Monday, November 16, 2009

Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպությունը քննադատում է Տեր-Պետրոսյանին

NEWS.am 16,11,2009 - «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը նոյեմբերի 16-ին հանդես է եկել ծավալուն հայտարարությամբ՝ քննադատելով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ նոյեմբերի 11-ին կոնգրեսի ակտիվի ժողովում ունեցած ելույթը: «Դժվար է համաձայնել ելույթում բերված մի շարք կարեւորագույն խնդիրների վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից հնչեցրած գնահատականներին»,- նշել է նախաձեռնությունը եւ հավելել. «Իշխանությունների կողմից ժողովրդի նկատմամբ կիրառած բռնությանը Կոնգրեսի ղեկավարությունը հակադրեց աստիճանական մարող եւ ժամանակավոր դադարի մարտավարություն: Իշխանությունների ուժային, կոշտ քայլերին Կոնգրեսի ղեկավարության կողմից „սպասողական“ նման կեցվածք որդեգրելուց հետո որքա՞ն է բարոյական ժողովրդին մեղադրել անտարբերության, պայքարից հետ կանգնելու կամ թուլակամության մեջ»: Ըստ ՀԿՀ-ի՝ «դեռեւս առաջին Նախագահի օրոք ընտրված սխալ հայեցակարգային մոտեցումները եւ ընդդիմության ընտրած ներկա սխալ մարտավարությունը Հայաստանի Հանրապետության իշխող վարչախմբին եւ հայությանը օտարները պարտադրում են գնալ անընդունելի զիջումների, որը հղի է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ տարածաշրջանի համար անկանխատեսելի հետեւանքներով»,- ասված է հայտարարության մեջ: «Հայ կամավորականների համախմբում»-ը հայտարարել է նաեւ, թե առաջնորդը չի կարող լինել պակաս վճռական, քան այն ժողովուրդը, որը ընտրել է իրեն: «Առավել եւս միամտություն է եւ անխոհեմություն հավատալ այն ավազակապետին, որը կեղեքում, թալանում է եւ երկիրը եւ հայ մարդուն»,- նշել է ՀԿՀ-ն: Հիշեցնենք, որ նախաձեռնության համակարգողը ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանն է, իսկ նախաձեռնությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ է:

No comments: