Friday, October 16, 2009

Սահմանի բացման դեպքում Թուրքիա այցելող զբոսաշրջիկները կայցելեն նաև Հայաստան. թուրք փոխնախարար

Tert.am. 16-10-2009- Հայ–թուրքական սահմանի բացման դեպքում Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը զգալի կավելանա։ Նման կարծիք Անկարայում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության փոխնախարար Իսմեթ Յիլմազը։ Նրա խոսքով՝ Թուրքիան աշխարհում առաջատարների թվում է զբոսաշրջության զարգացման առումով։ Այսպես, անցյալ տարի Թուրքիա է այցելել 28 մլն զբոսաշրջիկ, և այդ թիվը, ըստ նախարարի, կարող է աճել։ "Սահմանի բացման դեպքում Թուրքիա այցելող զբոսաշրջիկները կցանկանան տեսնել նաև հարևան Հայաստանը և այստեղից գնալ ձեր երկիր", – ասել է Յիլմազը։Յիլմազը դժվարացավ պատասխանել, թե տարեկան քանի հայ զբոսաշրջիկ է այցելում Թուրքիա՝ նշելով, որ հայաստանցի զնոսաշրջիկների թիվը չափազանց փոքր տոկոս է կազմում։ Այս ցուցանիշով առաջատարներն են Ռուսաստանը, Գերմանիան, Հոլանդիան, Անգլիան, իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, նրա ունեցած տվյալներով, տարեկան Թուրքիա է մուտք գործում 50 հազար հայաստանցի, սակայն այդ այցելությունների մեծ մասը աշխատանքի նպատակով է։ Անդրադառնալով Թուրքիայում գտնվող հայ հուշարձանների պահպանության խնդրին՝ թուրք փոխնախարարը նշեց, որ բոլոր փոքրամասնությունների հուշարձանները նորոգվում կամ նորոգվելու են։ "Թուրքիայի տարածքում գտնվող բոլոր հուշարձանների պահպանությունը մեր պատասխանատվության տակ է։ Բոլորն էլ նորոգվելու են; Դրա համար անհրաժեշտ է ժամանակ, գումար և կամք"։ Փոխնախարարի խոսքով՝ կամք կա, կառավարությունն այդ նպատակով բյուջեից որոշակի գումար է տրամադրում։ Ինչ վերաբերում է ժամանակին, ապա նորոգումը բավական երկար է տևում։ Խոսելով Ցեղասպանության խնդրի մասին՝ փոխնախարարը, բնականաբար, ոչ մի նոր բան չասաց, ընդամենը կրկնեց իր թուրք գործընկերների ավանդական կարծիքը՝ այդ հարցը պետք է ուսումնասիրվի, «պետք է լսել երկու կողմերի կարծիքները»։ Ամեն դեպքում, նրա խոսքով՝ պետք է նայել դեպի ապագա և կառուցել լավ երկիր գալիք սերունդների համար. «Ես ցանկանում եմ, որ իմ երեխաներն ապրեն ավելի լավ երկրում»։ Իսկ դրա համար, ըստ թուրք պաշտոնյայի, հարկավոր է լավ հարաբերություններ ունենալ հարևանների հետ։

No comments: