«ԱԶԳ», 01-10-2009- Յարոսլավլում տեղի ունեցած Ռուսաստանի եւ Հայաստանի միջկառավարական հանձնաժողովի նիստում որոշվել է «Ռուսական երկաթգծեր» (ՌԵ) ընկերությանը հանձնարարել Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը:
ՌԵ-ի միջազգային կապերի բաժնի պետ Ա. Ավերինի խոսքերով, այս նախագծի իրականացման հիմնական խնդիրը ֆինանսական մեծ միջոցների ապահովումն է: «Ճանապարհը անցնելու է լեռնային շրջաններով, իսկ սա զգալիորեն կմեծացնի նրա կառուցման ծախսերը», նկատել է Ավերինը:
ՌԵ-ի մոտավոր հաշվարկներով` Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը կարժենա 1,5 մլրդ դոլար: Ֆինանսավորման ձեւը եւ աղբյուրը դեռեւս ճշգրտված չեն: Նախագծի պատվիրատուն լինելու է ՀՀ կառավարությունը, հնարավոր է, որ Իրանի կառավարության հետ մեկտեղ:
Ա. Ավերինի խոսքերովՙ ՌԵ-ն շահագրգռված է այս նախագծով, քանի որ մեծ հնարավորություններ կտա ընկերության «դուստր» համարվող «Հարավկովկասյան երկաթգծեր» ընկերությանը: «Այսօր հայկական երկաթուղուն խիստ անհրաժեշտ է բեռնափոխադրումների քանակի ավելացումը, իսկ սրա համար առաջին հերթին պետք է երկաթուղով կապել Հայաստանն ու նրա հարեւան երկրները, սակայն առայժմ ՀՀ-ն նման կապ ունի միայն Վրաստանի հետ», ասել է Ավերինը:
«Ազգ» -ը սեպտեմբերի 26-ին տեղեկացրել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» պատրաստ է հայ-թուրքական սահմանի բացմանը, եւ ահա, ՌԵ-ի ծրագրով, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմամբ կստեղծվի «միջանցիկ ճանապարհ»` Իրան-Հայաստան-Թուրքիա:
Միեւնույն ժամանակ ադրբեջանցի փորձագետ Թ. Մուսաբեկովը հայտարարել է, որ մեկ այլ երկաթուղու` հյուսիս-հարավի (Իրան-Ադրբեջան-Ռուսաստան) կառուցումը Իրանի կողմից հատուկ ձգձգվում է, մինչդեռ «արվում են բարձրակոչ հայտարարություններ Հայաստանում ամբողջովին ֆանտաստիկ երկաթուղու կառուցման վերաբերյալ, ասել է Մուսաբեկովըՙ շարունակելով, հայկականի համար հնարավոր է «գտնել» 1,5 մլրդ դոլար, սակայն Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման համար անհրաժեշտ 400-500 հազար դոլարը չկա»:
Փորձագետը նաեւ հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգծի կառուցումը նույնպես «խիստ արդիական» է: Այն Ադրբեջանից կպահանջի 200 մլն դոլար. «Իսկ սա մեզ համար լուրջ գումար չէ», ավելացրել է Մուսաբեկովը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Thursday, October 1, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment