«Լրագիր» 15-10-2009 - Վերջին շրջանում առկա է մի իրավիճակ, երբ տպավորություն է ստեղծվում, որ կարծես թե Հայաստանի Հանրապետության նախագահի համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է գործառույթներ միայն հայ-թուրքական հարաբերությունը բարելավելու կապակցությամբ, իսկ այլ անելիք Հայաստանի նախագահը չունի: Կամ էլ թվում է, որ այն, ինչի կարիքը կա Հայաստանի ներքին կյանքում, արվել է վաղուց, եւ մնացել է կարգավորել հայ-թուրքական հարաբերությունն ու ապրել գոհ ու երջանիկ: Բոլորն իհարկե հասկանում են, որ դա այդպես չէ, այսինքն որ հայ-թուրքական հարաբերությունը չէ մեր երջանկության բանալին, եւ նախագահն էլ մեծ թվով պարտավորություններ ունի անելու ներքին կյանքի բարեփոխման համար, բայց կարծես թե բոլորի համար էլ մի տեսակ հարմար է ներքինի մասին թեկուզ առժամանակ մոռանալն ու արտաքինով տապակվելը: Բոլոր ասվածն իհարկե հիմնականում վերաբերվում է քաղաքական ուժերին, քանի որ հասարակությունը ներքին կյանքի մասին երբեք չի մոռանում: Պարզապես երբեմն ինչ որ հույս է կապում այս կամ այն ուժի հետ, իսկ երբեմն էլ դառնում է անտարբեր ամեն ինչի նկատմամբ: Հիմա հասարակությունն անտարբերության փուլում է: Հասարակությունն ու քաղաքական ուժերը հիմա տարբեր բաների մասին են մտածում: Իշխանությունն ու հասարակությունը՝ առավել եւս տարբեր բաների:
Այդ իմաստով ակնհայտ է, որ երկրի ներսում առաջացել է լրջագույն վակուում: Դա որոշ քաղաքական ուժերի կամ դրանց ուղեղային կենտրոններին հիմք է տալիս մտածել, նույնիսկ լրջորեն, որ այդ վակուումը լրացնելու իսկական ժամանակն է: Դա իհարկե միամիտ հավակնություն եւ հաշվարկ է, քանի որ առաջացածը պարզ վակուում չէ, որ ունի ընդամենն ինչ որ բանով լցվելու կարիք: Բանն այն է, որ Հայաստանի հանրային-քաղաքական կյանքում առաջացող պարբերաբար վակուումները մեկը մեկից ավելի խստապահանջ են դառնում: Այսինքն, ամեն մի հաջորդ վակուում էլ ավելի մեծ պահանջներ է ներկայացնում ու էլ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում նրանց համար, ովքեր ունեն դա լցնելու ցանկություն: Եվ ամեն մի հաջորդ վակուումը լցնելու անհաջող փորձը էլ ավելի մեծ հարված է լինում տվյալ փորձն անողների համար: Օրինակ, ենթադրենք 5 տարի առաջ տապալված մի քաղաքական ուժի համար ցավն ու կորուստներն ավելի մեղմ էին, քան կլինեն այսօր տապալվողների համար: Կամ այսօր տապալվողների համար դրանք ավելի մեղմ են լինելու, քան լինելու են վաղը տապալվողների համար:
Այդ դեպքում, արդյոք նշանակում է, որ վակուումը լցնելու փորձ չպիտի արվի: Իհարկե պետք է արվի, պարզապես հաշվի առնելով, որ հասարակությունը հասունանում է տարեցտարի: Եթե նույնիսկ չեն փոխվում նրա արժեքները, ապա փոխվում է առնվազն ինտուիցիան: Եվ այն, որ հասարակությունն այժմ անտարբեր է քաղաքական պրոցեսների հանդեպ, նույնիսկ հայ-թուրքական վտանգավոր զարգացումների, վկայում է հենց հասարակության ինտուիտիվ հասունության մասին: Պարզապես մարդիկ առնվազն զգում են, որ Հայաստանում չկա այն ուժը, որը կկարողանա կազմակերպել իրապես անշահախնդիր դիմադրություն առկա պրոցեսներին: Հայաստանի քաղաքական բոլոր ուժերը` լինի ազատական, լինի ազգային, լինի ազգայնական, ազգային-ժողովրդավարական, ազգայնամոլական, նժդեհական, ցեղակրոն, թե կուսակրոն, միեւնույն է, բոլորը լուծում են ոչ թե երկիր, այլ տուն պահելու խնդիր: Հասարակությունն ինտուիտիվ զգում է դա: Եվ չնայած տուն պահելու մեջ որեւէ դատապարտելի բան չկա, այդուհանդերձ հասարակության զգալի մեծամասնության համար աներկբա է դառնում, որ տուն ու տեղը թողած չարժե ընկնել ինչ որ մեկի տուն պահելու հոգսը հոգալու հետեւից: Ահա եւ թերեւս ամբողջը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Հ.Գ. Խոսքը քաղաքական ուժերի ոչ բոլոր ներկայացուցիչների մասին է, երբ նշվում է, որ քաղաքական ոբոլոր ուժերը փաստացի տարված են հիմնականում տուն պահելու խնդրով: Բանն այն է, որ քաղաքական կյանքում, հատկապես ընդդիմության շարքերում, կան նվիրյալներ, որոնք իսկապես անշահախնդիր ձեւով նվիրված են ինչ որ արժեքների եւ դրա համար կրել են եւ կրում են զրկանքներ: Բայց այդ առանձին անհատները ընդհանուր պատկերի հանրային ընկալման վրա թողնում են ավելի ու ավելի թույլ ազդեցություն:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment