Saturday, November 14, 2009

«ՀՀ քաղաքացին նեղացած է իր երկրից»

A1+. 13-11-2009- 2008-2009թթ. ընթացքում մերժվել է ավելի քան 100 հանրահավաք, որոնք հիմնականում նախատեսել էր ընդդիմությունը: Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր հրապարակեց «Խաղաղ հավաքների ազատության» մասին իր զեկույցը: Շուրջ 110 տեղական եւ միջազգային դիտորդներ արձանագրել են բոլոր այն խախտումները, որոնց անձամբ են ականատես եղել: Զեկույցի «Արդյունքներ եւ առաջարկություններ» գլխում հատուկ տեղ է հատկացված 2008թ. մարտի 1-ի դեպքերին. «Մարտի 1-ի առավոտյան իրավապահ մարմինները ուժով ցրեցին Ազատության հրապարակի ցուցարարներին, որից հետո նույն օրը երեկոյան Մյասնիկյանի արձանի մոտ ընդհարում տեղի ունեցավ իրավապահների եւ ցուցարարների միջեւ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ...Նույն օրը ՀՀ նախագահի հրամանագրով Երեւանում 20 օրով արտակարգ դրություն հայտարարվեց, որի ընթացքում արգելվում էր հանրահավաքների անցկացումը: 2008թ. մարտի 17-ին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասի» օրենքում եւ ընդհանրապես հարցականի տակ դրեց հանրահավաքների անցկացումը»: Այսօր զեկույցի հրապարակմանը եւ դիտարկմանը աջակցած ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ -ի ներկայացուցիչները վստահեցրեցին, որ թղթի գրա գրված ցանկացած կատարյալ օրենք լավը չի կարող համարվել: Իսկ այն, որ ՀՀ զանգվածային միջոցառումների մասին օրենքը ՀՀ-ում չի գործում նրանք կասկած չունեն եւ այս հարցում պատրաստ են համագործակցել առաջին հերթին ՀՀ իշխանությունների հետ: Առանց մանրամասնելու ԵԱՀԿ փորձագետ Նիլ Ջարման այսօր հայտարարեց. «Մոնիթորինգի ընթացքում մեր ձեռք բերած ապացուցողական բազան կասկածի տակ չի կարող դրվել»: Մոնիթորինգի անցկացման ղեկավար Ավետիք Իշխանյանը նշեց, որ բոլոր զանգվածային միջոցառումները Երեւանի քաղաքապետարանը մերժել է ՀՀ ոստիկանությունից ստացած գրությունների հիման վրա, թե իբր իրենք տեղեկատվություն ունեն, որ միջոցառումների ընթացում անկարգություններ են նախատեսված: Ընդդիմության հանրահավաքների մասին քաղաքապետարանին իրազեկող Արտակ Զեյնալյանը «Ա1+»-ին հայտնեց, որ քաղաքապետարանը խորամանկություն է կատարել իր մերժումները ներկայացնելիս' առաջարկելով մեկ այլ տեղ անցկացնել միջոցառումը, որ նույնպես մերժում է: «Հանրահավաքների սահմանափակումը բերում է խռովության: Մեր երկրում քաղաքացին, երկրի հիմնադիրը' մարդը խռոված է երկրից»,-ասաց նա Փորձագետ Վարդան Պողոսյանը հավելեց, որ մեր երկրում սահմանափակվում են հիմնական ընդդիմության հանրահավաքները, եւ դրանց իրավական հիմքերը բացակայում են: «Զանգվածային միջոցառումները արգելում են միայն թույլ իշխանությունները, որոնք վախենում են սեփական ժողովրդից»,-այսօր «Ա1+»-ին ասաց «Թրանսփերենսի ինտերնեյշնլ» -ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ամալյա Կոստանյանը: Նա համամիտ է Բենջամին Ֆրենկլինի այն խոսքերի հետ, որ առնվազն իշխանության 5 տոկոսը պետք է ցանկանա, որ որեւէ փոփոխություն կյանքի կոչվի: Տիկին Կոստանյանը վստահեցնում է, որ ծեծով, բռնությամբ մարդուն հնարավոր չէ լռեցնել:

No comments: