Sunday, October 11, 2009

Ինչու էր լարված ԱԳ նախարարը

Այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում խիստ անակնալ էր ոչ միայն հայ եւ թուրք լրագրողների, այլ անգամ շվեյցարական կողմի` կազմակերպիչների համար: Մինչ վերջիններս պատրաստվում էին նախաստորագրված եւ վեց շաբաթ անընդմեջ երկու /եւ ոչ միայն երկու/երկրներում քննարկված արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությանը, եւ դրա մեկնարկին մնացել էր ընդամենը հաշված րոպեներ, միջազգային լրատվամիջոցներից մի քանիսը լուր տարածեցին, թե հայկական կողմը հրաժարվում է ստորագրել արձանագրությունները: Թուրք լրագրողները մի քանի հեռախոսազանգ անելուց հետո լքեցին Ցյուրիխի Համալսարանի շենքը, իսկ հայ լրագրողները անորոշության մեջ սպասում էին ԱԳՆ-ի բացատրությանը: Եվրոպական ժամանակով ժամը 17 ին չմեկնարկած միջոցառման մասնակիցները `երաժիշտներ, ադմինիստրատիվ աշխատողներ եւ այլն, կամաց-կամաց հեռացան շենքից, հայ լրագրողները համառորեն սպասումն էին, եւ 18.30 ին ԱԳ նախարարի խոսնակ Տիգրան Բալայանից ստացվեց լուր, թե "սպասեք, գալիս ենք": Դրանից 30 րոպե անց Համալսարանի շենք մտավ մեծ Շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը, ապա միջոցառման մյուս մասնակիցները, եւ երբ մոնիտորին հայտնվեցին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն, ապա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, պարզ դարձավ, որ շուտով միջոցառումը կսկսվի: Սակայն անհասկանալի եւ որեւէ մեկի կողմից որեւէ կերպ չբացատրվող ձգձգումը կրկին շարունակվում էր: Թուրք, շվեյցարացի լրագրողներից շատերը, որ հեռացել էին, տեղեկանալով, որ այնուամենայնիվ պատմական միջոցառումը տեղի է ունենալու` վերադարձան: ' Ժամը 20-ին, երեք ժամ ուշացումով ինչպես եւ նախատեսվել էր նախօրոք Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում սկսվեց ստորագրման արարողությունը, որին մասնակցում էին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտգործնախարար Բեռնար Քուշները, Սլովենիայի արտգործնախարար ու Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահ Սամուել Զբոգարը և Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան: Ստորագրմանը նախորդած կարճ խոսքում Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշելին Կալմի Ռեյը հայտարարեց, թե մեծ ջանքեր է պահանջվել այս պահը մոտեցնելու համար, եւ հատուկ ընդգծեց Ալի Բաբաջանի դերակատարությունը: Ապա ասաց. «Եթե կողմերը համաձայն են, թող մոտանան եւ ստորագրեն»: Ստորագրման պահին ակնհայտորեն լարված էր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխարենը Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն նկատելիորեն ուրախ էր, եւ ընդգծված արագ էր ստորագրում արձանագրությունները, իսկ տիկին Քլինթոնի եւ մյուսների ուշադրությունը սեւեռված էր Էդվարդ Նալբանդյանի ձեռքի վրա: Արձանագրությունները ստորագրելուց հետո նախարարները շատ ընդգծված, երկար ու ցուցադրական սեղմեցին միմյանց ձեռքը, ապա սկսեցին գրկախառնվել իրենց ավագ գործընկերների հետ: ՀՀ ԱԳ նախարարը անթաքույց հոգնած ու տխուր էր: Արարողությունը, որից հետո նախատեսված էր մոտ 30 րոպե ելույթներ, ավարտվեց առանց որեւէ հայտարարության` միայն մեկ լուսանկար արվեց, որում կրկին ուրախ դեմքով Դավութօղլուն էր եւ լարված Էդվարդ Նալբանդյանը` արձանագրությունների ստորագրմանը նպաստած բոլոր միջնորդների շրջապատում: Ապա նախարարները եւ միջոցառման մասնակիցները միասին ընթրեցին: Ի դեպ, մինչ շենքի ներսում անորոշություն էր եւ հայտնի չէր` ստուագրվելու են ի վերջո արձանագրությունները, թե ոչ, Համալսարանի շենքի առջեւ մի խումբ հայեր ՀՀ եւ Արցախի դրոշները ձեռներում պահած պահանջում էին «ոչ» ասել արձանագրություններին: Արարողության ավարտին Տիգրան Բալայանը լրագրողներին ասաց. «Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների եւ բարեկամների աջակցությունը»: Նաեւ պատասխանելով լրագրողների հարցերին` պարզաբանեց կատարվածը. «Բանավոր ելույթների նախագծի մեջ որոշակի անընդունելի ձեւակերպումներ կային հայկական կողմի համար եւ բանակցությունների արդյունքում որոշում կայացվեց , որ չեն արտասանվի բանավոր ելույթներ». Թե կոնկերտ որ հարցին էր վերաբերել անհամաձայնությունը, Տիգրան Բալայանը չմանրամասնեց. «Որոշակի անընդունելի ձեւակերպումներ.սահմանափակվենք այսքանով»: Իսկ նախարարի լարվածությունը Տիգրան Բալայանը բացատրեց երեք ժամ անսպասելի բանակցություններով: Դիանա Մարկոսյան Շվեյցարիա, Ցյուրիխ

No comments: