Thursday, October 8, 2009

Հայաստանը, Թուրքիան եւ Ղարաբաղը

A1+ 8-10-2009- Միջազային ճգնաժամային խումբը ենթադրում է,որ Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնամյակ ձգվող բանակցությունների ընթացքում հիմնական սկզբունքների շուրջ նախնական ձեռքբերումները կարող են հաջողությամբ պսակվել: Այդ մասին ասվում է երեկ երեկոյան հրապարակված խմբի զեկույցում: «Հայաստանը եւ Ադրբեջանը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի առաջարկած սկզբունքային հարցերում համաձայնեցման փուլում են: Հիմնական հարցերում անհամաձայնության հաղթահարումը կարող է հանգեցնել խաղաղ կարգավորման», - նշում են խմբի փորձագետները: Ըստ նրանց' Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը հնարավորություն են տվել նաեւ հանգուցալուծման հասցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ են բազմակողմանի զիջումներ, բայց մտավախությունները, հատկապես' Հայաստանի հասարակության, կարող են, ըստ փորձագետների, ձախողել հնարավոր համաձայնեցումը: Միջազգային ճգնաժամային խումբը, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել իրազեկել հասարակություններին բանակցային սեղանին դրված տարբերակների, ինչպես նաեւ հնարավոր ռիսկերի մասին: Զեկույցում խումբը նաեւ մի շարք քայլեր է առաջարկում բանակցող կողմերին, մասնավորապես վերահաստատել հրադարարի պայմանները, ինչը հնարավորություն կընձեռի խաղաղարար ուժերի առաքելություն իրականացնել, երբ հիմնախնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերվի: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի զեկույցում նշվում է, որ «Ադրբեջանը պետք է վերանայի իր դիրքորոշումը եւ ընդունի ԵԱՀԿ-ի առաջարկները՝ դուրս բերել դիպուկահարներին շփման գծից, եւ երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն առաջ տանել խրամատները դեպի հակառակ կողմի դիրքերը: Հայաստանը' Լեռնային Ղարաբաղի փաստացի ղեկավարության հետ, եւ Ադրբեջանը պետք է քայլեր եւ մեխանիզմներ մշակեն «գրավյալ»( ազատագրված-խմբ) տարածքներից հայկական զինված ուժերը դուրս բերելու ուղղությամբ: Մինչեւ 2009 թվականի վերջը Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները պետք է պաշտոնապես հաստատեն սկզբունքային հարցերի վերաբերյալ փաստաթուղթը եւ ամբողջությամբ ծանոթացնեն դրանց բովանդակությունը հասարակություններին: Հայաստանը պետք է քաջալերի Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին' աջակցելու համաձայնագիրը: Ադրբեջանը պետք է հնարավորություն ընձեռի Ղարաբաղի ադրբեջանցիներին ավելի մեծ դերակատություն ունենալ բանակցություններում եւ ներքաղաքական գործընթացներում: Առաջարկ է արվում նաեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանություններին, այն է' դադարեցնել «գրավյալ» տարածքների վերաբնակեցումը, ենթակառուցվածքների զարգացումն ու սեփականաշնորհումը այդ տարածքներում»: Այս մասին ավելի մանրամասն «Ա1+»-ը ներկայացրել է երեկ' կայքի անգլերեն էջում:

No comments: