Lregir.am 14.11.2009 - «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կազմակերպած կլոր սեղանին «Մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը» թեմայով զեկույցով հանդես եկավ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Ստորև ներկայացվում է զեկույցը:
Հայրենիքը վտանգված է: Օրեցօր ահագնացող, երկրին նետված մարտահրավերները և կործանման սպառնալիքը կարող են վերանալ միայն սոցիալական համապարփակ փոփոխությունների շնորհիվ, որը պահանջում է ոչ միայն ազգային ուժերի գերագույն լարում, այլ նաև դրան նախորդող սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն:
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր սկսում է հանդիպումների շարք, որոնց ընթացքում «կլոր սեղանների» ձևաչափով քննարկվելու են հասարակության համար կարևորագույն նշանակություն ունեցող խնդիրներ` քաղաքական, տնտեսական, անվտանգության, հոգևոր ոլորտներում, և որոնց լուծման ճանապարհները պարտավոր ենք մշակել նշված փոփոխություններն իրականացնելու համար: Սա Ազգային փրկության ծրագրի քննարկում է, որի համար հրավիրվելու են ինչպես նշված ոլորտների մասնագետներ, այնպես էլ հասարակության համապատասխան խավերի ներկայացուցիչներ` բանվորներ, գյուղացիներ, մտավորականներ, զինվորականներ, հոգևորականներ: Այդ գործընթացով մենք ձգտելու ենք գտնել և ներկայացնել քաղաքացիական հասարակության, Ազգային խորհրդարանի, Ազգային կառավարության մոդելը, հիմնված համապատասխան, մեր կողմից ներկայացվող հայեցակարգերի վրա:
Ինչպես հայտնի է, «Սարդարապատ» շարժումը կազմավորվելու է և ծավալելու է գործունեություն վերկուսակցական սկզբունքով, համարելով որ երկրում գործող բազմաթիվ կուսակցությունների առկայությունը նպաստում է Ազգի պառակտմանը և տրոհմանը: Սակայն մենք չենք խուսափելու քաղաքական և հասարակական կազմակերպությունների ու խմբակցությունների հետ երկխոսությունից, համագործակցությունից, եթե դա ծառայելու է ազգային համախմբմանն ու վերը նշված խնդիրների լուծմանը: Մեր անդրանիկ հանդիպումը նվիրված է երկրի ու հասարակության սոցիալական վիճակին:
Ութսունական թվականների կեսերին Միավորված Ազգերի Կազմակերպության տվյալներով Խորհրդային Միությունը գտնվում էր աշխարհի զարգացած երկրների երրորդ տասնյակում՝ քաղաքացիների կենսամակարդակով, սոցիալական ապահովության, առողջապահական ծառայությունների, կրթության համակարգի, արդյունաբերության ներքին համախառն արտադրանքի չափանիշերով: Իր հերթին, Խորհրդային վիճակագրության տվյալներով, Միության ներսում Հայաստանը կիսում էր Էստոնիայի հետ առաջին-երկրորդ տեղերը կենսամակարդակի և զարգացման նաև այլ ցուցանիշերի առումով: Այսինքն, ընդամենը քսան տարի առաջ Հայաստանը գտնվում էր մարդկային զարգացման չափանիշերով աշխարհի երկրների մեջ առաջատար դիրքերում, նույն ՄԱԿ-ի սանդղակով գերազանցելով Հունաստանին, Պորտուգալիային, Հարավային Կորեային, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններին:
Էական նշանակություն ուներ երկրի այն տարիների մշակութային ու հոգևոր եռանդուն կյանքը, կենցաղային յուրահատուկ բարոյականությունն ու սոցիալական համերաշխությունը, բարոյական իդեալների շուրջ ձևավորված արժեքային համակարգը, առանց որի հնարավոր չէր լինի ոչ վաթսունականների ազգային զարթոնքը, ոչ էլ ութսունականների-իննսունականների ազատագրական պայքարը: Ներկաներիս մեծամասնությունը դեռևս չի հասցրել մոռանալ այդ իրողությունները:
Ինչի՞ շնորհիվ էր հասել մեր երկիրը նման բարոյական, հոգևոր և տնտեսական զարգացման: Մենք համոզված ենք, որ տնտեսական բարգավաճումն ու սոցիալական առաջընթացը անհնար էր առանց հոգևոր ու բարոյական հասունության:
Ոմանք նշում են, որ դա հնարավոր էր, քանի որ Խորհրդային Միությունն ուներ անսպառ բնական պաշարներ, մեծ հարստություն: Այս փաստարկի հետ կարելի է համաձայնվել մասամբ, քանի որ աշխարհի բազմաթիվ երկրների քաղաքացիներ ապրում էին բարեկեցիկ կյանքով, չունենալով ընդերքի մեծ ռեսուրսներ: Սակայն նույն Խորհրդային երկրի մի շարք այլ հանրապետություններ նույն ժամանակաշրջանում և նույն պայմանների առկայության դեպքում գտնվում էին զարգացման բոլորովին այլ` ցածր մակարդակի վրա:
Հայաստանի երկրորդ հանրապետության հարաբերական բարեկեցիկ վիճակը խարսխված էր զարգացած արդյունաբերության, աննախադեպ բարձր կրթական մակարդակի, գիտական ու տեխնոլոգիական առաջատար ճյուղերի զարգացման, բանվոր դասակարգի կազմակերպվածության, գյուղատնտեսության արդյունավետության և մտավորականների մեծամասնության մարդասիրական և ազգային կեցվածքի վրա:
Հետևաբար, երկրի սոցիալական հաջողությունների ու պարտությունների հիմնական պատճառները պետք էր փնտրել նախևառաջ ազգային ներուժի ներքին կազմակերպվածության և ամենակարևորը` վերնախավի կողմից ձևավորված ազգային նպատակների իրականացման միջոցների, այսինքն` հասարակության մեջ ձևավորված բարոյա-հոգեբանական մթնոլորտի և արժեքային համակարգի մեջ:
Դարերով զրկված լինելով պետականությունից և պետական մտածողությունից, հայ ժողովուրդը գտնվելով օտարի տիրապետության ներքո, պետությունը դիտում էր որպես թշնամական պատժող և կողոպտող մի կառույց, որին պետք էր հնարավորինս դիմակայել, խուսափելով հարկային, մաքսային և այլ տուրքերից, ինչպես նաև պարբերաբար ֆիզիկական ոչնչացումից: Զարմանալի չէ, որ այս տեսակետը հայ հասարակության մեջ արմատավորվեց և իր դրսևորումները գտավ նաև այն ժամանակ, երբ 1991թ. հռչակվեց անկախ Հայաստանի Հանրապետությունը: Կառավարման պետական մեխանիզմը այդ տարիներին և հետագայում նույնպես սեփական ժողովրդին դիտում էր այնպես, ինչպես կայսրությունը` իր հպատակ ժողովուրդներին: Ապագայում պետության կողմից ժողովրդի նկատմամբ կիրառվեցին շահագործման, հարստահարման, վախի մթնոլորտում ժողովրդին պահելու նույն մոտեցումները և մեխանիզմները: Ժողովրդի կողմից այդ ճնշումների նկատմամբ հակազդեցությունը եղավ ընտանեկան, ազգակցական ամուր կապերի դրսևորումը և պետությանը, պետական մեխանիզմներին հակադրվելը, ինչը խիստ բացասաբար անդրադարձավ մեր երկրում քաղաքացիական հասարակության ու դասակարգային համերաշխության դրսևորման խնդրում:
Սոցիալական, բարոյա-հոգեբանական, հոգևոր հետընթացն ու անկումը Հայաստանում սկսվեց և ընթանում էր տնտեսական անկմանը զուգահեռ: Միանգամայն սխալ է այն բացատրությունը, որ հասարակության բարոյազրկումն ու արժեզրկումը հետևանքն էր առկա ծանր տնտեսական պայմանների, ինչը պարբերաբար շրջանառվում է: Այդ տեսակետը սխալ է ի սկզբանե, քանի որ հայ ժողովուրդը իր փառապանծ Արցախյան հաղթանակը նվաճեց տնտեսական ամենածանր պայմանների ժամանակ, երբ երկիրը գտնվում էր տրանսպորտային շրջափակման, երկրաշարժի ու ադրբեջանական սպանդի հետևանքով ազգաբնակչության մեկ քառորդը կազմող փախստականների առկայության պայմաններում:
Ուստի, մեր ազգային անկումն ու սոցիալական հետընթացը սկսվեց ոչ տնտեսական անբարենպաստ իրավիճակի հետևանքով: Այսպես կոչված «մութ ու ցուրտ» տարիները հայոց նորագույն պատմության մեջ փաստվել են որպես աննախադեպ ազգային համերաշխության ու բարձր քաղաքացիական ինքնագիտակցության շրջան: Իրական խնդիրներն ու հետընթացը առաջացան 90-ականների երկրորդ կեսին, հաղթական պատերազմի ավարտից հետո, երբ իշխանությունը սրընթաց սկսեց օտարվել ժողովրդից, երբ կյանքի կոչվեցին տխրահռչակ «մեր դեմ խաղ չկա» կամ էլ «Հայաստանում ընդամենը հինգ-վեց մարդ է իրավասու կարծիք հայտնել Արցախի հարցում» բանաձևերը: Այս իրավիճակը զուգորդվեց քաղաքական ընդդիմադիրների առաջին ճնշումներով, լրատվամիջոցները փակելով և որպես տրամաբանական հետևանք, այն ուղեկցվեց 1996 թվականին կեղծված ընտրություններով և բռնություններով:
Այս ամենը բոլորովին էլ պատահական չէին: Դա գիտակցված քաղաքական ընտրություն էր, որը գործադրեց Հայաստանի երրորդ հանրապետության իշխանավորների առաջին սերունդը: Այս ամենը ուներ մեկ հստակ նպատակ` ստեղծել երկրում նոր ձևավորվող հասարակություն, որտեղ իշխանության հիմքը պետք է կազմեր «Միջին խավ» կեղծանունով հանդես եկող նոր հարուստների խավը: Քիչ հետո կանդրադառնանք այն հարցին, թե ինչու էր կեղծ այս «միջին խավի» գաղափարը: Առայժմ միայն արձանագրենք, որ հենց այդ պահից սկսած, պատերազմի ավարտից անմիջապես հետո իշխանության ջանքերով սկսվեց քաջ-նազարական գեներալների ու քրեական տարրերի օգնությամբ սեփականաշնորհման գործընթաց, որի արդյունքում առաջացավ բազազ-արտեմների խավ, որն էլ ընդամենը երեք տարի անց խժռեց իրեն իսկ ծնած վայ-դեմոկրատներին ու լիբերալներին: Ներկաներիս մեծամասնությունը չի մոռացել, թե ինչպես պնդակազմ թիկնապահների ու կարճամիտ պնակալեզների օգնությամբ բենզալցման կայանների ու մանրածախ տոնավաճառների բաշխումից սկսվեց մեր երկրի թալանը, ինչը հաջորդ իշխանական սերնդի կողմից կատարելագործվեց ու աճուրդի հանվեց և վաճառվեց արդյունաբերական հզոր համալիրները, տրանսպորտը, էներգետիկան, կապը, ընդերքը, և որպես հետևանք այդ ամենի այսօր ունենք այն, ինչ ունենք:
Կիսագրագետ, «արհեստավարժ» դուրսպրծուկների ոհմակը, կատարելով օտարերկրյա պատվիրատուների ցուցումները, հոշոտեց Հայաստանի տնտեսությունը, ազգային հարստության առյուծի բաժինը հանձնելով մի քանի տասնյակ քրեական անձերի, ովքեր կոչված էին կազմելու ապագա կապիտալիստական հասարակության վերնախավը: Եթե այդ քայլը չիմացության արդյունք էր, ապա դա պետական գործիչների համար հավասարազոր է քրեական հանցագործության, եթե կանխամտածված էր` ապա դա գնահատվում է որպես ազգային դավաճանություն և ենթակա է համապատասխան վերաբերմունքի:
Այսօր մեր երկիրը կառավարում են քրեական, ընտանեկան և ազգակցական կապերով ձևավորված կառույցներ, որոնք առաջնորդվում են իրենց իսկ կողմից ստեղծված օրենքներով և «բարոյական» արժեհամակարգով: Երկրում չի գործում Սահմանադրությունն ու օրենքները: Սիցիլիական մաֆիայի կնքահայրերը շատ հեռու են այն իրողություններից, ինչն այսօր առկա է Հայաստանում: Նրանք երազել անգամ չէին կարող, որ կարելի է հաստատել իրենց իշխանությունը երկրի Ազգային ժողովի, ոստիկանության ու բանակի վրա:
Խելագարվել կարելի է, երբ երկրի ոսկու ամբողջ ազգային պաշարը Կենտրոնական բանկի կողմից վաճառվեց մեկ ունցիայի համար երկու հարյուր դոլարի չափով, երբ մի քանի շաբաթ անց ոսկու գինը կտրուկ աճեց և ինը տարի անընդմեջ թանկանալուց հետո այսօր այն անցնում է հազար դոլարի սահմանագիծը մեկ ունցիայի համար: Մինչդեռ այս փայլուն գործարքի հեղինակները ոչ միայն չեն պատժվում կամ գոնե ազատվում աշխատանքից, այլ շարունակում են կառավարել երկիրը: Ո՞ր երկրում քաղաքական գործչին երկրի նախագահը հայտարարում է լրտես, իսկ որոշ ժամանակ անց նա նշանակվում է Նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական: Ո՞ր երկրում երկաթուղին ողջ շարժակազմով, կայարաններով, կամուրջներով, կառամատույցներով վաճառվում է օտարերկրյա ընկերությանը ընդամենը հինգ միլիոն դոլարի դիմաց: Որտե՞ղ է հնարավոր, որ երկրի արտադրական խորհրդանիշ համարվող ապրանքը՝ Հայաստանում Կոնյակի գործարանը, վաճառվում է օտարին շուրջ երեսուն անգամ ավելի էժան, քան նույն գործարանը գնահատվում է արդեն նոր սեփականատիրոջ ներքին փաստաթղթերում:
Հանուն արդարության պետք է խոստովանել, որ հայոց ճարպկությունն անգամ այս վերջին տասնամյակի ընթացքում հասցրել էր հարստացնել ոչ միայն քառասուն-հիսուն ընտանիքների, նրանց սպասավորներով ու թիկնապահներով հանդերձ, այլ նաև միջազգային տնտեսական մտքի պաշարը: Խոսքը գնում է այսպես կոչված «հայկական ռուլետի» մասին, որը կիրառվում էր երկրորդ նախագահի իշխանության օրերին ու ներկայացնում էր իրենից տարրական ֆինանսական բուրգ, ուր խաբված ներդրողների դերում ակամա հանդես էր գալիս ողջ հայ ժողովուրդը և հատկապես դրսում աշխատող մեր հայրենակիցները, որոնք սեփական քրտինքով վաստակում ու հայրենիք` իրենց ընտանիքներին էին ուղարկում տարեկան մեկուկես միլիարդ դոլար, այսինքն պետական բյուջեի կեսից ավելի գումար: Մինչդեռ Կենտրոնական բանկի ու Նախագահի աշխատակազմի երիտասարդ ու կրթված ղեկավարները մոգոնել էին համազգային «ջեբկիրության» մի խայտառակ մեքենայություն, երբ տարադրամի կուրսի ամենօրյա, ավելի ճիշտ գիշերային տատանումների հաշվին ազգաբնակչությունը կորցնում էր ամեն դրամից հինգից-տաս տոկոս, մինչդեռ այս պետական լոտոյի հեղինակները անձամբ էին որոշում փոխարժեքի գինը, այսինքն իրենք էին նշանակում սեփական եկամուտի թվերը, գիշերվա ընթացքում ահռելի գումարներ փոխանակելով միջազգային բորսաներում: Գիշերային կողոպուտի հաշվին օդից, կամ ավելի ճիշտ մեր գրպաններից հափշտակում էին ու կուտակում այսօրվա իրենց վիթխարի հարստության առաջին եկամուտները:
Երկրորդ սերնդի իշխանության մյուս ազգակործան տնտեսական նախագիծը կոչվում էր «քառասուն հազար աշխատատեղ»: Այս մոգական թիվը այնքան էր գայթակղում երկրորդ Նախագահին, որ նա ձեռնամուխ եղավ հանրության աչքին «փչած թոզով» լցնել մի ահռելի ֆինանսական փուչիկ, ներքաշելով երկրում մնացած աշխատուժը այսպես կոչված «էլիտար շինարարության» մեջ: Ընթացքում դատարկվեցին արդյունաբերության, մանր ու միջին ձեռներեցության բազմաթիվ այլ ոլորտներ, որտեղից մարդիկ ստիպված էին հեռանալ ու ընդգրկվել մասնագիտական բարձր որակավորում չպահանջող ու կարճաժամկետ զբաղվածություն ապահովող շինարարության մեջ: Արդյունքում, ընդհատվեցին արդյունաբերության երկարատև արտադրություն ապահովող մյուս ոլորտները, սննկացան բազմաթիվ փոքր արտադրամասերի տերերը, տեղահանվեցին մայրաքաղաքի պատմական կենտրոնի բնակիչները, իսկ նրանց տների տեղում կառուցած գավառական ճոխության կոթող-շինությունները մնացին անավարտ ու չբնակեցված առ այսօր, քանի որ այս տխրահռչակ «էլիտար» շենքերը կառուցող բանվորները իրենց ողջ տարվա աշխատավարձով կարող էին նույն շենքերում ընդամենը մեկ-երկու քառակուսի մետր տարածք գնել, որն անգամ գերեզմանի չափից փոքր է: Այս հերթական փուչիկ նախագիծը պայթեց մեր աչքի առաջ, թողնելով իրենից հետո դեգրադացված ու միակողմանի ուղղվածությամբ աղավաղված տնտեսություն, գործազուրկների նոր հսկայան զանգված ու տնտեսական անգրագիտության արձան հանդիսացող դատարկ էլիտար թաղամասեր:
Զուգահեռաբար, անօրինական կերպով յուրացրած գումարներից շարունակվում էր ուռճացվել ու փքվել այսպես կոչված «ուժային համակարգը», որի ընդերքում աճում էր իշխանության երրորդ սերունդը: Ավելորդ չէ հիշեցնել, որ սա նույնպես արմատավորվել էր դեռևս առաջին կառավարության տարիներին և վերջիններիս ջանքերով, երբ կոռուպցիայի հիմնական ու ամենախոշոր աղբյուրը երկրում դարձավ բանակը, արտոնություն ստանալով առանց ակցիզային վճարումների, այսինքն առանց հարկերի ու տուրքերի ու որևէ հասարակական հսկողության երկիր ներմուծել տարբեր ռազմավարական համարվող ապրանքներ, նախևառաջ` նավթամթերքը: Հենց այստեղ էին կուտակվում ահռելի ու անվերահսկելի ստվերային ֆինանսական միջոցներ, որոնց տերերը ուշ թե շուտ պետք է պահանջեին սեփական բաժինը արդեն ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական կերակրատաշտից: Տաս տարի առաջ կառավարությունը ուշացած մի փորձ արեց սանձել այս նոր աճող վիշապին: Դա ավարտվեց բոլորիս հայտնի դեպքերով, երբ իշխանավորների հանցավոր ամենաթողության արդյունքում, հարստացած ծառաների ու սպասավորների ավազակախումբը որոշեց փոխել սեփական կարգավիճակն ու գազազած շների պես հոշոտեց իր նախկին տերերին:
Այս ընթացքում արքունի պնակալեզ մտավորականներն ու քաղաքագետիկները շարունակում էին պերճախոսել կապիտալիստական դրախտի հիմնասյուն հանդիսացող միջին խավի ստեղծման մասին: Այս գեղեցիկ բնորոշմամբ էին անվանվում արագ ձևավորվող քրեական օլիգարխիան ու նրանց ծառաները: Սա հերթական խայտառակ կեղծիքն էր: Սկսենք նրանից, որ խորհրդային տարիներին Հայաստանը ոչ այլ ինչ էր, քան հենց միջին խավի վառ օրինակ հանդիսացող երկիր: Ինժեներա-տեխնիկական, գիտական ու կրթական, ինչպես նաև առողջապահական ոլորտում աշխատող խավը ազգաբնակչության մեծամասնությունն էր կազմում: Դրանից բացի, միջին խավը անհնար է պատկերացնել առանց գործող արտադրության ու արդյունաբերության, այսինքն առանց բանվոր դասակարգի: Առանց սեփական, ազգային արդյունաբերության զարգացման` ֆինանսա-բանկային համակարգի հաստատումը ցնորք է, ինչպես նաև «միջին խավի ստեղծում» կոչվող պատրանքը: Դրանք ստեղծվում էին միջազգային իմպերիալիզմից մեր պետությանը գաղութային կախվածության մեջ դնելու նպատակով:
Հետայսու, ցավով, բայց և ամբողջ պատասխանատվությամբ պետք է արձանագրել, որ քսանամյա տնտեսական անկման ու հետընթացի արդյունքում Հայաստանը զարգացած երկրի կարգավիճակից անցում կատարեց ոչ թե զարգացող կամ թերզարգացածի կարգավիճակին, այլ հասավ միջազգային կապիտալի համար հումքային և մարդկային ներուժ մատակարարող գաղութի կարգավիճակին:
Մեզ խաբում են, պատճառաբանելով, որ ստեղծված տնտեսական ծանր իրավիճակը Հայաստանի բնական պաշարների սակավության հետևանքն է: Սա հերթական սուտն է, որը օր ու գիշեր բարբաջում են իշխանական հեռուստաալիքները: Ցանկացած հայ գիտի նավթի միջազգային գինը, բայց ո՞վ գիտի մեր հայրենական պղնձի կամ մոլիբդենի գները, որոնք վերջերս աճել են միջազգային շուկայում ոչ թե երեք-չորս անգամ, ինչպես նավթը անցյալ տարի, այլ յոթից-ութ անգամ: Այդ մասին հանրային հեռուստատեսությունը չի խոսում, որովհետև ի տարբերություն նավթի, որը մեզ մոտ չկա, պղինձ ու մոլիբդեն մենք դեռևս ունենք, ինչպես նաև ուրան ու ոսկի, շինանյութ ու հանքային ջուր, որոնց արժեքը օրեցօր աճում է ամբողջ աշխարհում, բայց բոլորովին չի անդրադառնում ոչ ազգային բյուջեի, ոչ էլ սովորական հայ ընտանիքի բյուջեի վրա: Պատճառը պարզ է` Հայաստանի ընդերքը, որն ըստ Սահմանադրության պատկանում է ժողովրդին, վաղուց օտարված ու վաճառված Է օտար ու սեփական գիշատիչներին ճիշտ այնպես, ինչպես օտարված ու վաճառված է Հայաստանում իշխանությունը, որը համաձայն նույն Սահմանադրության, նույնպես պետք է պատկանի ժողովրդին:
Մեր երկրի նորագույն սոցիալ-տնտեսական պատմությունը մի օր դառնալու է դասագրքերի ուսումնասիրության առարկա` թե ինչպես պերճախոս տգետների, դավաճանների ու գողերի մի խումբ կարողացավ քսան տարում հափշտակել ու թշվառության եզրին հասցնել երբեմնի ծաղկուն ու երջանիկ երկիրը:
Եվ այս աննախադեպ պետական թալանի արժանի պսակն է հանդիսանում մեր իշխանատենչ ու վաճառված վաճառականների վերջին գործարքը` այսպես կոչված հայ-թուրքական արձանագրությունները, տխրահռչակ մադրիդյան սկզբունքներով: Իրականում կատարվում է հետևյալը. քամելով ու հափշտակելով Հայաստանի արդյունաբերությունը, վաճառելով բնական պաշարները օտարներին, դուրս մղելով երկրից ազգաբնակչության մեկ երրորդը, իշխանություններն այժմ անցան այս աճուրդի վերջին փուլին, սակարկելով ազատագրված տարածքները, ազգի պատմությունն ու արժանապատվությունը, ու գործարք կապելով մեր պատմական ոխերիմ թշնամու հետ:
Ո՞րն է ելքը այս աղետից:
Խոսենք դեռևս միմիայն սոցիալ-տնտեսական աղետի մասին: Աշխարհը փնտրում ու գտնում է ճգնաժամը սանձելու դեղատոմսեր, որոնք ի դեպ վաղուց հայտնի են: Դրանցից գլխավորն այն է, որ կտրուկ պետք է փոխվի տնտեսական քաղաքականությունը: Ինքնապաշտպանական բնազդից ու ազգային անվտանգության շահերից ելնելով` գերտերությունները ստիպված են շտապ պետականացնել, ազգայնացնել խոշորագույն արտադրություններն ու գործարանները, բանկերը ու ապահովագրական հիմնադրամները` այսինքն կիրառել այն տնտեսական միջոցները, որոնք բնորոշ են սոցիալիստական համակարգին: Նման բան արդեն եղել է քսաներրորդ դարում, երբ երեսունական թվականների ահավոր սննկացումներից ու ֆինանսական աղետից հետո, ԱՄՆ Նախագահ Ռուզվելտը փաստորեն պետականացրեց ողջ տնտեսությունը, փրկելով իր երկիրը փլուզումից: Սակայն մեր երկրի ղեկավարները, որոնք քսան տարի շարունակ կուրորեն հետևում էին վայրի կապիտալիզմի ջատագովների խորհուրդներին, այժմ դարձան խուլ ու համր, շարունակելով այդ նույն աղետալի քաղաքականությունը, որից հրաժարվում են նրանց օտարերկրյա պատվիրատուները: Եվ սա զարմանալի չէ, քանի որ նրանց տերերը նախ և առաջ առաջնորդվում են ազգային շահերով, իսկ տեղական սպասավորները չունեն այլ շահ, սեփական հարստությունն ու իշխանությունը պահպանելուց զատ:
Մեր աչքի առաջ աղքատ ու թշվառ համարվող Լատինական Ամերիկայի երկրները մեկը մյուսի ետևից կատարում են սոցիալական հեղափոխություն, պետականացնելով ու ազգայնացնելով երբեմնի գողացված տնտեսությունը, ժողովրդին վերադարձնելով տարիներ առաջ օտարներին վաճառված բնական պաշարներն ու ընդերքը: Վենեսուելայի առաջնորդ Հուգո Չավեսն ու Բոլիվիայի Նախագահ Էվո Մորալեսը հաշված ամիսների ընթացքում պետական մասնաբաժինն ու եկամուտները նման արտադրություններում սահմանադրական փոփոխությունների շնորհիվ հինգ-վեց տոկոսից հասցրեցին մինչև յոթանասուն-ութսուն տոկոս, դուրս հանելով իրենց երկրներն ու ազգերը գաղութային աղքատությունից ու թշվառությունից: Իսկ Հայաստանում, հենց այսօր նույն թափով ու եռանդով շարունակվում է գաղութացման ու համատարած կողոպուտի գործընթացը, բնական պաշարների ու ընդերքի վաճառքն ու թալանը։ Ավելին` փոքր ու անպաշտպան ներքին շուկան, թույլ զարգացած ազգային արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը զոհաբերվում է Թուրքիայի քաղաքական ու տնտեսական ագրեսիային: Այս դավաճանության գինը դարեր շարունակ մնում է նույնը` երեսուն արծաթ:
Ինչո՞ւ է այսօր մեր երկիրը գտնվում այդքան անպաշտպան ու անզոր վիճակում: Պատճառները բազմաթիվ են. դա և հասարակության պառակտվածությունն է և քաղաքական կուսակցությունների ու մտավորականության թուլությունն ու ծախվածությունը և իշխանության ներսում տիրող կուրացնող ագահությունն ու օտարերկրյա գործակալների առկայությունը և վաճառականներից բաղկացած խորհրդարանի ճչացող անհամապատասխանությունը իրենց բուն առաքելությանը: Այս օրհասական պահին առավել ապակողմնորոշիչ ու վնասակար դեր է ստանձնել մեզանում արդեն համարյա «պետական» դարձած ընդդիմությունը, որն երկու կարևորագույն հարցերում փաստորեն միաձուլվել է իշխող համակարգի սկզբունքային մոտեցումներին:
Դրանցից առաջինը` սոցիալ-տնտեսական քաղաքականությունն է: Սկսած երրորդ հանրապետության առաջին Նախագահից մինչև այսօր, Հայաստանի տնտեսությունը ընթանում էր խոշոր սեփականատերերի դասակարգի ստեղծման, սոցիալական խորը բևեռացման, ազգային հարստության ու ներքին համախառն արտադրանքի խիստ անհավասար վերաբաշխման ուղիով: Քսան տարվա ընթացքում երկրում հաստատվեց սոցիալական անարդարության վրա հիմնված համակարգ, ուր միջին օղակի կաշառակեր պաշտոնյան կարող է տարեկան կողոպտել շուրջ տասը հազար անգամ ավելի գումար, քան վարձատրվում է դպրոցի ուսուցիչը, շինարար բանվորը կամ պոլիկլինիկայի բժիշկը: Սոցիալական բևեռացման այսպիսի խայտառակ մակարդակ, այն էլ այսպիսի կարճ ժամկետներում և աշխարհաքաղաքական այսպիսի վտանգավոր վայրում ու ժամանակահատվածում իրեն թույլ չի տվել ոչ մի աֆրիկյան բռնապետություն իսկ: Իսկ ինչպիսի ելք է առաջարկում այս աղետալի վիճակից ընդդիմություն դարձած առաջին իշխանական սերունդը: Պաթետիկ հռետորության ետևում նշմարվում են միայն ներկայիս օլիգարխներին սեփական «քաղաքակիրթ» օլիգարխներով փոխարինելու խոստումները, հարկային դաշտի բարելավման ու լիբերալ կապիտալիզմի զարգացման նորանոր ծրագրերը: Այսքանը և վերջ: Այսինքն սոցիալական հեղափոխության փոխարեն առաջարկվում է աթոռ-սեղանային տեղափոխություն: Խոսք էլ չի գնում հասարակական ցանկացած ընդվզման հիմնական խնդրի` սոցիալական արդարության վերականգման մասին: Այլ կերպ ասած` խոսք չի գնում հանրային սեփականության վերաբաշխման, դրա մեծ մասի ազգայնացման հիմնահարցի մասին: Եվ դա հասկանալի է, քանզի «պետական» դարձած ընդդիմությունը այս նույն սոցիալ-տնտեսական աղետալի քաղաքականության հիմնադիրն է ու ջատագովը: Այս առումով նախագահական պալատի երկրորդ և երրորդ բնակիչները ընդամենը շարունակում էին կատարել իրենց նախկին «շեֆի» տնտեսական քաղաքականությունը` իհարկե սեփական մտավոր կարողությունների սահմաններում ու անձնական անսահման ագահության վերապահումներով:
Նույն պատկերն է տիրում նաև երկրորդ կարևորագույն ոլորտում, ուր ներկայիս իշխանության ու «պետական» ընդդիմության մոտեցումները գրեթե նույնն են: Խոսքը արտաքին քաղաքականության, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև արցախյան հակամարտության կարգավորման մասին է: Մեր խնդիրն այսօր այլ է, ուստի սահմանափակվենք միայն նրանց մոտեցումների սկզբունքային նմանությունը արձանագրելով և հարց տանք` անձնական հակակրանքից զատ ի՞նչ տարաձայնություններ ունեն այսօր երկրիս երկու հիմնական քաղաքական ճամբարների վերնախավերը:
Պահն է համապատասխան եզրակացություն անել այս իրավիճակից դուրս գալու համար և քաջություն ունենալ ասելու ժողովրդին այս ճշմարտությունը: Միայն դրանից հետո հասարակության գիտակցությունը կազատվի պայքարի հաջորդ փուլը սկսելու համար: Այդ պայքարը պետք է վերականգնի Հայաստանում խաթարված սոցիալական արդարությունը, վերադարձնի ժողովրդին քաղաքական իշխանությունը, տնտեսական անկախությունը, քաղաքացիական ազատությունը և ազգային գաղափարախոսությունը, առանց որի անհնար է կերտել մեր երազած բարոյական, ազատ, անկախ ու միացյալ հայրենիքը: Բռնատիրությունը պետք է տապալվի:
CARTHAGINEM ESSE DELENDAM!
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment