News.am.19-10-2009- Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները մթագնած են Հայոց ցեղասպանությամբ, որն իրականացվել է Օսմանյան Թուրքիայում՝ մոտ 100 տարի առաջ,- գրում է Մարդու իրավունքների հարցերով Եվրախորհրդարանի ենթակոմիտեի փոխնախագահ եւ Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության արտաքին քաղաքականության հարցերի պատասխանատու Չառլզ Թեննոքը։ Ըստ նրա, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ արձանագրությունները դարձել են երկու երկրների հարաբերությունների գագաթնակետը։ Հարցն այն է,- գրում է Թեննոքը,- թե կյանքի կկոչվի՞ արդյոք այդ արձանագրությունների բովանդակությունը։
«Իհարկե, երկրներից յուրաքանչյուրը դրանից կստանա իր շահաբաժինը. Թուրքիան՝ ցանկանալով տպավորություն թողնել Արեւմուտքի վրա, ձգտում է ԵՄ անդամության եւ տարածաշրջանի քաղաքական ծանրակշիռ դերակատարի կարգավիճակի, այն դեպքում, երբ մեկուսացված ու շրջափակման մեջ գտնվող Հայաստանը ստիպված է որոշ առումով անտեսել Ցեղասպանության հարցը՝ սահմանի բացման դիմաց։
Թուրքական նախաձեռնությունը ռազմավարական երկարատեւ մտորումների արդյունք էր։ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը բաց տեքստով առկա չէ արձանագրություններում, սակայն այն ենթադրվում է, ինչի ապացույցն էր Ցյուրիխում այդ թեմայով ճառ ասելու Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուի մտադրությունը։ Եվ միայն ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված ճնշումը վերջին վայրկյանին թույլ տվեց խուսափել դրանից։ Հայաստանի հետ հարաբերություններում ձեռք բերված ճեղքումը հանգեցրեց Թուրքիայի մահմեդական եղբոր ու դաշնակից Ադրբեջանի հետ հարաբերությունների վատացման։ Սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձանագրությունների ստորագրումից ընդամենը մեկ օր հետո ասաց այն, ինչը թույլ չտվեցին ասել Դավութօղլուին. այն է՝ արձանագրությունները չեն վավերացվի երկրի խորհրդարանի կողմից, եթե Հայաստանը համապատասխան քայլեր չձեռնարկի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում։
Այդ հայտարարությունից հետո երկյուղ առաջացավ, որ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, սակայն Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հասկացնել տվեց, որ „զորահանդեսի հրամանատարը“ Թուրքիան է՝ հոկտեմբերի 14-ին մեկնելով թուրքական Բուրսա քաղաք, որտեղ պետք է կայանար երկու երկրների ֆուտբոլի հավաքականների հանդիպումը։ Էրդողանի հայտարարությունից պարզ է դառնում, որ այդ հակամարտությունը ունի միայն մեկ լուծում, այն դեպքում, երբ աշխարհը հույս ուներ, որ վերջին իրադարձություններից հետո Ադրբեջանը դրա կարգավորման շուրջ առավել բանական առաջարկություններ կաներ։ Սակայն Բաքուն գիտակցում է, որ այդ հարցով ցանկացած զիջում նշանակում է հայկական դիվանագիտության հաղթանակ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քողի ներքո։ Ալիեւը բազմիցս հասկացրել է, որ դա դեմ է Ադրբեջանի ազգային շահերին։
Ադրբեջանը ունի գազի ու նավթի պաշարներ, սակայն դեպի եվրոպական շուկաներ էներգետիկ պաշարների տեղափոխման համար հարկավոր է Թուրքիան։ Այդ կապակցությամբ շատ վերլուծաբաններ կարծում են, որ Թուրքիայի գլխավոր առաջնահերթությունը փոխաբեռնման կետի կարգավիճակն է՝ Արեւմուտքին էներգետիկ պաշարներով ապահովելու հարցում։ Իսկ Ադրբեջանն իր դիրքորոշմամբ կարող է հարուցել Nabucco գազային նախագծի արեւմտյան գործընկերների գրգռվածությունը, որտեղ Թուրքիան կարեւոր դեր է կատարում. դա կարող է լրացուցիչ խոչընդոտ հանդիսանալ եւ հենց Ադրբեջանի համար՝ էկոնոմիկայի ու անվտանգության եվրոատլանտյան կառույցներում ընդգրկվելու նրա մտադրություններում»,- գրում է Չառլզ Թեննոքը EWEUROPE-ի էջերում։
Monday, October 19, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment