Monday, December 7, 2009

ANCA. ԱՄՆ-ում Էրդողանը կրկին փորձելու է խանգարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին

/PanARMENIAN.Net/ 05.12.2009 - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման նախօրեին Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ԱՀԴՀ) կրկին անհանգստություն հայտնեց, որ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ կատարելիք իր այցի շրջանակներում թուրք վարչապետը փորձելու է ավելի շատ ջանքեր գործադրել, որպեսզի ամերիկյան վարչակազմը շարունակի հետագայում էլ լռել Հայոց ցեղասպանության փաստի մասին: «Թուրք վարչապետը, որին արդեն հաջողվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններն օգտագործել այն բանի համար, որպեսզի արգելափակի ամերիկյան վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, Վաշինգտոն է ժամանում, որպեսզի ամրապնդի իր հաջողությունը»,- հայտնեց ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ինչպես նշեց Համբարյանը, Էրդողանի այդ ձգտումը կցուցադրի Թուրքիայի անհարգալից վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի երկու առաջնահերթությունների նկատմամբ, որոնց մասին խոսել է նախագահ Օբաման, եւ որոնց համաձայն հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների եւ խելամիտ ժամկետներում: «Այսօր, երբ 7 ամիս է անցել այն բանից հետո, երբ Բարաք Օբաման ելույթ ունեցավ Անկարայում եւ խախտեց Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու իր խոստումը, ակնհայտ է դառնում, որ Թուրքիային հաջողվում է Վաշինգտոնին իր նախապայմանները թելադրել: Ակնհայտ է նաեւ, որ Անկարան մտադիր չէ խելամիտ ժամկետներում կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ եւ փորձելու է օգտագործել այդ ժամանակը, որպեսզի թույլ չտա 2010թ. ապրիլի 24-ին Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ընդգծեց Արամ Համբարյանը:

No comments: