Saturday, November 14, 2009

«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԵՐԿՐՈՐԴ ԻՐԱՆՑԻ ՀԵԳՆԱԿԱՆ ՏՈՆՈՎ ՀԱՐՑՆՈՒՄ ԷՐ. «ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱ՞ՐԿՂԸ ՆԵՏԵՑԻՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ»

«ԱԶԳ», 13-11-2009- Հոկտեմբերի 20-ին Իրանի մայրաքաղաքում մեկնարկել է մամուլի միջազգային 16-րդ փառատոն-ցուցահանդեսը: Ներկայացված մի քանի 10-յակ երկրների թվում էին նաեւ Հայաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը: Հայաստանը ներկայացնում էին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն ու իրանագետ Էմմա Բեգիջանյանը: Ցուցահանդեսի արդյունքներից Բեգիջանյանը գոհ է: Բացի մամուլի ցուցահանդեսից, այցելուների դատին է հանձնվել նաեւ երեւանյան տեսարանները պատկերող CD: - Ցուցահադեսում ներկայացել էր նաեւ Ադրբեջանը: Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ խնդիրներ չառաջացա՞ն: - Ադրբեջանը հսկայական տաղավար ուներ: Ներկայացված էին երկրի խոշորագույն` Trend, Azer press գործակալությունները: Բացահայտ հակահայ քարոզչություն էին ծավալում: Օրինակՙ ցուցահանդեսին ներկայացրել էին գրքեր, թե իբր հայերը ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանություն են գործել: Իհարկե, իմ միջամտությամբ ցուցահանդեսի կազմակերպիչներն արգելեցին գրքերը ներկայացնել: Ադրբեջանցիների թշնամությունն ու լարվածությունը նկատել էին նաեւ պարսիկները: Ադրբեջանցի այցելուները հաճախ էին մեզ հետ կոնֆլիկտի բռնվում Արցախի առումով. իհարկե, մեր հակահարվածը ոչ թե այն էր, թե ով կարող է ավելի բարձր բղավել, այլ ավելի կշռադատված մեր դիրքորոշումը ներկայացնել: Եթե ինչ-որ մեկը գնում է նմանատիպ ցուցահանդեսների, հանդիպումների, պետք է իմանա ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ տարածաշրջանի պատմությունը, այլապես չափազանց դժվար կլինի: Ադրբեջանի դեսպանատանից ամեն օր գալիս էին իրենց տաղավարը, 10 օր Իրանում էինք, մինչդեռ Հայաստանի դեսպանատնից որեւէ մեկը չեկավ: Այնտեղ միայն թերթ չես ներկայացնում, այլ քո երկիրը, ու պատասխանատվությունը մեծ է: - Ցուցահանդեսի ընթացքում հանդիպել եք բազմաթիվ իրանահայերի: Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը: - Իրանահայերը զայրացած էին, մտահոգված, լարված: Անցյալ տարի մեր տաղավարի իրանահայ այցելուները սակավաթիվ էին: Այս տարի շատ ակտիվ էին: Դա առաջին հերթին պայմանավորված էր հայ-թուրքական հարաբերություններով: Այլ հարցեր նրանք չէին տալիս: Իրանահայերի շրջանում լսեցի երկու կարծիք: Մեծամասնությունը դեմ էր հայ-թուրքական արձանագրություններին, մինչդեռ համայնքի ներկայացուցիչները համաձայն էին իշխանության տեսակետին: Նրանք համոզված էին, որ արձանագրություններում չկա Կարսի պայմանագիրը, Ղարաբաղյան հարցը, եւ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա Հայաստանի համար: Ոչ միայն իրանահայերն էին չափազանց բուռն արձագանքում, այլեւ պարսիկ այցելուները: Յուրաքանչյուր երկրորդ իրանցի հեգնական տոնով հարցնում էր. «Պատմության աղբա՞րկղը նետեցիք Հայոց ցեղասպանության հարցը», ու հավելում, որ դա պատմական անցյալ է: Որպես պատասխան մատնանշում էի իրենց պատմական անցյալն ու դրվանգները, որ մի քանի հարյուր տարի անց էլ չենք մոռացել: Նրանց բացատրում էի, որ չենք կարող մոռանալ ցեղասպանությունը, որովհետեւ այն մեր ինքնությունն է: Մենք կողմ ենք հարաբերություններին, բայց ոչ մեծ կորուստների գնով, եւ եթե նախապայմաններ լինեն, հայերը չեն համաձայնի: Շատերն էլ հետաքրքրվում էին ղարաբաղյան հակամարտությամբ եւ երկրի պատմությամբ: Ես էլ նրանց հորդորում էի հետաքրքրվել, թե երբ է Ադրբեջանը որպես երկիր հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եւ երբ է հայտնվել Հայաստանը: Եթե այս հարցի պատասխանը իմանան, կհասկանան, թե ով է ներկայացնում ճշմարտությունը: - Ասացիք, որ ցուցահանդեսին մասնակցում էր նաեւ Թուրքիայի պատվիրակությունը: Ինչպիսի՞ն էին թուրքերի եւ ադրբեջանցիները հարաբերությունները: - Չէի ասի, որ ադրբեջանցիները թուրքերին վատ էին վերաբերվում: Չափազանց ջերմ էին ու միշտ միասին էին: Երբ պարսկերենով իրենց կայքէջերը կարդում եմ, չեի ասի, որ երկու երկրների միջեւ խնդիրներ կան: Ընդհակառակըՙ վերջերս Թուրքիայի ցամաքային ուժերի ղեկավարն էր այցելել Ադրբեջան ու վստահեցնում էր, որ ամեն կերպ օգնելու են ադրբեջանական զորքին: - Այսինքնՙ ներկայացվող տեղեկատվությունը, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ կան, հորինվա՞ծք է: - Չեմ կարող ասել, որ հատուկ է ասված, հորինվածք է: Դա նկատի չունեի: Պարզապես ցուցահանդեսի անցկացումն ու Էրդողանի այցը Իրան համընկան: Էրդողանը իջեւանել էր այն հյուրանոցում, որտեղ ցուցահանդեսի մասնակիցներն էին: Ադբեջանցիները Թուրքիայի վարչապետին այնպես դիմավորեցին, կարծես հարազատի էին տեսնում: Եթե մեր հանդեպ թշնամանք էին տածում, որ նկատելի էր, ապա արձանագրությունների ստորագրումից հետո բնական էր, որ Թուրքիայի հանդեպ պետք է գոնե սառնություն լիներ, բայց դա չերեւաց: Դա չեմ կարող բացատրել: Գիտեմ մի պարզ ճշմարտություն: Ոչ ոք իր երեխային չի գցի օտարի համար: Իսկ Ադրբեջանը Օսմանյան Թուրքիայի ծնունդն է: - Ինչո՞վ էր պայմանավորված Էրդողանի այցը Թեհրան: Ինչպիսի՞ն են Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները: - «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանության գալուց հետո կարելի է ասել, որ Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները բարելավվել են: Տնտեսական փոխհարաբերություններն ընդլայնվել են, նեդրումներ են կատարվում: Էրդողանի հետ Իրան էր այցելել 200 գործարարների պատվիրակություն: Նավթային եւ գազային ոլորտներում պայմանագրեր են կնքել: Թուրքիան պատրաստվում է ներդրումներ կատարել Իրանում գազային արդյունահանության ոլորտում: Երկու երկրների տնտեսական փոխհարաբերությունների ծավալը 11 մլրդ է: Կարծիք կա, որ 10 տարվա ընթացքում դառնա 36 մլրդ: Ընդհանուր առմամբ փոխհարաբերությունը լավ են: - Տարածաշրջանում ի՞նչ կփոխվի հայ-թուրքական հարաբերությունների բարելավումից եւ սահմանի բացումից: - Թուրքիան եւ Իրանը Խորհրդային Միության փլուզումից հետո Անդրկովկասում եւ Միջին Ասիայում մրցակցել են իրենց ազդեցությունը տարածելու հարցում: Մինչեւ հիմա անդրկովկասյան հանրապետություններից Թուրքիան հսկայական ազդեցություն ունի Ադրբեջանում, բավական սերտ են հարաբերությունները Վրաստանի հետ: Իսկ Իրանը շատ լավ հարաբերություն ունի Հայաստանի հետ, իհարկեՙ լավ հարաբերություններ ունի նաեւ Ադրբեջանի հետ, մինչդեռ Վրաստանի հետ, հատկապես ամերիկյան, արեւմտյան կողմնորոշումից հետո, հարաբերություններն ավելի սառեցին: Եթե հայ-թուրքական հարաբերություններն իրականություն դառնան, տարածաշրջանային առումով դա կնպաստի, որ իրանցիներն ավելի սերտ հարաբերություններ ունեն Հայաստանի հետ, ներդրումներ կատարեն: Այդ առումով սահմանի բացումը խթան կլինի: - Նկատի ունեք, որ տարածաշրջանում գերիշխողի դիրքի համար կսկսվի մրցակցություն, ու Հայաստանը շահավետ դիրքո՞ւմ կհայտնվի: - Բացահայտ պայքար երբեք չի եղել, երկու կողմերն էլ ժխտում են, որ նման մրցակցություն կա, բայց իրականում մրցակցությունը կա, եւ պայքար կգնա: Գուցե սահմանի բացումից հետո միակ նպաստավոր բանը կլինի այն, որ իրանցիները կուզեն ավելի ակտիվ տնտեսական գործունեություն ծավալել, եթե մինչեւ հիմա լուրջ ներդրումներ չեն արել, գուցե հիմա կատարեն, ու մեծ ծրագրերի իրականացումը, օրինակՙ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, ավելի արագացվի: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: