/PanARMENIAN.Net/ 30.10.2009 - Առաջին հայացքից թվում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ չի անդրադառնա Ջավախքի վրա, բայց դա այդպես չէ: Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում նման անհանգստություն է հայտնել «Արեւմտահայության խնդիրների ուսումնասիրման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Նրա խոսքով, երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանի վրա կազդի ինչպես քաղաքական, ռազմաքաղաքական, այնպես էլ տնտեսական առումով: «Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացումը պարտավորեցնում է երկու պետություններին տարածաշրջանի մյուս երկրների առջեւ»,- նշել է Ալվրցյանը:
Ընդ որում, նա նկատել է, որ հայ-թուրքական սահմանի բացմամբ հայկական իշխանություններն ամբողջությամբ կհրաժարվեն Ջավախքի հետ կապված բոլոր հարցերից, այսինքն Վրաստանի հայաբնակ շրջանը կկորցնի Հայաստանի օժանդակությունը միջազգային կառույցներում, ինչպես նաեւ տնտեսական ոլորտում: «Դա նաեւ բարոյահոգեբանական հարված կլինի Ջավախքի հայերի համար»,- նշել է Ալվրցյանը:
Նա նկատել է նաեւ, որ հայկական իշխանությունները շահագրգռված չեն Ջավախքի խնդիրների լուծման հարցում: Ջավախքի հետ կապված հարցերը երբեք հայկական խորհրդարանի օրակարգում չեն եղել»,- նշել է Ալվրցյանը` ավելացնելով, որ վրացական իշխանությունները, ի տարբերություն հայկականի, միշտ արձագանքում են Ջավախքի հայերի հայտարարություններին եւ փորձում կանխել իրենց շահերին հակասող ցանկացած գործընթաց:
Saturday, October 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment