Wednesday, November 18, 2009

Ռիչարդ Արմիտաջ. Թուրքիան կարող է միաժամանակ ԱՄՆ-ի եւ Իրանի բարեկամը լինել

/PanARMENIAN.Net/ 18.11.2009 - ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Արմիտաջը մեղմացրեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշման շուրջ առաջացած լարվածությունը: Նա համոզմունք հայտնեց, որ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Թուրքիան ընդունակ է լուծել այդ հարցը: ՙԿան շատ Իրանի հետ կապված հարցեր, եւ այդ հարցերի մեծ մասը վերաբերում են նաեւ այն հարցին, թե արդյոք Թուրքիան կկարողանա միաժամանակ ԱՄՆ-ի եւ Իրանի բարեկամը լինել: Իմ պատասխանն է` այո՚,- Անկարայում հայտնեց Արմիտաջը Ամերիկա-թուրքական խորհրդի (ԱԹԽ) նախագահ Բրենտ Սքոուքրոֆտի հետ համատեղ մամլո ասուլիսում: Նրա խոսքով, ԱՄՆ համար բարեկամական հարաբերությունները կարող են տհաճ լինել Անկարայի համար եւ հակառակը: ՙԴա նորմալ երեւույթ է: Կարծում եմ` Իրանի հարցում Անկարան գիտի, թե ինչ է անում՚,- նկատեց ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալը: Բրենտ Սքոուքրոֆտն իր հերթին նշեց, որ Իրանի միջուկային ծրագիրը չի նպաստելու տարածաշրջանային կայունությանը: ՙՄենք չենք փորձում ավերել Իրանը, մենք ջանում ենք նրան ինտեգրել որպես տարածաշրջանային արդյունավետ խաղացող՚,- ասաց ԱԹԽ նախագահը: Անդրադառնալով թուրք-իսրայելյան հարաբերություններին` Ռիչարդ Արմիտաջն ասաց, որ Թուրքիայի ու Իսրայելի միջեւ լարվածությունը ժամանակավոր է, գրում է թուրքական Today's Zaman թերթը:

No comments: