Panorama.am 13.11.2009 - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` կապված ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հետ: Այս մասին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նշելով, որ այս տարի հեռուստամարաթոնը նվիրված է մեզ համար առանձնակի նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը, երկրի ղեկավարը ներկաներին կոչ է արել պատշաճ մակարդակով անցկացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները և պարբերաբար զեկուցել ձեռնարկված միջոցների մասին: Միաժամանակ Բակո Սահակյանը կարևորել է մեր հանրապետության բնակչության առավել ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը:
Նախագահն ընդգծել է, որ այս տարի մարաթոնի նախապատրաստական աշխատանքները Սփյուռքում իրականացվել են փոքր-ինչ այլ ձևաչափով. Մոսկվայում մեր հայրենակիցների հետ ընդլայնված հանդիպմանը ներկա է եղել հանրապետության Նախագահը, Ֆրանսիա է մեկնել ԱԺ նախագահը, իսկ ԱՄՆ կմեկնի վարչապետը: Հաշվի առնելով այդ հանգամանքը, ԼՂՀ-ում նշված գործընթացի համակարգումը երկրի ղեկավարը հանձնարարել է փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանին:
Այնուհետև Նախագահն անդրադարձել է ջրամատակարարման և հեռահաղորդակցության ոլորտներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև այս տարվա բերքահավաքի արդյունքներին` գնահատելով այն հաջողված, չնայած բազմաթիվ բնական աղետներին: Նշված հարցերի շուրջ զեկուցումներով հանդես են եկել համապատասխան գերատեսչությունների ղեկավարները:
Խորհրդակցությանը մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը և պաշտոնատար այլ անձինք:
Friday, November 13, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment