Սահմանամերձ համայնքապետերի կարծիքը` հայ-թուրքական արձանագրության մասին
«ՀԵՏՔ» 10-10-2009- Այսօր Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայանալու է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պաշտոնական արարողությունը:
Թուրքիային սահմանակից համայնքների ղեկավարներից հետաքրքրվեցինք, թե իրենք ինչ կարծիք ունեն սահմանի բացման եւ ստորագրվելիք արձանագրության մասին:
Արմավիրի մարզի Արաքսի գյուղապետ Ռուբեն Կարապետյանը կտրուկ դեմ արտահայտվեց այսօր ստորագրվելիք արձանագրությանը: Նրա ասելով, ինքը կողմ է, որ սահմանը բացվի, սակայն դեմ է Թուրքիայի կողմից առաջ քաշված նախապայմաններին:
Գյուղապետի կարծիքով Ցյուրիխում ստորագրվող արձանագրությունն իր մեջ թաքնված ներառում է դրույթներ, որոնք վերաբերում են Ցեղասպանության ճանաչմանն ու Ղարաբաղին:
«Այսօր մենք պատրաստ չենք ոչ մի չափանիշներով սահմանի բացմանը: Բացի դա արձանագրությունն իր մեջ ներառում է նախապայմաններ, օրինակ պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը, ինչով կասկածի տակ է դրվում Ցեղասպանությունը»,-ասաց Ռ. Կարապետյանը:
Գյուղապետը պատմեց, որ ինքը ցեղասպանությունը վերապրածի ժառանգ է եւ Հայաստան է եկել Սիրայից: «Շատ բարեկամներ ունեմ, որ Հայաստանում չեն ծնվել: Բացի իմ բարեկամները, շատ հայեր են Հայաստանից դուրս ծնվել: Այս փաստն արդեն հաստատում է, հայ ժողովրդի հետ տարիներ առաջ կատարվածը եւ կարիք չկա, որ պատմաբանների հանձնաժողով ստեղծվի: Ես թուրքի ձեռքը կսեղմեմ միայն այն ժամանակ, երբ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-ավելացրեց գյուղապետը:
«Իսկ տնտեսական առումով սահմանի բացումը շահեկան չէ՞ Հայաստանի համար»,-հարցրի գյուղապետին:
«Անցյալ տարի մեր գյուղացիները շուրջ 500 տոննայից ավել սոխ թափեցին: Իսկ գիտե՞ք պատճառը որն է: Այն է, որ Հայաստանը Թուրքիայից էր սոխ ներկրել: Սա փակ սահմանների դեպքում, իսկ ինչ կլինի, եթե սահմանը բացվի»-մտահոգ պատասխան տվեց Ռուբեն Կարապետյանը: Նրա կարծիքով սահմանի բացումը պարտադրանք է խոշոր պետությունների կողմից:
Մարզի մեկ այլ` Բագարան գյուղը թուրքական Էլինջան գյուղից ընդամենը 100 մետր է հեռու: Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանի ասելով, եթե գյուղին անծանոթ մեկը ժամանի Բագարան` չի տարբերի երկու ազգերի գյուղերը, քանի որ հայերի եւ թուրքերի տներն իրար շատ մոտ են:
Գյուղապետ Գեւորգ Մարգարյանն ասաց, որ միանշանակ կողմ է սահմանի բացմանը, քանի որ երկու հարեւան ժողովրդի մեջ տարաձայնությունները հարթելու այլընտրանքային եղանակ չկա:
«Վերջ ի վերջո հարեւան պետություններ ենք, ինչքա՞ն կարող ենք փակ սահմաններ ունենալ: Թուրքերի հետ կարող ենք տնտեսական հարաբերություններ հաստատել եւ դրանից հաստատ կշահենք»,-նշեց Գ. Մարգարյանը:
«Իսկ Թուրքիայի մեծ շուկան վտանգ չէ՞ Հայաստանի տնտեսությանը»,-հարցրի համայնքապետին:
«Ոչ մի վտանգ էլ չկա: Գոյություն ունի միջազգային շուկա եւ ապրանքի գին: Ասենք, եթե Հայաստանում լոլիկն արժե 100 դրամ, Թուրքիայում էլ է նույն գինը, պարզ չէ, որ իրենց լոլիկը Հայաստան չեն բերի, մենք էլ Թուրքիայից չենք ներկրի: Հիմա մեր գառներն արտահանում ենք արաբական երկրներ, եթե սահմանը բացվի, գյուղացիները տեսնեն, որ Թուրքիայում ավելի թանկ գին են տալիս, պարզ է, որ կարտահանեն Թուրքիա»,-պատասխանեց Գ. Մարգարյանը:
Գյուղապետը ծանոթ չէր, այսօր ստորագրվելիք արձանագրության բովանդակությանը, սակայն չի կարծում, որ արձանագրության մեջ լինի Հայաստանին վտանգ սպառնացող դրույթներ:
Ջանֆիդա համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանն էլ «Հետքի» հետ զրույցում ասաց, թե որպես հայ մարդ դեմ է, որ հայ-թուրքական սահմանը բացվի, քանի որ «թուրքը մնում է թուրք», սակայն կողմ է Թուրքիայի հետ սահմանը բացելուն` զուտ տնտեսական նկատառումներով:
«Հաշվի առնելով մեր գյուղացիների այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը ստիպված պետք է բացենք սահմանը: Ես համաձայն եմ Թուրքիայի հետ միայն տնտեսական հարաբերություններ հաստատելուն: Սահմանի բացումը մի քանի ձեւով կարող ենք ընկալել, բայց ես միայն տնտեսականի կողմնակիցն եմ»,-ասաց գյուղապետը:
Է. Մանուկյանը նույնպես համոզված է, որ այսօր ստորագրվելիք հայ-թուրքական արձանագրությունը, ինչպես նաեւ սահմանի բացումը գերտերությունների ճնշման արդյունքն է:
«Սա Թուրքիայի եւ Հայաստանի նախաձեռնությունը չէ»,-ավելացրեց Ջանֆիդայի համայնքապետը:
Sunday, October 11, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment