«Անկախ» 19-10-2009- Համաձայն սեպտեմբերի 1-25-ը «Հայկական սոցիոլոգիական կենտրոնի»` մայրաքաղաքում 1000 հոգու շրջանակում անցկացված սոցհարցումների` 52,4 %-ը դեմ է հայ-թուրքական արձանարգրության ստորագրմանը, իսկ 47%-ը` հայ-թուրքական սահմանի բացմանը. այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց կենտրոնի ղեկավար Գևորգ Պողոսյանը:
Նրա խոսքով` նմանատիպ (հարցերը նախապես երկու կողմերը համաձայնեցրել են) մեթոդով սոցհարցում անցկացրել է նաև Թուրքիան. նախքան Արձանագրությունների ստորագրումը Թուրքիայում հարցվածների 70 %-ը դեմ է արտահայտվել հայ-թուքական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, իսկ ստորագրումից հետո՝ 53%-ը:
«Հայաստանում էլ նկատվել է հասարակության կարծիքի փոփոխություն, որը պայմանավորված է Արձանագրության մասին բացատրական աշխատանքներով,- ասաց նա,-Հայերը ոչ թե դեմ են սահմանը բացելուն, որն իրականում իրենք չեն փակել, այլ Արձանագրության բովանդակությանը, ու որ ներկայիս պայմաններում է նման Արձանագրության միջոցով հարաբերություն հաստատվում»:
Նրա խոսքով՝հայ-թուրքական հարաբերություններն սկսելիս պետք էր բացատրական աշխատանքներ տանել հասարակության հետ, ինչը չարվեց կամ արվեց ուշացումով` Շվեյցարիայում Արձանագրության ստորագրությունից հետո` ընդամենը մեկ-երկու հայտարարությամբ:
«Բացատրական աշխատանքները հիմա անօգուտ են, քանի որ դիմադրության ու չհամաձայնելու գործընթաց կա,- ասաց նա,- իսկ եթե մարզերում էլ անեինք, ապա համոզված եմ, որ ավելի շատ կլինեին Արձանագրությանը դեմ արտահայտվողները, քանի որ ավելի խիստ են մոտենում հարցին»:
Պողոսյանն ասաց, որ հայ և թուրք հասարակություններում չափազանց շատ են միմյանց նկատմամբ սխալ պատկերացումները. օրինակ` թուրքերը մտածում են, որ Հայաստանը շրջապատված է ծովերով, իսկ հայերի մոտ թուրքի՝ դեռ թշնամական կերպարն է գերիշխում:
Սոցիոլագի կարծիքով` Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելն ունի նաև դրական կողմ` հաշվի առնելով, որ այնտեղ բնակվում են մոտ 40 հազար հայեր: Միևնույն ժամանակ նա կարծում է, որ չպետք է անտեսել Թուրքիայի կողմից 1993թ. սահմանը փակելու հետևանքով ունեցած մեր տնտեսական վնասի փոխհատուցման մասին: Նրա խոսքով`տնտեսագետները հաշվարկներ են անում, թե որքան շահույթ կստանանք սահմանի բացումից հետո, բայց ոչ ոք մինչև հիմա չի հաշվարկել, թե որքան են եղել մեր կորուստները 16 տարի փակ սահման ունենալու հետևանքով:
Պողոսյանն «Անկախ»-ին ասաց, որ առաջիկայում 2 պետություններում կանցկացվեն նոր սոցհարցումներ:
Քրիստինե Վարդանյան
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment