Monday, November 16, 2009

ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ՍԵՆՍԱՑԻԱՆ ԱՄՆ-ՈՒՄ

Lragir.am 16.11.2009 - Ապպո Ջաբարյան USA Armenian Life Magazine-ում գրում է, թե նոյեմբերի 3-ին ԼՂՀ նախկին նախագահ, Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը, դրամահավաքի կապակցությամբ, եղել է Լոս Անջելեսում: Մի քանի մասնակիցների փոխանցմամբ, Ղուկասյանն ասել է, թե իր այցելության նպատակը մարաթոնի մասին խոսելն է, սակայն նա հիմնականում կենտրոնացել է հայ-թուրքական արձանագրությունների վրա: Նա ընդունել է, որ արձանագրությունները պարունակում են տարբեր թույլ կողմեր և բացթողումներ: Ղուկասյանն ասել է նաև, որ ինքը քաջատեղյակ է եղել և հասկանում է սփյուռքի դժգոհությունները արձանագրությունների հետ կապված և կիսում է դրանք: Նա նաև ասել է, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը շատ թույլ է և անպատրաստ: Ղուկասյանը նշել է, որ ինքը հասկանում է, որ սփյուռքի հետ երկխոսությունը շատ ուշ է կայացել, որը նույնպես սխալ էր: ԼՂՀ նախկին նախագահը շեշտել է, որ ինքը տասն անգամ ավելի շատ է արտահայտել իր դժգոհությունը Սերժ Սարգսյանին արձանագրությունների հետ կապված, քան սփյուռքը: Նա նաև նշել է, որ “Սերժ Սարգսյանը հավանական է, որ սխալ է գործել, բայց նա ազնիվ և հայրենասեր անձնավորություն է և իր ուսերին մեծ պատասխանատվություն է ստանձնել”, նա կոչ է արել բոլորին սատարել և ոչ թե հակադրվել նրան: Ինչ վերաբերում է Արցախին, ապա Ղուկասյանն ասել է, որ ոչ ոք չի պատրաստվում մի գյուղ անգամ հանձնել: Նա զգուշացրել է, որ եթե Շուշիի համար անհրաժեշտ գումար չհավաքվի, ադրնեջանցիներն անմիջապես կհայտարարեն, որ այն այնքան էլ կարևոր չէ հայերի համար:

No comments: