Friday, November 13, 2009

Հայաստանում քննարկում են «ազգային փրկության ծրագիրը»

Tert.am 13.11.2009 - Օրեցօր կուտակվող այս տագնապն ու ազգային կործանման սպառնալիքը կարող են վերանալ միայն սոցիալական խորագույն փոփոխությունների շնորհիվ։ Նման հայտարարությամբ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը սկսել է պարբերական հանդիպումներ, կլոր սեղաններ, որոնց ընթացքում քննարկվելու են քաղաքական, տնտեսական, ռազմավարական և այլ հարցեր: «Սա ազգային փրկության ծրագրի քննարկում է, որի համար մենք հրավիրելու ենք ինչպես մասնագետների, այնպես էլ հասարակության համապատասխան խավերի ներկայացուցիչների»,- նշել է նախաձեռնության ակտիվիստ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նրա խոսքերով` շարժումը ձգտելու է ձևավորել «քաղաքացիական հասարակության, խորհրդարանի, կառավարության իրական գաղափարն ու պատկերը»: ««Սարդարապատ» շարժումը գործելու է վերակառուցողական սկզբունքով`համարելով, որ մեր երկրում առկա բազմաթիվ կուսակցությունները դարձել են ազգային պառակտման և տրոհման գործիքներ»,- նշել է Խզմալյանը: Բացի այդ, շարժումը «չի խուսափում խմբագրությունների, քաղաքական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցությունից»: Նախաձեռնության խմբի առաջին հանդիպումը նվիրված էր երկրի և հասարակության սոցիալական վիճակին: Ռեժիսորը պատմել է «ահաբեկված բանվորների հետ հանդիպման մասին»: Նախաձեռնության անդամները հանդիպել և նամակ են ստացել «ԱՐՄԵՆԱԼ» գործարանի աշխատակիցներից, ովքեր գաղտնի մնալու պայմանով հաղորդել են իրենց իրավունքների ոտնահարման մասին: Ծառայությունը, Խզմալյանի խոսքերով, «ապացուցել է իր արդյունավետությունը և զբաղվում է նույն գործով, ինչ և պետական ոստիկանությունը»: Տիգրան Խզմալյանը նաև լրագրողների ուշադրությունը սևեռել է այս ողբերգական իրավիճակի վրա, քանի որ այն լուրջ քաղաքական և սոցիալական հետևանքներ կարող է կունենալ:

No comments: