Saturday, October 10, 2009

«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏԻ ՉԷ»

«ԱԶԳ», 10-10-2009- Երեկ «Դե ֆակտո» մամուլի ակումբում «Դաշինք» կուսակցության նախագահ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կանխատեսեց, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանում թափ կառնեն բողոքի ակցիաներն ու հրաժարականների պահանջները: Սամվել Բաբայանը համոզված է, որ նախաստորագրված արձանագրությունները չեն կարող կյանքի կոչվել առանց Ղարաբաղի հարցում փոխզիջման, որը, ըստ նրա, հնարավոր չէ: «Եթե կարող են սահման բացել առանց Ղարաբաղի հարցի, ես ողջունում եմ», ասաց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարն ու ավելացրեց, որ դա քիչ հավանական է, եւ սահմանները կբացվեն միայն Ղարաբաղի հարցում զիջումների գնով: Ըստ Բաբայանի, սակայն, այդ հարցում զիջումների գնալու հնարավորություն չկա: Նա համոզված է, որ Ղարաբաղը հանձնել ոչ մեկը չի համարձակվի: Հայ-թուրքական արձանագրությունները Բաբայանը որակել է թուրքամետՙ նշելով, որ, իր համոզմամբ, դրանց բովանդակությունը չի ձեւակերպվել արտաքին ուժերի ճնշմամբ, այլ առաջացել է հայկական կողմի բանակցությունների արդյունքում: Հարցին, թե արձանագրություններում փոփոխություններ չլինելու դեպքում ինքը կպահանջի՞ Սերժ Սարգսյանի հրաժարականը, Բաբայանը պատասխանել է. «Եթե ազգային խնդրում գնա փոխզիջումների, նրան դեմ եմ գնալու, անպայման: Սերժ Սարգսյանը չլինի, ով ուզում է լինի: Չի կարելի Ղարաբաղի պահով զիջում թույլ տալ, Հայաստանն առեւտրի գոտի չէ»:

No comments: