«ԱԶԳ», 10-10-2009- Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ու նախաստորագրված արձանագրությունների ֆոնին մնացյալ բոլոր իրադարձությունները կարծես անկարեւոր ու ժամանակավրեպ են դարձել, ինչը որեւէ կերպ չի կարելի ասել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առնչությամբ:
Բայց եւ այնպես, այսօրվա ամենակարեւորը դարձյալ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստից դուրս չեկող իրադարձությունն է, ավելին, այն, ինչի առնչությամբ մի տեւական ժամանակ քննարկումներ են տեղի ունենում եւ որին այդպես ձգտում էին հասնել քննարկումներում արդեն արված քայլերի տրամաբանությունը ողջունողները:
Խոսքը նախաստորագրված արձանագրությունների ստորագրման մասին է, որ եւ տեղի կունենա այսօր: Ի մասնավորի, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, այսօր Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների նորմալացմանն ու զարգացմանն առնչվող արձանագրությունները կստորագրվեն Ցյուրիխի համալսարանում: Նախնական տեղեկությամբՙ արձանագրությունները կստորագրեն Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Եվրոպայի երկրներով մեկշաբաթյա արդեն մեկնարկած շրջագայության շրջանակներում, հոկտեմբերի 10-ին կայցելի Ցյուրիխ` մասնակցելու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ արձանագրությունների ստորագրման արարողությանը: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ի շարս ասվածի, ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում էր այս գործընթացին, այժմ էլ` արձանագրություններին: Գորդոնը արձանագրությունների ստորագրումը պատմական քայլ է որակել ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի համար:
Եվրոմիության պաշտոնական տեղեկատվությամբ էլ, արարողությանը մասնակցելու է նաեւ ԵՄ խորհրդի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: Այլ աղբյուրների հաղորդմամբ, կմասնակցեն նաեւ Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները:
Saturday, October 10, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment