Saturday, October 10, 2009

ՀՆՉԵՑՐԵՔ ԶԱՆԳԵՐԸ

սա մեր վերջին Սարդարապատն է «Լրագիր» 10-10-2009- Մեզ ժամեր են բաժանում Հայոց ցեղասպանություն կոչված մեծագույն ողբերգության նախավերջին արարի ավարտից: Այսօր ևս մի քայլ են անելու Հայոց ցեղասպանության հետևանքներն օրինականացնելու գրեթե դարավոր ճանապարհին: Այսօր Թուրքիան, պատժի փոխարեն, որպես պարգևավճար ստանալու է մեր հազարամյա Հայրենիքը, միջազգային իրավունքի անբեկանելի վճռով առ այսօր մեզ պատկանող, սակայն մեզնից խլված Հայրենիքը: Այսօր խրախուսելու են ջարդարարին, այսօր մեր Հայրենիքը որպես ընծա են փաթեթավորվելու: Փաթեթավորելու են մերոնց իսկ ձեռքերով, մեղա տեր Աստված, մեզանից շատերի մասնակցությամբ, մեզանից շատերի լուռ ու անտարաբեր հայացքների ներքո: Այն, ինչ այսօր պիտի տեղի ունենա Ցյուրիխում, ցեղասպանության խրախուսում է, ուղղակի հրահանգ է ուժեղներին կոտորելու և զավթելու: Հիշո՞ւմ եք ռուս դեսպանի խոսքերը Աբդուլ Համիդին. – Կոտորեցե’ք, Ձերդ գերազանցություն, կոտորեցե’ք: Մեր արյունը ջուր դարձավ: Տեսնե՞ս ստորագրելու պահին թանաքն արյուն կդառնա: Սակայն սա դեռ վերջը չէ: Եթե ոմանց համար սա ներկայացում է, այն էլ տրագիկոմեդիա, գուցեև ֆարս, մեզ համար լինելիության, արժանապատիվ գոյության հարց է: Դեռ մի արար ևս կա, վերջին ու վճռորոշ արարը, մեր վերջին ճակատամարտը: Մենք այդպես ենք: Մենք միշտ հաղթում ենք վերջում: Մենք զիջում ենք անառիկ ամրոցները, սակայն վերջին պահին թշնամուն ջախջախում ենք բաց դաշտում: Այդպես եղավ Սարդարապատում: Այդպես է լինելու նաև հիմա: Ազգային ժողովի դահլիճը մեր նոր Սարդարապատն է: Մենք նահանջելու տեղ չունենք: Մենք պարտվելու իրավունք չունենք: Հնչեցրեք զանգերը: Սա մեր վերջին Սարդարապատն է, հաղթանակի վերջին հույսը: Արա Պապյան Հայաստանի Հանրապետության քաղաքացի 10 հոկտեմբերի 2009թ.

No comments: