Monday, December 7, 2009

ԱՂԱՆԴՆԵՐԸ ՀԱՅՏՆՎՈւՄ ԵՆ «ՃԻՇՏ» ԺԱՄԱՆԱԿԻՆ, «ՃԻՇՏ» ՏԵՂՈւՄ

Report.am. 5-12-2009- Շատե՞րը գիտեն, որ քրիստոնեությունը սեր է, հանդուրժողականություն, այն ազատում է մարդուն վախից, կապանքներից, խաղաղություն է բերում, դեմ է բռնության և ցանկացած խտրականության։ Այն բաց է մշակութային զանազան տարբերությունների, ավանդույթների, տարբեր ազգության, նյութական և հոգևոր հնարավորությունների տեր մարդկանց առջև և վստահաբար երաշխավորում է խմբերի և անհատների հոգևոր ու հոգեկան, ինչպես նաև ֆիզիկական առողջությունը: Քրիստոնեությունը գերակա տեղ է տալիս մարդու ընտրելու իրավունքին, քանի որ Աստված մարդուն ազատ է ստեղծել և տվել է ազատ գործելու հնարավորություն: Աստված Ադամի և Եվայի ձեռքերը չի շղթայել, որ Կենաց ծառից չօգտվեն, այլ նրանց պատվիրան է տվել: Ամեն ինչ կախված էր նրանց ազատ կամքից` ընտրելու կա՛մ չարը, կա՛մ բարին: Ի տարբերություն քրիստոնեության, աղանդները գալիս և մխրճվում են հասարակության մեջ, քայքայում և աղճատում «որսի»՝ իրենց անդամագրվածների հոգեկան աշխարհը: Դրանք նմանվում են աստվածապաշտության քողի տակ թաքնված յուրատեսակ բիզնեսների: Ըստ բժիշկ-հոգեբան Արմեն Ներսիսյանի, աղանդավորությունը մարդկանց մոտ զարգանում է հետևյալ դրսևորումներով. նախ հետաքրքրությունից դրդված` մարդն ուսումնասիրում է աղանդի գաղափարախոսությունը, լսում քարոզիչ-աղանդվորին, հետո դառնում «լիիրավ անդամ», որին հաջորդում է վարքային փոփոխություններ. լավ չի սովորում կամ աշխատում, դառնում է անտարբեր հարազատների, մտերիմների հանդեպ, մշտապես մեղավորության, անպիտանության զգացում է ունենում, ավելի ուշ` ի հայտ են գալիս հոգեմարմնական և երևակայության խանգարումներ (մարդը սկսում է տեսնել պատկերներ, լսել իրականում գոյություն չունեցող ձայներ): Աստիճանաբար այս մարդիկ դառնում են ագրեսիվ իրենք իրենց հանդեպ, ինչն էլ հանգեցնում է հոգեկան խանգարումների, ընդհուպ` ինքնասպանության: Հոգեբան Կարինե Նալչաջյանը գտնում է, որ աղանդները հայտնվում են ճգնաժամանային իրավիճակներում` «ճիշտ» ժամանակին, «ճիշտ» տեղում: Փաստորեն, մեզանում աղանդների համար պարարտ հող են ստեղծել հետխորհրդային շրջանին հաջորդած և ժամանակ առ ժամանակ թարմացող ճգնաժամերը: Նյութական, հոգեբանական ծանր վիճակում գտնվող մարդը հենարան է փնտրում: «Ինչքան մարդն ավելի հիասթափված է, մենակ, հոգսաշատ, այնքան մեծ է աղանդավոր դառնալու հավանականությունը»,- նշում է Կարինե Նալչաջյանը` հավելելով, որ աղանդի վտանգներից անտեղյակ մարդը փորձում է այնտեղ գտնել իր հենարանը: Երբ մարդն ինչ-որ բան առանց հասկանալու է ընտրում, դա անկանխատեսելի հետևանքներ է ունենում։ Վտանգն առկա է հենց այն ժամանակ, երբ աղանդավորական խումբը սկսում է կուրորեն հետևել իր առաջնորդին, անդամներին դրդել խզել կապերը հարազատների հետ, պատսպարվել իրենց երևակայական աշխարհում, որտեղ իբր բոլորն իրար սիրում են: Աստիճանաբար բոլոր աղանդավորները տարրալուծվում են, փոփոխվում, դառնում ուրիշ մարդ, վերահսկվում աղանդակիցների կողմից: Աղանդավորությունը հեռացնում է մարդուն պաշտոնական դավանանքից և հակադրվում նրան: Աղանդավորության մեջ կրոնական կերպարանքով արտացոլվում են տարբեր սոցիալական խմբերի սոցիալ-տնտեսական, քաղաքական և բարոյական շահերն ու ձգտումները, իսկ տուժածները ոչ միայն այն մարդիկ են, ովքեր դարձել են աղանդավոր, այլև նրանց շրջապատը: Պետք է հիշել, որ Հայաստանի պես փոքր պետության համար յուրաքանչյուր մարդու մուտքն աղանդ կորուստ է ազգի և պետության համար: Աղանդներն ինքնին ոտնձգություն են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ: Այնպես որ, «անհոգ, թեթև և հավերժ ապրելու առաջարկներ» ընդունելուց առաջ պետք է ծանոթանալ նաև դրանց հետևանքներին: Իսկ ավելի ճիշտ, առհասարակ պետք չէ կրոն, հավատք, պաշտամունք փնտրել կամ ընտրել, գոնե մենք` հայերս, այն ընտրել ենք դեռևս 301 թվականին: Ի վերջո, այդ մենք ենք աշխարհին Նարեկացի տվել: Պետք է հիշել, որ յուրաքանչյուր աղանդ մարդկանց «ներարկվում է» համոզելու կամ ներշնչելու միջոցով: Իսկ քրիստոնեությունը ո՛չ համոզում է, ո՛չ էլ ներշնչում: Փաստերի և արժեհամակարգի ճիշտ գնահատման, դրանց վերլուծության անհրաժեշտություն կա` աստվածաբանների, հոգեբանների, մշակութաբանների, միջազգայնագետների, իրավաբանների, փիլիսոփաների, լրագրողների և այլ փորձագետների ներգրավմամբ: Այն անհրաժեշտ է, որպեսզի հոգևորի ձգտող անձը չխաբվի և ճիշտն ընտրելու ու տեսնելու հնարավորություն ունենա: ՍԻՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

No comments: