News.am. 8-10-2009- Հոկտեմբերի 7-ին Դոնի Ռոստովում հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը հրավիրվել էին մարդիկ, որոնք Հայաստանի հետ կապված հարցերի քննարկմանը ակտիվորեն չեն մասնակցում: Նրանք ոչ միայն չէին կարդացել, այլեւ չէին էլ լսել Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունների մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է հանդիպմանը հրավիրված, «Երկրամաս» թերթի գլխավոր խմբագիր Տիգրան Թավադյանը:
Նրա խոսքերով, ներկաներից շատերը բաց արտահայտվել են արձանագրությունների դեմ։ Մասնավորապես՝ կտրուկ քննադատությամբ են հանդես եկել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, «Ռուս-հայկական բարեկամություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանը: Ընդհանուր առմամբ, ինչպես հայտնեց Թավադյանը, համայնքների ներկայացուցիչների մեծ մասը, գործարարների մեծ մասը հանդես են եկել Հայաստանի նախագահի դիրքորոշման օգտին: Խմբագիրը հայտնեց, որ ինքը դեմ է արտահայտվել հայ-թուրքական արձանագրությունների դեմ: «Իմ կարծիքը չի փոխվել: Կարծում եմ՝ նախագահի ելույթը համոզիչ չէր, դեմ արտահայտվողների հարցերին կամ ելույթներին նա համոզիչ պատասխան չտվեց»:
Հանդիպման վերջում նախագահ Սարգսյանը պատասխանել է մեկ կամ երկու գրավոր հարցի: Ըստ Թավադյանի, բողոքի խոշոր գործողություն քաղաքում չի անցկացվել:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Հայաստանի նախագահը ժամանել էր Դոնի Ռոստով համահայկական շրջագայության շրջանակներում: Մեկ շաբաթվա ընթացքում Սերժ Սարգսյանը եղել է Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում: Հայկական Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումներում մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment