակնկալիքի: Հարցը քննարկման առարկա դարձնելն անգամ ճիշտ չէ: Սպորտային հանդիպումներն այն միջոցառումներն են, որոնցում առաջնայինը ջենթլմենությունը, բարեկամությունն ու միմյանց հետ շփվելու դրսեւորումներն են: Այդ իսկ պատճառով էլ մենք սպասում ենք, որ Սարգսյանը այս հեռանկարով գա Թուրքիա եւ հավատում ենք դրան»: «Հայաստանի հետ Լոզանի նոր պայմանագի՞ր է ստորագրվում» հարցին Դավութօղլուն պատասխանեց, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման համեմատությունը Լոզանի պայմանագրի հետ ճիշտ չէ, սա հարեւան երկու երկրների հարաբերությունները կարգավորող համաձայնագիր է, ստորագրման մասնակիցները ի հայտ են գալու Շվեյցարիայի վարած բանակցությունների արդյունքում, որի մասին կողմերը նախապես տեղյակ էին: Ի դեպ, այս ամենի մասին նշել է CNN-Turk-ը, իսկ թուրքական հանրային հեռուստատեսության երկրորդ ալիքը ուղիղ եթերում հեռարձակել է Թուրքիայի եւ Հունգարիայի արտգործնախարարների մամուլի համատեղ ասուլիսը:

No comments: