News.am. 5-12-2009- Եթե թուրքական կողմը խախտում է Հայաստանի հետ ունեցած պայմանավորվածությունները, ինչպես պնդում են մեր իշխանությունները, ապա նրանք պետք է այսօր եւեթ հայտնեն, թե ինչ պայմանավորվածություններ են եղել եւ որոնք են խախտվել Թուրքիայի կողմից: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վլադիմիր Կարապետյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ նախօրեին արած հայտարարությունը:
«Մենք հենց սկզբից ասում ենք ամերիկյան ներկայացուցիչներին: Եթե դուք կարգավորեք ղարաբաղյան հակամարտությունը, կլուծեք եւ հայ-թուրքական խնդիրը: Հակառակ դեպքում չեք կարողանա»,- ադրբեջանական ANS հեռուստաալիքին ասել էր Թուրքիայի վարչապետն ու հավելել. «Հայ-թուրքական հարցը կապված է ղարաբաղյան խնդրի հետ: Ես այդ մասին ուղիղ ասել եմ Բարաք Օբամային եւ Դմիտրի Մեդվեդեւին, որոնք խոստացել են արագացնել գործընթացը», ասել էր Էրդողանը:
«Դեռեւս երկու ամիս առաջ մենք ասել ենք, որ հայ-թուրքական մերձեցումն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը շաղկապված են: Հայաստանի իշխանությունները հստակ գիտակցում էին եւ տեղեկացված էին, որ Թուրքիան չի պատրաստվում բացել հայ-թուրքական սահմանը, մինչեւ ղարաբաղյան հարցում առաջընթաց չգրանցվի»,- NEWS.am-ին հայտնեց Վլադիմիր Կարապետյանն ու մանրամասնեց. «Թուրքական կողմը բավական հետեւողական է իր հրապարակային հայտարարություններում: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պարտավոր են արագ արձագանքել այս հայտարարությանն ու բացատրել, թե ինչու են ստորագրել արձանագրությունները»:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment