Saturday, December 5, 2009

Թուրքիայում ցանկանում են արգելել քրդական կուսակցության գործունեությունը

News.am. 4-12-2009- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, Թուրքիայի Սահմանադրական դատարանը հայտարարել է, թե դեկտեմբերի 8-ին կքննարկի «Ժողովրդավարական հասարակություն» քրդական գլխավոր կուսակցության գործունեությունը արգելելու հարցը։ Կուսակցությունը, որ 21 տեղ է զբաղեցնում Թուրքիայի 550 տեղանոց խորհրդարանում, մեղադրվում է անջատողական ապստամբ ուժերից կազմված Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։ Նշենք, որ այս տարվա սկզբներին Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին ավելի քան 100 անձանց, ներառյալ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության ղեկավարի օգնականներին, ովքեր հերքում են իրենց դեմ հարուցված մեղադրանքները։ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը 25 տարուց ի վեր պայքարում է հարավ-արեւելյան Թուրքիայում ինքնավարություն հաստատելու համար։ Ավելի քան 40,000 մարդ է սպանվել հակամարտության հետեւանքով։ Ի դեպ, Թուրքիայի դատարանի այս հայտարարությունը արվել է մի ժամանակ, երբ երկրի կառավարությունը ծրագրում է անցկացնել բարեփոխումներ, որոնք կընդլայնեն երկրի քուրդ փոքրամասնության իրավունքները։

No comments: