Monday, November 16, 2009

Աֆրիկյան սյուժեներ. Ռոբերտ Քոչարյանը ոգեշնչո՞ւմ է Տեր-Պետրոսյանին

NEWS.am 16.11.2009 - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է իր հասցեին հանրապետության առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի արած մեղադրանքները: «Տեր-Պետրոսյանի մենտորությունն ու ինքնասիրահարվածությունը ծանր տպավորություն է թողնում: Ընդ որում, խոսքը համեմված էր վերլուծական հավակնություններով, թեեւ այդ մասին խոսել են բոլոր նրանք, ովքեր չեն ալարել: Իհարկե մեծ ձանձրույթ է առաջացրել: Կարծում եմ՝ ներկաները մեծ ջանքեր են գործադրել, որ չքնեն»,- ասված է Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը հղած պատասխան մեկնաբանության մեջ: «Իմ հասցեին արած մեղադրանքներն այնքան աբսուրդային են, որ իմաստ չկա կանգ առնել դրանց բովանդակության վրա՝ դրա իսպառ բացակայության պատճառով: Բայց Տեր-Պետրոսյանի բոլոր ելույթներում իմ մասին հիշատակումների փաստն ինձ հիշեցնում է մի իրավիճակ, որի ականատեսը ես դարձա Աֆրիկայում մի քանի ամիս առաջ: Երեկոյան, խարույկի մոտ որսորդները պատմում էին աֆրիկյան խոշոր կենդանիների որսի սուր դեպքերի մասին պատմություններ: Խոսում էին առյուծների, ընձառյուծների, ցլերի եւ փղերի ուժի, ճարպկության եւ վտանգավորության մասին: Ներկաներից մեկը՝ մի եվրոպացի, ամեն պատմությունից հետո հոգոց էր հանում եւ հավելում, թե ամենավտանգավոր եւ ուժեղ կենդանին արջն է: Երբ նա դա կրկնեց երրորդ անգամ, ես հետաքրքրվեցի, թե ինչու է արջը նրան այդպես տպավորել: Պարզվեց, որ 5 տարի առաջ որսի ժամանակ արջը նրան բավական ջարդել է: Հավանաբար, ես ինչ-որ կերպ ոգեշնչում եմ Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ինձ հաճախ է հիշում»,- «Մեդիամաքս»-ին ասել է Ռոբերտ Քոչարյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին, հանդես գալով ՀԱԿ-ի իր կողմնակիցների առջեւ, Տեր-Պետրոսյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին՝ ձախողված արտաքին քաղաքականության՝ ղարաբաղյան կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի դիրքերը թուլացնելու մեջ: Միեւնույն ժամանակ, նա կոչ արեց Քոչարյանի կառավարման ժամանակվա մեղքերը չբարդել գործող նախագահ Սերժ Սարգսյանի վրա:

No comments: