Thursday, October 15, 2009

Ադրբեջանական կուսակցությունն առաջարկում է ժամանակավորապես հետ կանչել Ադրբեջանի դեսպանին Թուրքիայից

/PanARMENIAN.Net/ 14.10.2009 Ադրբեջանի Ժողովրդա-սոցիալիստական կուսակցությունը (ԺՍԿ) հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրման առիթով քննարկումներ անցկացնելու մասին առաջարկ է ուղարկել Միլլի Մեջլիս: Կուսակցությունն առաջարկում է ժամանակավորապես հետ կանչել Ադրբեջանի դեսպանին Թուրքիայից եւ վերանայել երկրի մասնակցությունը Անկարայի մասնակցությամբ միջազգային նախագծերին: «Եթե Հայաստանի հետ սահմանը բացվի նախքան ադրբեջանական հողերի ազատագրումը, ապա դրանով Անկարան Ադրբեջանի մեջքին հարված կհասցնի»,- հայտնել է կուսակցության առաջնորդ Ռովշան Գուսեյնովը: «Պաշտոնական Բաքուն պետք է դադարեցնի Թուրքիայի իշխանությունների դավաճանական քայլերը, որոնք հակասում են Ադրբեջանի շահերին»,- ասել է նա: Գուսեյնովը նաեւ ասել է, որ իր մոտ եղած տվյալների համաձայն թուրքական իշխանությունները բանակցություններ են վարում ընդդիմության հետ, որպեսզի նրանց համաձայնությունը ստանան հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման համար: «Մենք թուրք ժողովրդի հետ խնդիրներ չունենք, մենք հանդես ենք Թուրքիայի իշխանությունների դեմ, որոնք Ադրբեջանին դավաճանելու ուղին են բռնել»,- ասել է կուսակցության առաջնորդը: Գուսեյնովի կարծիքով, Արձանագրությունների ստորագրումը շահեկան չէր ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին, որը դրանով իսկ կորցրեց այնպիսի դաշնակցի, ինչպիսին Ռուսաստանն է: Շահեց միայն Թուրքիան, գտնում է կուսակցության ղեկավարը, հաղորդում է Ազատություն ռադիոկայանը:

No comments: