Saturday, November 14, 2009

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանը թույլ կողմ չէ, ինչպես մեզ ուզում են համոզել ոմանք»

REPORT!AM 14.11.2009 - ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի նոյեմբերի 15-ի հայտարարությունը Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական շաբաթ» հաղորդման շրջանակներում Մինչ Ազգային ժողովում քննարկվում է 2010թ. բյուջեի նախագիծը, իշխանական քարոզչական մեքենան շարունակում է «ուղեղների լվացումը»` թմբկահարելով հայ-թուրքական արձանագրությունները և դրանց հետ փոխկապակցված Արցախի շուրջ բանակցությունները` խոստանալով տնտեսական, սոցիալական և քաղաքական շահավետություն: «Ժառանգություն» խմբակցությունն իր պարտքն է համարում դիմել ժողովրդին պարզ ու շիտակ խոսքով. մի տրվեք էությամբ սին խոստումներին, այլ սթափ գնահատեք իշխանության խոսքերն ու գործերը, խոստումներն ու դառը իրականությունը։ 2010թ. բյուջեի նախագիծը ևս մեկ ապացուցում է, որ միայն օլիգարխներին սպասարկող համակարգը ժողովրդին դատապարտում է օրեցօր խորացող աղքատության: 2010թ. աղքատության շեմից ներքև հայտնվելու է 180 հազար մարդ, ինչը 31 հազարով ավել է 2009թ. ցուցանիշից (նշենք, որ աղքատության շեմը 2 անգամ, իսկ նվազագույն աշխատավարձը 1.5 անգամ ցածր է նվազագույն սպառողական զամբյուղից): Դա նշանակում է, որ հարյուր հազարավոր մարդիկ շարունակելու են թերի սնվել: Մասնավորապես, բնակչության կեսին բաժին է ընկնելու օրական 30 գրամ միս: Այդ ընտանիքների գլուխ հանդիսացող տղամարդկանց մեղքը չէ դա, այլ ապաշնորհ կառավարման համակարգի, դրա հիմքը հանդիսացող օլիգարխների անունով երդվող քաղաքական ուժերի, նրանց սեղանից մնացորդ պատառիկներից օգտվող այլ և այլոց: Հայ-թուրքական արձանագրությունները քաղաքական առումով մեղմ ասած տարօրինակ անդրադարձ են ունեցել բյուջեի նախագծի վրա, դուրս թողնելով նախագծից արտաքին քաղաքականության նպատակներից մեկը` Ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այնինչ, Ցեղասպանության ճանաչումն ու Հայրենազրկման դատապարտումը, վերադարձը հայրենիք ժամանակակից միջազգային իրավունքի նորմեր են, ոչ թե տուրք երազանքներին կամ պատմական հուշերին: Այդ իրավունքներն են օգտագործում ժամանակակից պետական գործիչները և իրենց ամենօրյա աշխատանքով երկրի համար տեղ գրավում աշխարհաքաղաքական մանրակերտում` հանդես գալով թեկուզ փոքրածավալ, բայց պայծառ և երկրին ներհատուկ գույնով: Ինչպես մեծն Նանսենն է ասել. «Փոքր ազգերը զարդարում են մարդկությունը, ինչպես աստղերը` գիշերային երկնակամարը»: Արցախյան հիմնահարցի լուծումը ևս գտնվում է իրականության և իրավունքի շրջանակում, այլ ոչ թե բանականության և այսպես կոչված պրագմատիզմի արանքում: Արցախյան հերոսամարտում հայ ժողովրդի ռոմանտիկ զավակներն են հաղթել, համադրելով արդարության բնածին ձգտումը ժողովրդի ոգու հետ, ի հեճուկս բանականության` իրենց կյանքով կերտելով նորանկախ Հայաստանի նորագույն պատմությունը: Հայաստանը թույլ կողմ չէ, ինչպես մեզ ուզում են համոզել ոմանք: Երկիրը ժողովրդի հայրենասեր զավակների շնորհիվ է ուժեղ և նրանց շնորհիվ է հաղթել ու հաղթելու է: Երկիրը թույլ չէ, երկրի օրվա իշխանավորն է ծույլ: Այսօր` ավելի քան երբևէ, արդիական է կոչը «ի գործե, և Աստված մի արասցե, որ օրհասական պահը գա` «ի զեն»: Վասն հայրենիքի, վասն հավատքի, վասն երկիրը պաշտպանող և ապագան կերտող մարդու...

No comments: