Saturday, November 14, 2009

ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԾՐԱՆՈՒՄ ԵՆ

Ըստ ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո դիրքորոշումները կարծրացել են եւ Թուրքիայում, եւ Հայաստանում:
- Որպես իշխող կուսակցության անդամ, ձեզ հուզո՞ւմ է՝ կվավերացնի, թե չի վավերացնի Թուրքիայի խորհրդարանը հայտնի արձանագրությունները։ - Այդ հարցը բոլորին է հուզում, եւ, կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, որ արձանագրությունները ստորագրելուց հետո այս փուլը ամենածանրն է լինելու, նյարդերի, փոխադարձ տեսակետների կարծրացման փուլ է սա: Եթե ստորագրման ժամանակ կանգնած էին ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Ռուսաստանը՝ միաժամանակյա պրոցես էր, դա ավելի հեշտ էր, բայց հարցը տեղափոխվել է խորհրդարաններ: Իսկ խորհրդարաններն այն ոլորտն են, որ եթե որեւէ հարց որեւէ իշխանություն ուզենա չանել այնպես, ինչպես պետքն է, ապա կարող է միշտ էլ ասել, որ պառլամենտը անկախ մարմին է, եւ ինքն է որոշողը: Հիմա տրամադրությունները բավականին կարծրանում են եւ Թուրքիայում, եւ Հայաստանում: Ստորագրումից հետո դիրքորոշումների կարծրացման փուլ գնաց: Այս պահին որեւէ մեկը չի կարող հստակ ասել՝ կստորագրի՞ Թուրքիայի խորհրդարանը արձանագրությունները, թե՞ չի ստորագրի: Կարծում եմ, դեռ թուրքերն էլ չգիտեն, թե ինչպես են վարվելու դրանց հետ: Բայց, ամեն դեպքում, անառարկելի է, որ Թուրքիայում առկա է բացասական հասարակական կարծիք: Ինքներդ էլ համոզվել եք: Եվ այս իրավիճակում շատ ավելի ազդեցիկ է դառնում Ադրբեջանի ճնշումը Թուրքիայի վրա: Ադրբեջանը կարողանում է Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա գոնե այս մասով ազդեցություն ունենալ: Խնդիրն այն է, թե ինչ կանի Թուրքիան այս իրավիճակում: Ընդ որում, այս իրավիճակը չափազանց ծանր է հենց այդ երկրի համար: Եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, դա ամենեւին չի նշանակի, որ Թուրքիան խաբում կամ մերժում է Հայաստանին: Եթե Թուրքիայի խորհրդարանը չվավերացնի արձանագրությունները, ապա այդ մերժումը ուղղված կլինի ոչ թե Հայաստանի դեմ, այլ ԱՄՆ-ի, Եվրոպայի եւ Ռուսաստանի: Խնդիրն այստեղ է: Եթե Թուրքիան չվավերացնի, ապա միանշանակ խիստ բացասական վերաբերմունքի կարժանանա այս երկրների կողմից: Իսկ Թուրքիան պատրա՞ստ է գնալ այդ քայլին, պատրա՞ստ է դեմ գնալ այս երկրներին: Սա արդեն շատ լուրջ հարց է;
- Այս իրավիճակում փաստորեն մեր երկրին այլ բան չի մնում, քան նստելն ու սպասե՞լը: - Ուղղակի այս պահին Հայաստանի Հանրապետությունը ոչինչ չունի անելու: Մենք մեր անելիքն այս պահի համար արդեն արել ենք, հիմա, իրոք, գնդակը Թուրքիայի դաշտում է։ Ոմանք ասում են՝ բա որ Թուրքիան արձանագրությունները չվավերացնի: Էհ, թող չվավերացնի: Մենք կվերադառնանք մեր ելման կետին: Այսպես թե այնպես, մենք որեւէ բան չենք կորցնում, ընդհակառակը՝ շահում ենք: Մենք կարողացանք Հայաստանը դարձնել ոչ միայն տարածաշրջանային գործոն, այլեւ հասանք այն բանին, որ ամբողջ աշխարհը խոսում է Հայաստանի, Ցեղասպանության, Ղարաբաղի հարցի մասին: Եթե փորձեիր հատուկ քարոզչություն իրականացնել, չէիր կարող համաշխարհային մակարդակի այսպիսի քարոզչություն իրականացնել, ինչպես եղավ արձանագրությունների դեպքում: Այլ իրավիճակում նման արդյունքի դժվար հասնեինք: Իսկ հիմա մենք կարողացանք ցնցել նաեւ մեր սփյուռքը, քաղաքական կուսակցությունները եւ դրսում, եւ, ինչու չէ, նաեւ հանրապետության ներսում: Մենք կարողացանք Ցեղասպանության հարցը մտցնել թուրք հասարակության մեջ, պրոցեսը գնում է: Կարեւորը միջազգային հանրության առջեւ մեր երկիրն այսօր ունի դրական, կառուցողական, նախաձեռնողական կերպարի իմիջ: - Եթե Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները, մեր երկրի խորհրդարանն այլեւս անելիք չի՞ ունենում: - Ըստ էության, եթե մեր հարեւան երկիրը չվավերացնի արձանագրությունները, անիմաստ կլինի մեր խորհրդարանում դրանց քննարկումը: Միջազգային պայմանագրերը կամ վավերացվում են, կամ չեն վավերացվում, իսկ եթե Թուրքիան վավերացնի եւ փորձի ինչ-որ նախապայմաններ խցկել դրանցում, եթե փորձի խախտել միջազգային պայմանագրերի վավերացման միջազգային նորմը, իհարկե, դա ՀՀ խորհրդարանի համար կդառնա մտահոգիչ եւ քննարկման առարկա: Զրույցը վարեց ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԸ «Առավոտ» 13-11-2009

No comments: