«Լրագիր» 8-10-2009- Հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի համատեքստում Հայաստանը աշխարհին թերեւս իրապես զարմացրեց: Սակայն զարմանքի պատճառը կամ առիթը “լայնախոհ” նախաձեռնությունները չեն, որով հանդես է գալիս Հայաստանի իշխանությունը: Զարմանքի պատճառը կամ առիթը, գուցե նաեւ հիասթափության, որ հաջորդում է կամ կհաջորդի այդ զարմանքին, Հայաստանի իշխանության հարմարվողականության այն բարձր աստիճանն է, որ դրսեւորվում է հայ-թուրքական գործընթացի պայմաններում: Եվ իշխանությունից բացի, զարմանք կարող է առաջացնել նաեւ հասարակության անտարբերությունն ու քաղաքական ուժերի որոշ դեպքերում իներտությունը, իսկ որոշ դեպքերում էլ ծառայամտությունը, որ դրսեւորվում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացի հանդեպ: Այլ կերպ ասած, աշխարհի համար Հայաստանը թերեւս վերածվել է հարմարվողականության տարածաշրջանային կենտրոնի:
Ասում են, թե Հայաստանն աշխարհի համար դարձել է կանխատեսելի երկիր, կայուն գործընկեր: Իհարկե: Եթե աշխարհը գիտե, որ Հայաստանին ինչ էլ որ ասի` հարց չկա, ապա այդ դեպքում բնական է, որ Հայաստանը կանխատեսելի եւ կայուն երկիր է աշխարհի համար: Մինչդեռ կան կասկածներ, որ Հայաստանից ամենեւին էլ դա չէ, որ պահանջվում էր, թեկուզ հենց հայ-թուրքական կարգավորման գործընթացի պարագայում: Բանն այն է, որ այդ գործընթացը բավական բազմաշերտ է իր աշխարհաքաղաքական նշանակությամբ: Հայ-թուրքական կարգավորումը շոշափում է գրեթե բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը, ինչպես նաեւ շահեր մեր տարածաշրջանի եւ հարեւան երկրների առումով: Այդ իմաստով, հայ-թուրքական կարգավորման գործընթացը շատ ավելի հետաքրքիր է իր առկայության, քան արդյունքի տեսանկյունից:
Բնական է, որ որեւէ տերություն այդ մասին չի հայտարարի, չի ասի, որ արդյունք պետք չէ եւ կարեւորը ընթացքն է, որը թույլ է տալիս իրենց լուծել բազմաշերտ իրականության շատ խնդիրներ: Բնական է, որ բոլորը պետք է ողջունեն կարգավորումն ու ասեն, որ ցանկանում են այն շուտափույթ տեսնել իր արդյունքին հասած: Բնական է, որ ոչ մի տերություն, եթե անգամ դեմ էլ լինի, չի հայտարարի հայ-թուրքական կարգավորման գործընթացի իր համար անցանկալիության մասին: Բայց իրականում թերեւս խնդիրը այն է, որ այդ գործընթացը առայժմ պետք է հենց այդ տեսքով, որպես այլ խնդիրների, այլ պայմանավորվածությունների, միմյանց հետ կապված շահագրգիռ տերությունների այլ ծրագրերի, նպատակների եւ պլանների համար:
Այդ պայմաններում Հայաստանից թերեւս պահանջվում էր, կամ ակնկալվում էր որոշակի առումով լինել մի քիչ զուսպ եւ մի քիչ դանդաղ նետվել Թուրքիայի “գիրկը”: Հայաստանից պահանջվում էր թերեւս նաեւ գիտակցել, որ հայ-թուրքական կարգավորման շուրջ ողջույնի հայտարարություններն ընդամենը դիվանագիտական շղարշն են, որի տակ տեղի է ունենում թերեւս բավական մեծ եւ դաժան մի քաղաքական պրոցես, որն անխնա է գտնվելու բոլոր նրանց հանդեպ, ովքեր կփորձեն առանց հասկանալու դուր գալ այդ պրոցեսին, մտածելով, որ եթե աշխարհի ուզածին համընթաց ես գնում ու չես հակաճառում, ուրեմն քեզ սիրելու են եւ կարգելու են Մոլորակի “պահեստի” պետ, հետո ավելի առաջ քաշելու հեռանկարով:
Մինչդեռ, աշխարհի ուզած չկա: Կա գործընթաց, որի մեջ է աշխարհը: Պետք էր հասկանալ այդ պարզ իրողությունն ու լինել այդ գործընթացի մեջ, ոչ թե գործընթացի տակ, ինչպես որ այժմ Հայաստանի պարագայում է, երբ այդ գործընթացի արդյունքը կամ հետեւանքը մեզ հազիվ գիշերն է հասնում: Հայ-թուրքական կարգավորման գործընթացը Հայաստանի համար իսկապես կարող էր լավ ընթացք եւ հանգրվաններ ունենալ, եթե չլիներ այն հարմարվողականությունը, որ ցուցաբերեցին Հայաստանի իշխող էլիտան ու քաղաքական ուժերի գերակշիռ մեծամասնությունը, փորձելով այդ կարեւոր խնդրի վրա լուծել իրենց մանր խնդիրները, կամ էլ այդ կարեւոր գործընթացով քողարկել իրենց անգործությունը եւ անկենսունակությունը:
Բայց պատասխանատվությունն իհարկե իշխանությանն է, որը փոխանակ գիտակցելու, որ այդ անտարբերությունն ու իներտությունը, կամ թեկուզ իմիտացված դժգոհությունն ու պայքարն ընդամենը թուլացնում են Հայաստանին, փորձեց ընդամենը օգտվել այդ իրողություններից եւ ընդամենը հերոսանալ աշխարհի աչքի առաջ, չմտածելով, որ աշխարհում վաղուց է, որ դադարել են հիանալ սեփական հասարակության հաշվին հերոսացողներով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Thursday, October 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment