Friday, October 16, 2009

ՍԱՀՄԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ ԼՈՒԾԱՐՈՒՄ ՉԷ

«Լրագիր» 16-10-2009- Հայաստանում պատրաստվում են հայ-թուրքական սահմանի բացմանը: Եւ քանի որ արդեն բազմիցս նշվել է, որ տնտեսության մենաշնորհային բնույթի պայմաններում Հայաստանի համար դժվար կլինի մրցակցել թուրքական տնտեսության հետ, շտապ խորհրդարան է մտցվել հակամենաշնորհային օրինագիծ: Նախագիծը սպառնում է առաջացնել նույնպիսի սկանդալ, ինչպես հարկային բարեփոխումների օրինագիծը: Քաղաքական գործիչներն արդեն այժմ խոսում են այն մասին, որ օրենքի ընդունման դեպքում բիզնեսմեն-պատգամավորները ստիպված կլինեն վայր դնել մանդատները: Նախապատրաստությունն ընթանում է եւս մեկ ուղղությամբ: Ռուսական մամուլն արդեն ակտիվ քննարկում է հարցը, թե ինչ է լինելու սահմանը հսկող ռուսական սահմանապահների հետ: Այնպիսի զգացողություն է, թե սահմանը բացելու տակ շատերը նկատի ունեն դրա լուծարումը: Բոլորը պատրաստվում են նրան, որ մի քանի ամիս անց Հայաստանի ու Թուրքիայի միջեւ չի լինի ոչ մի բաժանարար գիծ, թուրքական ապրանքներն ու ներդրումները կհորդեն Հայաստան, իսկ սահմանապահները ստիպված կլինեն ազատվել ծառայությունից: Իրականում ողջ սահմանը չի բացվի, այլ մեկ-երկու կետ, եւ Հայաստանը պարզապես պետք է մշակի օրենքներ ու քվոտաներ, որոնք կկանգնեցնեն տնտեսական էքսպանսիան սահմանին: Չէ որ վրացական կամ իրանական տնտեսությունը կուլ չտվեց հայկականը, ընդ որում այն պարագայում, երբ սահմանները բաց են: Այնպես որ, ռուս սահմանապահներն էլ գործ կունենան: ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

No comments: