Wednesday, November 18, 2009

ՆԱՏՕ-ում խոսել են ադրբեջանական հակերների՝ հայկական կայքերի վրա հարձակումների մասին

Tert.am. 18-11-2009- «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը Հայաստանի հանրապետական կուսակցություն խմբակցությունից պատգամավորներ Կարեն Ավագյանի, Արտակ Զաքարյանի և ԱԺ աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության աշխատակից (պատվիրակության քարտուղար) Զաբելա Ղազարյանի հետ միասին նոյեմբերի 13-17-ը Միացյալ Թագավորության Էդինբուրգ քաղաքում մասնակցեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի աշխատանքներին։ Ինչպես հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայությունը, նոյեմբերի 14-ին Ստյոպա Սաֆարյանը, մասնավորապես, ելույթ ունեցավ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվում էր «Ապագա անվտանգության և պաշտպանական կարողությունների» ենթահանձնաժողովի պատրաստած «ՆԱՏՕ-ն և կիբեր-պաշտպանությունը» զեկույցը։ Իր ելությում Սաֆարյանը խոսել է վերջին շրջանում ադրբեջանցի հակերների հարձակումների մասին հայկական տարատեսակ կայքերի վրա։ «Հարգարժան Սվերե Միրլին «ՆԱՏՕ-ն և կիբեր-պաշտպանությունը» զեկույցի ներկայացման ժամանակ հիշատակեց, որ. «որոշ կառավարություններ օգտագործում են ոչ ֆորմալ խմբեր հակառակորդի վրա կիբեր-հարձակումներ իրականացնելու համար»։ Դժվար է ասել, թե արդյո՞ք Ադրբեջանի դեպքում գործ ունենք հենց այդ մեխանիզմի հետ։ Եթե անգամ այդ կիբեր-հարձակումները ադրբեջանական կառավարության ցուցումով չեն իրականացվել, ապա մի բան ակնհայտ է. Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը, հակամարտության արդյունքները ետ շրջելու պաշտոնական Բաքվի անթաքույց նպատակը, հակահայկական թշնամանքի ուժգնացումը, այդ ուղղությամբ պետական տևական ու հստակ քարոզչությունը, աճող ազգայնականությունը պարարտ հող են ստեղծում ու գաղափարապես մոտիվացնում նման խմբերին», – հայտարարել է Սաֆարյանը։ Նա ասել է, որ գլոբալ անվտանգության համատեքստում, նման հայեցակարգերը գործընկեր երկրների, ՆԱՏՕ-ի համար ռազմավարական նշանակության տարածաշրջանների վրա պրոյեկտելու խնդիր կա։ «Ինչպես գիտեք` մեր երկրները, իբրեւ ՆԱՏՕ-ի գործընկեր պետություններ, ներգրավված են ամենատարբեր նախաձեռնություններում` «Գործընկերություն հանուն խաղաղության», «Գիտություն հանուն խաղաղության» և այսպես շարունակ։ Կարծում եմ` կիբեր-անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների հետ նման մի նախաձեռնություն գործարկելու պահն արդեն հասունացել է, ինչը թույլ կտա սահմանել ոչ միայն ՆԱՏՕ-անհատական երկիր երկկողմ համագործակցությունը, այլև գործընկեր պետությունների համար ամրագրել բազմակողմ պարտավորություններ` ձեռնպահ մնալու կիբեր-տարածությունում պատերազմական և ագրեսիոն բնույթի գործողություններից, որոնք ժամանակակից աշխարհում, որպես կանոն, նախորդում են իրական պատերազմներին։ Այդպիսի նախաձեռնությունը ՆԱՏՕ-ի լավագույն ներդրումներից մեկը կլինի նոր պատերազմները կանխարգելելու գործում», – նշել է ՀՀ ԱԺ պատգամավորը։

No comments: