NEWS.am 14.11.2009 - Թուրքական կառավարության վրա զայրացած ԱՄՆ-ի հրեական լոբբին թուրքերին կպատժի՝ Հայոց Ցեղասպանության հարցին աջակցելով։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը՝ ավելացնելով, որ Իսրայելը շուտով կփորձի նաեւ հարաբերությունները խորացնել նաեւ Հայաստանի հետ։
«Թուրքիան Մերձավոր Արեւելքում ավելի է հզորանում եւ մեծացնում ազդեցությունը։ Դա Իսրայելին դուր չի գա, եւ այդ երկիրը կփորձի դիմակայել հզորացող Թուրքիային»,- համոզմունք հայտնեց փորձագետը։ Ըստ Ռ. Կիրակոսյանի՝ Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացումը շարունակվում է, եւ արդեն «հաջորդ տարի Թուրքիան հնարավոր է նոր սպառնալիք դառնա Իսրայելի համար»:
Փորձագետի խոսքով, Թուրքիան արդեն փոխել է իր արտաքին քաղաքականության ուղղությունը, եւ առաջիկայում ավելի կխորացնի հարաբերությունները Սիրիայի ու Իրանի հետ։ Անդրադառնալով իսրայելա-ամերիկյան հարաբերություններին՝ նա նշեց, որ դրանք որոշակի փոփոխություններ են կրել։ Ըստ Կիրակոսյանի՝ Բարաք Օբամայի եւ Բենիամին Նեթանյահուի միջեւ անձնական հակակրանք կա, որն առաջացել է Օբամայի իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ունեցած դիրքորոշման պատճառով։ Կիրակոսյանի խոսքով՝ հարաբերությունների սառեցմանը նպաստեց նաեւ Պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի վերջին հայտարարությունը, ըստ որի, Վաշինգտոնը ցանկանում է, որ Արեւմտյան Հորդանանում հրեական շինարարությունը ընդմիշտ դադարեցվի։ «Ամերիկա-իսրայելական հարաբերություններում նոր էջ է բացվել, որտեղ Իսրայելն այլեւս Ամերիկայի ֆավորիտը չէ»,- ամփոփեց Ռ. Կիրակոսյանը։
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment