Friday, October 16, 2009

Ի՞ՆՉ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ ԵՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրությունները Ազգային ժողովում քննարկման եւ վավերացման ընթացակարգ անցնելուց առաջ դրանց մեջ ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը պետք է որոշի Սահմանադրական դատարանը: Սահմանադրագետ Հրայր Թովմասյանի օգնությամբ եւ մեկնաբանությամբ դիտարկենք արձանագրությունների ստորագրումից հետո անցնելիք ճանապարհը: Հետագա ընթացակարգը նախատեսված է մի մասը միջազգային պայմանագրերի մասին օրենքով, մյուս մասն` Ազգային Ժողովի կանոնակարգ-օրենքով, ապա` սահմանադրությամբ: Սրանից առաջ արձանագրություններն անցել են արդարադատության նախարարության փորձաքննությունը, եւ, ըստ Հ. Թովմասյանի, հիմա արդեն երկրի նախագահը ժամկետային որեւէ սահմանափակում չունի, նրա հայեցողությանն է վերապահված, թե ե՞րբ կդիմի ՍԴ` ոչ մեր օրենսդրությունը, ոչ էլ ստորագրված արձանագրությունները չեն սահմանում, թե ի՞նչ ժամկետներում այս արձանագրությունները պետք է անցնեն ներպետական ընթացակարգերը: Բայց հաջորդ քայլն այն է, որ հանրապետության նախագահը այս արձանագրություններում ամրագրված պարտավորությունների` ՀՀ սահմանադրության համապատասխանության հարցով պետք է դիմի ՍԴ: ՍԴ-ն քննության կառնի դա, իսկ դրա համար ունի բավականին երկար` 6-ամսյա ժամկետ. «Կարծում եմ, որ ինքն ավելի արագ ժամկետում կարող է այս ամբողջը քննարկել եւ դրանից հետո նորից չկա սահմանափակում, թե ե՞րբ հանրապետության նախագահն այդ օրինագիծը վավերացնելու հարցով կդիմի ԱԺ: ԱԺ-ում եւս վավերացման ժամկետներ սահմանված չեն. եթե արտահերթ նիստ կգումարվի այդ հարցով, ապա ավելի արտահերթ ռեժիմով կքննարկվի: Մյուս դեպքերում պետք է մտնի մեծ օրակարգ, փոքր օրակարգ, քննարկվի եւ քվեարկվի: Այս պարագայում նախատեսված է 1 քվեարկություն. քվեարկությանը մասնակցելու համար պահանջվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն կեսը եւ մասնակիցների առնվազն կեսից ավելին կողմ պետք է քվեարկած լինի», ասաց Հ. Թովմասյանը: Այսինքն` առնվազն (եւ միայն-Մ.Խ.) 66 պատգամավոր պետք է մասնակցի քվեարկությանը, նվազագույնը 34 կողմ պետք է լինի այս պարագայում: Պատկերացրեք` պետական եւ համազգային նշանակության այս խնդիրը կարող են լուծել 34 մարդ` իրենց «կողմ» քվեարկությամբ: Դրանից հետո միայն Հայաստանում մոտ ընթացակարգն ավարտվում է, եւ միայն Թուրքիայի հետ այդ վավերագրերը փոխանակելու պահից դրանք կմտնեն ուժի մեջ: Արձանագրությունները ուժի մեջ մտնելուց հետո միայն խոսվում է սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, որտեղ սահմանված է երկամսյա ժամկետ: «Ազգի» հարցին, թե Ազգային ժողովն այդ արձանագրությունների ո՞ր կողմերը պետք է նայի հատկապես եւ կարո՞ղ է վերապահում անել, Հ. Թովմասյանն ասաց. «ԱԺ-ն կամ վավերացնում է, կամ չի վավերացնում: Իսկ Վիեննայի կոնվենցիան արգելում է վերապահում կատարել, թեեւ ԱԺ-ն կարող է իր որոշման մեջ պայմանով վավերացնել, պայմանով վավերացումը մի փոքր այլ է»: Թուրքիայում արձանագրությունների ընդունման եւ վավերացման ընթացակարգն այլ է, այնտեղ չկա նախնական սահմանադրական վերահսկողություն եւ, ի տարբերություն Հայաստանի, այնտեղ արձանագրությունները վավերացվում են օրենքի միջոցով: Այսինքն` կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալիս, եւ օրենք ընդունելու միջոցով են վավերացնում համապատասխան արձանագրությունները, եթե օրենք չընդունվի` դրանք կհամարվեն չվավերացված: Իսկ թե պայման կամ վերապահում օրենքի ընդունման ժամանակ Թուրքիայում կարող է լինել` Հ. Թովմասյանը չկարողացավ միանշանակ ասել, քանի որ Թուրքիան չի միացել միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիային, իսկ միջազգային պայմանագրերի մասին Թուրքիայի օրենքով այդպիսիք նախատեսված չեն, այնպես որ չգիտեր` նման վերապահում կարող են կատարել, թե՞ ոչ: Իսկ որ Թուրքիայի պետական մարմիններում եւ գերատեսչություններում նախնական հավանության գործընթաց կարող է նախատեսված լինել` չի բացառվում, բայց Հրայր Թովմասյանն այդ մասին քաջածանոթ չէր, մեր տեղեկություններովՙ նախարարությունները նախ պետք է հավանություն տան այս արձանագրություններին, ապա կառավարությունն օրենքի նախագիծ ներկայացնի: ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ «ԱԶԳ», 16-10-2009

No comments: