Panorama.am 14.11.2009 - Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը պատմական քայլ է, որը կարող է օգուտներ բերել երկու կողմերին էլ: Թուրքիայի խորհրդարանում դրանց վավերացումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապելը բացառվում է: Այս տեսակետն արտահայտել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը` օրերս Անկարա կատարած այցելության ընթացքում: Այս մասին հաղորդում է թուրքական «Զաման» թերթը:
«Մենք գտնում ենք, որ կարգավորումը կարևոր է: Եվ այն չպետք է կապված լինի մեկ այլ գործընթացի հետ»,- թերթի համաձայն, հայտարարել է Ֆիլիպ Գորդոնը:
ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի հայտարարության մեջ ակնհայտորեն որևէ նորություն չկա: Այս դիրքորոշումը պաշտոնական Վաշինգտոնը հնչեցրել է բազմիցս, այդ թվում` թե նախագահ Օբամայի, թե պետքարտուղար Քլինթոնի մակարդակով:
Ասել է թե` դիրքորոշման վերահաստատման այս փաստ չպետք է զարմանք հարուցի: Մինչդեռ զարմանքն ավելի վաղ էր տեղ գտել, երբ երեկ` նոյեմբերի 13-ին, ադրբեջանական լրատվամիջոցները` մեկը մյուսի հետևից, սկսեցին շրջանառել տեղեկատվություն, թե իբր Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ «առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Թուրքիայի խորհրդանը դժվար թե վավերացնի արձանագրությունները»:
Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական քարոզչամեքենայի` իրականությունը խեղաթյուրելու հերթական փորձը կրկին ձախողվեց: Ուշագրավն այս դեպքում այն է, որ ազերի եղբայրների հերյուրանքները հերքում են թուրքական լրատվամիջոցները, ի դեմս «Զաման» թերթի:
Ինչ վերաբերում է Ֆիլիպ Գորդոնի հայտարարություններին (որոնք անկասկած առավել ճիշտ ներկայացված են «Զաման»-ում, քան` «1նյուզ.ազ»-ում, կամ «Դեյ.ազ»-ում), ապա կարելի է չկասկածել, որ դրանք բովանդակային առումով չեն կարող հակասության մեջ լինել այն պաշտոնական տեսակետներին, որոնք հնչեցրել են Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը:
Իսկ նրանք, ինչպես հիշում ենք, ասել և անհրաժեշտության դեպքում կրկնել են, որ հայ-թուրքական կարգավորումը որևէ այլ գործընթացի հետ փոխկապակցելն անընդունելի է:
Saturday, November 14, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment