Monday, November 16, 2009

Շարմազանով. Անգլիացիները թող քննարկեն անգլո-իռլանդական հարաբերություններում առկա խնդիրները

Panorama.am 16.11.2009 - «Կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները պետք է իրենց հայտարարություններում ավելի հավասարկաշռված ու կոռեկտ լինեն, այդ հայտարարություններն անհեթեթ են»,-Panaorama.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնդսդեյլնի ու Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնի հայտարարություններին ի պատասխան, այսպես արձագանքեց Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի թագավորական փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը գործնական օգուտների բացակայության պատճառով: Իսկ Հայաստանում այդ երկրի դեսպան Չառլզ Լոնդսդեյլն էլ իր հերթին ասել է, որ առաջին հերթին թուրք և հայ ժողովուրդները պիտի քննարկեն ընդհանուր պատմության հարցերը: ՀՀԿ-ական պատգամավորը նկատեց, որ եվրոպական ժողովրդավարական արժեքներ դավանող երկրների ներկայացուցիչները պետք է շատ լավ գիտակցեն, որ մարդկության դեմ ոճրագործությունների պատիժը պետք է կանխարգելի նոր ոճրագործությունները: «Հայոց Ցեղասպանությունը ոչ թե Ցեղասպանություն է միայն հայ ժողովրդի, այլև ողջ մարդկության դեմ»,-ասաց Շարմազանովը` ավելացնելով, որ ողջ առաջադեմ մարդկությունն ամեն ինչ պետք է անի, որ նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն: Շարմազանովը համոզմունք հայտնեց, որ եթե ժամանակին եվրոպացի գործիչներն այլ կերպ մտածեին, «ապա դժվար թե երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լիներ Հոլոքոստը»: Ի պատասխան դեսպանի հայտարարությանը, Է. Շարմազանովը խորհուրդ տվեց դեսպանին՝ դիմել իր երկրի ներկայացուցիչներին՝ քննարկելու անգլո-իռլանդական հարաբերությունների խնդիրները: «Մեզ համար Հայոց Ցեղասպանության հարցը քննարկման առարկա չէ, Հայոց Ցեղասպանությունը փաստ է, որը ուշ թե շուտ պետք է դատապարտվի ողջ առաջադեմ մարդկության կողմից»,-ասաց հանրապետական պատգամավորը:

No comments: