Tert.am. 16-10-2009- Երեկ Անկարայում «Հրանտ Դինք» հիմնադրամի կազմակերպած հայ և թուրք լրագրողների հանդիպումն անցավ Թուրքիայի խորհրդարանի շենքում, որին մասնակցում էր նաև խորհրդարանի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատուն։
Երկար ստուգումներից հետո հայ լրագրողները վերջ ի վերջո շենք մտան և փորձեցին թուրք գործընկերների հետ պարզել երկու երկրների միջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհները։ Հարկ է նշել, որ թուրքական կողմից ներկա էին առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ NTV և TRT հեռուստաընկերությունները, Hurriyet, Haber Turk, Yeni Safak, Star թերթերի, ինչպես նաև «Անադոլու» գործակալության լրագրողները։
Կարծես, զրույցը պետք է կառուցողական լիներ՝ ժպիտներ, հյուրընկալություն, սակայն իրականում դա ստացվում էր միայն մինչև այն ժամանակ, երբ խոսք էր բացվում Ցեղասպանության և Ղարաբաղի խնդիրների մասին։
TRT–ի ներկայացուցիչը, օրինակ, պնդում էր, թե թուրքերը պատրաստ են համատեղ ապրել հայերի հետ, տարիներ շարունակ այդպես էլ եղել է, ինքը պատրաստ է, որ իր երկու որդիներից մեկը սիրահարվի հայ, մյուսը՝ ադրբեջանցի աղջկա։ Սակայն երբ գործը հասնում էր գլխավոր թեմային՝ Հայոց ցեղասպանությանը, ապա ամեն ինչ կտրուկ փոխվում էր։ Այս հարցում թե պետական TRT–ն, թե կառավարական Yeni Safak–ը, թե Այդին Դողանին պատկանող Hurriyet-ը, թե NTV–ն, որի լրագրողին ԱԳՆ–ում զրկել են հավատարմագրումից Լեռնային Ղարաբաղ այցելելու համար, ժխտողական կեցվածք էին ընդունում։
Մինչ այդ մտածող մարդիկ խնդրահարույց հարցերի շուրջ խոսելիս «ռոբոտացվում էին» և սկսում էին անընդհատ կրկնել պաշտոնական տեսակետը։
Հաջորդ վայրկյանին արդեն նրանք խոսում էին Հրանտ Դինքի դերի մասին, այն մասին, որ ականավոր հայ լրագրողը հավասարապես ընկալելի ու սիրելի է երկու ազգերի համար՝ մոռանալով, սակայն, որ հիմնական արժեքները, որ քարոզում
էր Դինքը, հենց մարդու իրավունքների հետ էին կապված։
Մեր շփումը թուրք լրագրողների հետ մի տեսակ կիսատ ստացվեց։ Կարելի է ասել, որ երկու երկրներում էլ կան մարդիկ, ովքեր պատրաստ են կրկնել պաշտոնական տեսակետը, և դա նրանց համար առանցքային է դառնում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ, թեև մարդկային առումով նրանք միանշանակ ընկալելի են, պատրաստ են սեղան նստել, հյուրասիրել, հյուրասիրվել։
Եվ նման հանդիպումներից հետո ավելի հստակ ես հասկանում, որ մարդ–կառավարություն–կառավարություն–մարդ շփումը մարդ–մարդ շփումով փոխարինելով՝ կշահեն երկու հասարակությունները, և, գուցե, Հայոց ցեղասպանություն բառը լսելով՝ թուրք լրագրողներն այդքան չեն լարվի և չեն դառնա նույնքան պաշտոնական։
Լավ է միայն այն, որ դեռ 20 տարի առաջ նման հանդիպում Թուրքիայի խորհրդարանում դժվար էր պատկերացնել։
Friday, October 16, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment