/PanARMENIAN.Net/ 09.10.2009 - Երեւանում` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ ավարտվում է բողոքի ցույցը, որը սկսվել էր 17:00-ին Հանրապետության հրապարակից եւ այս պահին հավաքել է ավելի քան 20 հազար մարդ: Դրան մասնակցում էին հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման դեմ միացյալ ճակատում միավորված Հայաստանի 12 քաղաքական ուժեր` ՀՅ Դաշնակցությունը, Ռամկավար-Ազատական Հայաստանը, «Նոր ժամանակներ» կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, «Ժառանգությունը», «Գոյամարտը», «Մայր Հայաստանը», Հայաստանի Աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, Միացյալ Հայեր, «Ազգային միասնության ուխտ» կուսակցությունը, Հայ արիացիների միությունը:
Ցուցարարների առջեւ ելույթ ունեցան ՀՅ Դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Ռամկավար-Ազատական Հայաստան կուսակցության նախագահ Հարություն Առաքելյանը, «Ժառանգություն» կուսակցության վարչության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը: Նրանք կրկին հայտարարեցին, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում սպասվող հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը առկա նախապայմաններով վտանգ է ներկայացնում հայ ժողովրդի ապագայի համար, արգելակում եւ զրոյի է հավասարեցնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, ցեղասպանության զոհերի հետնորդներին զրկում են հայրենիքի իրավունքներից, սպառնում է Արցախի անկախությանը:
Ելույթ ունեցողները Հայաստանի նախագահին կրկին կոչ արեցին ձեռնպահ մնալ անարդար եւ, ըստ էության, հակահայկական փաստաթուղթը ստորագրելուց եւ վավերացնելուց` ընդգծելով, որ հակառակ դեպքում կշարունակեն իրենց բողոքի ցույցերը:
Ինչպես հաղորդվել է ցույցի ժամանակ, բողոքի հաջորդ ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի մոտ:
Բողոքի երթի մասնակիցների նամակը ՀՀ նախագահին
Պարոն նախագահ
Մենք' 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից: Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության եւ ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնությանը:
Ներքաղաքական քննարկումների համար սահմանված վեց շաբաթն ապացուցեց, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը' թե' Հայաստանում, թե' Սփյուռքում, դեմ է այս տեսքով փաստաթղթերի ստորագրմանը:
Միայն մեկ վայրում' Հանրապետության հրապարակում, ստորագրահավաքին միացել են 50 հազարից ավելի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: 12 կուսակցություններ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Փաստաթղթերին բացասաբար են արձագանքել 60-ից ավելի հասարակական կազմակերպություններ:
Եվ սա այն դեպքում, երբ երկրում գործող հեռուստաընկերությունները, մասնակի բացառությամբ, արձանագրություններին դեմ արտահայտվողներին փաստացի զրկել էին մարդկանց բացատրելու, իրազեկելու հնարավորությունից:
Դեմ չլինելով առանց նախապայմանների սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու քաղաքականությանը' մենք վճռակա ՙոչ՚ ենք ասում սերունդների իրավունքը ոտնահարող, մեր պետության եւ ժողովրդի անվտանգությանն ու արժանապատվությանը սպառնացող այս արձանագրություններին եւ Ձեզանից պահանջում ենք չստորագրել դրանք:
Հակառակ պարագայում Դուք եք պատասխանատու լինելու այս գործընթացի անկանխատեսելի հետեւանքների համար:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment