Thursday, October 15, 2009

Աբդուլլահ Գյուլը տիկնոջ պատրաստած ուտեստներով փորձել է հատուկ ջերմություն հաղորդել ՀՀ նախագահի ընդունելությանը

Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում երեկ երեկոյան կայացած` հայ-թուրքական ընդլայնված կազմով հանդիպումը կողմերը դրական են գնահատել: Երեկ Բուրսայի օդանավակայանում ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, Բուրսայի նահանգապետը, պաշտոնատար այլ անձինք: Երևանի ժամանակով ժամը 20:00-ին սկսվել է հայ-թուրքական ընդլայլված կազմով հանդիպումը, որի ընթացքում թուրքական կողմը տեղեկացրել է, որ Արձանագրությունների վավերացման գործընթացն սկսված է. արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կատարել է առաջին անհրաժեշտ ընթացակարգային քայլը, եւ հոկտեմբերի 21-ին Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ձեռնամուխ կլինի գործընթացին: Ընդլայնված կազմով հանդիպմանը ՀՀ նախագահի հետ հայկական կողմից մասնակցել են նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսյանն ու Շավարշ Քոչարյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը: Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը հեշտ չէ, եւ դեռեւս շատ հարցեր կան լուծելու: Ողջունվել են Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի` անցած տարի սեպտեմբերին Երեւան, եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօր Բուրսա կատարած այցերը: Նշվել է, որ երկու երկրների առաջնորդներն իրենց քայլերով լավ օրինակ են ցույց տալիս նաեւ երկու երկրների ժողովուրդների համար: Կողմերը վերլուծել են անցյալ տարվա հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները. նշվել է, որ այդ ընթացում մեծ առաջխաղացում է արձանագրվել, եւ արդյունքում կան արդեն ստորագրված երկկողմ փաստաթղթեր, որոնց հիման վրա պետք է շարունակել հետագա գործողությունները: Նկատել են, որ տեղի ունեցող իրադարձությունները ոչ միայն երկու երկրների ժողովուրդների, այլ ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում են, ինչը վկայում է կատարված քայլերի կարեւորության մասին: Բուրսայում Թուրքիայի նախագահի անունից ՀՀ նախագահի պատվին տրվել է ճաշ: Երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել: Ֆուտբոլային խաղից հետո լրագրողների հարցերին է պատասխանել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա հայտարարել է, որ այս հանդիպումը կարեւոր եղավ՝ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Նախարարը մեջբերել է Հայաստան-Թուրքիա խաղը դիտելու համար Բուրսա ժամանած ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի խոսքը` ասելով, որ «ֆուտբոլի հանդիպումները մեծ մարզական իրադարձություն են, բայց փորձը ցույց տվեց, որ ֆուտբոլը կարող է լինել իրադարձություն ոչ միայն սպորտի իմաստով, այլեւ կարեւոր հնչեղություն ստանալ, ինչպես դա եղավ մեկ տարի առաջ, երբ կայացավ Հայաստան-Թուրքիա խաղը Երեւանում, որը, փաստորեն, սկիզբ հանդիսացավ Հայաստան- Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում»: Նալբանդյանի գնահատմամբ` այսօրվա խաղը լավ առիթ էր՝ երկու երկրների նախագահներին հանդիպելու եւ հետադարձ հայացքով նայելու, թե այս մեկ տարվա ընթացքում ինչ կատարվեց երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման իմաստով, եւ նաեւ ինչ պետք է անել հատկապես 4 օր առաջ ստորագրված արձանագրություններից հետո, որպեսզի դրանք շուտափույթ կյանքի կոչվեն՝ «առաջին հերթին վավերացվեն, եւ իրականացվեն այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու երկրների միջեւ»: «Սա կբացի այն միակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր, եւ հնարավորություն կտա հիմքեր դնել հարաբերությունների զարգացման համար: Այս մասին էին զրույցները, որ կայացան այսօր երկու նախագահների միջեւ` սկզբից ընդլայնված ձեւաչափով, ապա դեմ առ դեմ հանդիպումներում»,-նշել է ԱԳ նախարարը: ՀՀ նախագահի պատվին տրված ընթրիքին Անկարայից բերել են Աբդուլլահ Գյուլի տիկնոջ պատրաստած ուտեստները. այս ժեստով Գյուլը ցանկացել է հատուկ ջերմություն հաղորդել ՀՀ նախագահի ընդունելությանը: Մարիա Կարաթորոսյան

No comments: