Thursday, October 15, 2009

Հայաստանի ԱԳՆ ղեկավար. «Հայաստան-Թուրքիա խաղն ավելին է, քան պարզապես մարզական հանդիպում»

News.am. 14-10-2009- Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների ֆուտբոլային հանդիպումն ավելին էր, քան սովորական մարզական միջոցառում: Այն դարձավ հնչեղ իրադարձություն, որ սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այդ մասին, ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում երկու երկրների հավաքականների հանդիպումից հետո: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչոթյան ղեկավարի խոսքերով, հենց այդ կապակցությամբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հարցադրում կատարեց՝ հնարավոր կլիներ արդյո՞ք առաջընթացն այդ գործընթացում, եթե անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իրենց չհրավիրեր Երեւան: Հայաստանի նախարարը նշել է, որ այսօրվա հանդիպումը հրաշալի առիթ դարձավ երկու երկրների նախագահների համար՝ քննարկելու անցած ուղին եւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումին հետեւելիք քայլերը: «Քայլեր, որ միտված են կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելել է Նալբանդյանը: «Դա թույլ կտա բացել դուռը, որ տեւական ժամանակ բաժանում էր մեր ժողովուրդներին, հիմքեր դնել երկու երկրների զարգացման համար»:. Հարկ է նշել, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հրաժարվել է մեկնաբանություններից, թեեւ սկզբնապես հայտարարվել էր նրա ելույթի մասին:

No comments: