Saturday, December 5, 2009

ԲԱՆԴԱՆ ՈՒԺ ԷՐ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ

Հարցազրույց Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հետ: -Ի՞նչ տպավորություններ ունեք ՀՀԿ վերջին համագումարից: -Իմ տպավորությամբ, իրենց բանդայի համախմբման եւ ուժի, մուսկուլների ցուցադրման ակցիա կատարեցին: 2008թ. փետրվարի 20-ից սկսած` նրանց մեջ վախը կոտրված չէ, այլ` վախը միս ու արյուն է դարձել նրանց մեջ, եւ նման միջոցառումներով ամեն անգամ փորձում են իրենց վախը կոտրել ու ապացուցել, որ իրենք ուժեղ են: Սակայն այդպես չէ: -Սերժ Սարգսյանն իր ելույթում հայտարարեց, թե նախագահի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը մեղմացել է, ժողովրդի մեջ պառակտումը չի խորացել: Ձեր տպավորությամբ, արդյոք այդպե՞ս է: -Նա ժողովրդի հետ որեւէ առնչություն չունի. երեւի նա նկատի ուներ իրեն սպասարկող ստրուկների բանդան, որը մի պահ իրենից փախչում էր, իր բուրգը կազմաքանդվում էր, եւ հիմա իր համոզմամբ, հետ է բերել այդ մարդկանց: Կարծում եմ` այդ ամենը ժամանակավոր է, քանի որ ստրուկների մեջ էլ կան մտածող տարրեր: Այնպես որ, Սերժ Սարգսյանի այս խոսքերը ժողովրդին չէին ուղղված: -Այսինքն` մինչեւ հիմա ժողովուրդը չի՞ համակերպվել ստեղծված իրավիճակին: -Ժողովուրդը չի կարող համակերպվել: Ժողովուրդը փետրվարի 20-ից տասը օր շարունակ գիշեր-ցերեկ մնաց Ազատության հրապարակում ոչ միայն այն պատճառով, որ հավատ ուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդեպ, այլեւ` այդ տասը տարիների ընթացքում սրանց գործած անարդարությունները, բեսպրեդելն ու սանձարձակությունները, բացասական լիցքերը կուտակվել էին ժողովրդի մեջ: Եվ հիմա այս շուրջ երկու տարվա ընթացքում ի՞նչ է փոխվել, որ ժողովուրդը համակերպվի: Փետրվարի 20-ից հետո, երբ իրենց վիճակն անհուսալի էր, բերեցին կոսմոպոլիտի կերպարով Տիգրան Սարգսյանին ու նրա թիմին, բայց տարի ու կես անց նրանց կոսմոպոլիտ երիտասարդներին էլ ընդգրկեցին այդ բանդայի մեջ: Մարտի 1 իրականացրին ու մինչեւ հիմա չեն հայտնաբերել սպանությունների հեղինակներին: Այնպես որ, այս ընթացքում որեւէ բան չի փոխվել, ավելին, բացասական լիցքերն ավելի են շատացել: Եվ ես վստահ եմ, որ անհրաժեշտ պահին ժողովուրդը կրկին դուրս է գալու հրապարակ եւ մնալու է այնքան, մինչեւ սրանց հարցերը լուծվեն: -Այս ընթացքում պարբերաբար խոսք է գնացել իշխանություն-ընդդիմություն երկխոսության մասին, ընդ որում, երկխոսության անհրաժեշտությունը կարեւորել է եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը: Սակայն առ այսօր որեւէ քայլ չի արվել այդ ուղղությամբ: Ինչպե՞ս կմեկնաբանեք: -Հանրապետականի բանդան էլ է հասկանում, որ կան խաղի կանոններ. իրենք հանդես են գալիս իշխանության դեմքով` պարզ հասկանալով, որ ոչ ժողովուրդը, ոչ գերտերությունները չեն կարող անվերջ հանդուրժել իրենց գոյությունը: Իրենք էլ են հասկանում, որ ինչ-որ պահի թողնելու, գնալու են: Եվ այդ հաշվարկով էլ իրենք շահագրգռված են ինչ-որ պահից ընդդիմության հետ գնալ կոնտակտի: Բնականաբար, ընդդիմությունն էլ գիտակցում է, որ սա մեր երկիրն է եւ մեր զավակներին նորմալ պետություն ենք հանձնելու: Ուստի` ինչ-որ պահից պարտադրված ենք լինելու երկխոսության գնալ` այդ պրոցեսը նորմալ հունով տանելու համար: Իշխանությունները թող որոշեն` ո՞նց են գնալու, թեեւ, անկախ ամեն ինչից, այն անձինք, որոնք կատարել են հանցագործություն, պետք է պատասխան տան արդարադատության առաջ: -Այսինքն` դուք համոզված եք, որ երբ իշխանությունները խոսում են երկխոսության մասին, նրանք ցանկանում են սկսել իշխանությունը ընդդիմությանը հանձնելու պրոցես: - Նրանք այդ քայլին հոգեբանորեն պատրաստ էին նաեւ փետրվարի 20-ից հետո, ուղղակի Ռոբերտ Քոչարյանը կանխեց այդ ամենը: Նա ուղնուծուծով կառչած է իշխանությանը, նա հասկանում էր, որ եթե ժողովուրդը վերցրեց իշխանությունը, ապա ինքը պետք է պատասխան տա իր բոլոր անօրինությունների համար: Այնպես որ, ահաբեկիչը ժամանակավորապես փորձեց կանխել իշխանափոխությունը: -Հաճախ է խոսվում Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին, ձեր կարծիքով, որքանո՞վ է ռեալ այդ փաստը: -Իհարկե, ոչ մի բան չպետք է բացառել, սակայն դա ֆանտաստիկայի ոլորտից է, երբ ժողովրդի ողնաշարը կոտրվի, որ թույլ տա նրա վերադարձը: -Իսկ ներպալատական հեղաշրջման միջոցով հնարավո՞ր է, որ նա վերադառնա: -Քաղաքական պրոցեսներին հետեւելիս կարծես թե նրա կողմնակիցները փորձում են նման քայլ անել: Սակայն ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն կարծես թե հասկանում են, որ անապագա ճանապարհ է սա, սակայն ինչ-ինչ խաղի կանոններով փորձում են խաղալ: Սակայն վստահ եմ, որ մանավանդ ԲՀԿ-ում կան այս հող ու ջրի մարդիկ, եւ հասկանում են, որ այդ ամենը տանում է մի տեղ, որի հանգրվանը պետությունը չէ, այլ` ֆեոդալիզմը: -Այս իրավիճակը, ձեր կարծիքով, որքա՞ն կշարունակվի: -Չեմ կարծում, որ երկար շարունակվի: Գնում են համընթաց պրոցեսներ` հայ-թուրքական եւ ԼՂ խնդրի վերաբերյալ: Այստեղ մնում է միայն համբերություն. համբերություն եւ ժողովրդին, եւ ընդդիմությանը: Հասկանալի պատճառներով ժողովուրդը շատ անհամբեր է դարձել, սակայն պետք է համբերություն, եւ ճիշտ պահի ճիշտ կողմնորոշում: Այլապես, այս ամենը պետության համար կարող է կործանարար լինել: Հարցազրույցը վարեց ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԸ

No comments: