Saturday, November 14, 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված չէ միայն հակամարտող կողմերից. փորձագետ

Tert.am 14.11.2009 - Միացյալ Նահանգների նախագահի նախկին հատուկ խորհրդական Մարկ Մեդիշը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը կախված չէ միմիայն հակամարտող կողմերից։ «Որպես մարդ, ով աշխատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների շուրջ Քլինթոնի վարչակազմի օրոք, ես վաղուց կարծում էի, որ կարգավորման փոխադարձ ընդունելի լուծումը հնարավոր է ձեռք բերել, բայց, ցավոք, տարբեր մայրաքաղաքներում օպորտունիստական քաղաքական հաշվարկներն արգելափակել են այն»,- նշել է փորձագետը։ Խոսելով Հարավային Կովկասում կայունության պայմանների մասին՝ Մեդիշը նշել է, որ հակամարտող կողմերը հասկացել են, որ առճակատման ճանապարհը չափազանց վտանգավոր է և չի բխում ոչ մեկի շահերից։ Նրա խոսքով՝ սառեցված հակամարտությունների ապասառեցումը, ինչպես դա արեցին Վրաստանն ու Ռուսաստանը նախորդ տարի, կարող է վերածվել «Պանդորայի արկղի»։ «Այդ իսկ պատճառով ջանքերը կրկին պետք է կրկնապատկվեն տարածաշրջանի բոլոր հակամարտությունների բանակցային, խաղաղ հանգուցալուծման համար՝ միջազգային միջնորդների օգնությամբ, այն մակարդակով, որը որ անհրաժեշտ է»,- Մեդիշի խոսքերն է մեջբերում Trend-ը։ Մեդիշը նաև մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի կասկածները, որ առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում առաջընթացի՝ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն Թուրքիայի խորհրդարանի կողմից։ «Ինձ համար դժվար է կանխատեսել ԱՄՆ Կոնգրեսի պահվածքը, այդ իսկ պատճառով ես կցանկանայի զգուշանալ իմ հայտարարություններում՝ երկու երկրների խորհրդարանների վերաբերյալ։ Ամեն դեպքում, հայ-թուրքական հարաբերությունները հարկ է ողջունել որպես տարածաշրջանի կայունացման և ինտեգրման ուղղությամբ տարվող քայլ»,- եզրափակել է վերլուծաբանը։

No comments: