/PanARMENIAN.Net/ 15.10.2009 - «ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը հատուկ ժամանել էր Բուրսա դիտելու համար Հայաստանի ու Թուրքիայի հավաքականների խաղը, հայտարարել է, որ ֆուտբոլային խաղերը մեծ իրադարձություն են սպորտում, սակայն ինչպես ցույց է տալիս փորձը, ֆուտբոլը կարող է նաեւ ավելի խորը իմաստ ունենալ»,-Բուրսայում լրագրողներին է հայտարարել ՀՀ ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, դրա ապացույցն անցյալ տարվա խաղն է հավաքականների միջեւ Երեւանում: Դա էլ սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նալբանդյանը նշել է նաեւ, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ասել է, որ «եթե ՀՀ նախագահը չհրավիրեր ինձ Երեւանում կայանալիք ֆուտբոլային խաղին, հավանաբար, մենք այսօր հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացի ականատեսները չէինք լինի»:
ԱԳՆ ղեկավարն ասել է նաեւ, որ այս խաղը լավ առիթ հանդիսացավ երկրների նախագահների համար, որպեսզի նրանք քննարկեն, թե ինչ ճանապարհ են անցել եւ ինչ քայլեր է հարկավոր ձեռնարկել արդեն Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: «Դա կբացի այն փակ դուռը, որը տարիներ շարունակ բաժանում էր մեր երկրները, եւ հիմք կհանդիսանա Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների զարգացման համար»,-ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment