Saturday, December 5, 2009

ՄԱՅԵՆԴՈՐՖԻՑ ԱԹԵՆՔ

Պաշտոնական Երևանը հերթական հետքայլն է արել, հատկապես ղարաբաղյան հարցի կարգավորման ընկալման իմաստով: 2008 թ. նոյեմբերին Մայենդորֆյան հռչակագրում թույլ տրվեց բացթողում` նախագահների մակարդակով արձանագրվեց,»: որ կողմերը կարգավորման հարցում առաջնորդվելու են «միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա«Ընդունված որոշումները» հիմնականում պարունակել են հայկական կողմի համար ոչ նպաստավոր ձևակերպումներ, որոնց տակ հայկական կողմն այնուամենայնիվ Մայենդորֆում փաստորեն ստորագրեց: Աթենքում օրերս ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակներում թույլ տրվեց մեկ այլ սխալ. բանակցությունների սեղանին դրված փաստաթղթից առանձնացվեցին Հելսինկիի եզրափակիչ ակտի մաս կազմող սկզբունքները՝ ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարության ու ազգերի ինքնորոշման իրավունք: Այսպիսով ԵԱՀԿ նախարարների խորհուրդն արձանագրեց, որ Հայաստանն ու Ադրբեջանն այդ սկզբունքներն ընդունում են որպես կարգավորման հիմք: Ադրբեջանական կողմը տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումից բացի, որքան էլ վիճելի թվա, կարող է դիվանագիտական ձեռքբերում համարել նաև ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի ամրագրումը: Ակնհայտ է, որ եթե անգամ Բաքուն որպես սկզբունք ընդունում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ապա դա տեսնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Այդպես է ընկալում նաև միջազգային հանրությունը, երբ Էլմար Մամեդյարովը խոսում է «Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղին ինքնակառավարման իրավունքի տրամադրման» մասին: Երկրորդ կարևոր, հայկական կողմի համար վտանգավոր ձևակերպումը, որը ամրագրվել է համատեղ հայտարարության մեջ, «ժողովուրդների իրավահավասարությունն» է: Նման ձևակերպում է տեղ գտել նաև Մեծ ութնյակի ղեկավարներից երեքի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների Ակվիլայում հուլիսին կայացած գագաթնաժողի ղարաբաղյան խնդրին վերաբերող հայտարարության մեջ: Ինչպես Ադրբեջանը, այնպես էլ միջազգային հանրությունը «ժողովուրդների իրավահավասարության» անվան տակ հասկանալու է նաև ադրբեջանցիների իրավահավասարությունը արցախահայության հետ Լեռնային Ղարաբաղում: «Ժողովուրդների իրավահավասարություն» ձևակերպումը վերցված է Հելսինկիի եզրափակիչ ակտի ութերորդ գլխից, սակայն քանի դեռ վերջնականապես չեն ճշտվել Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք քվեարկության մանրամասները, նման ձևակերպումը կարող է աշխատել հայկական կողմի դեմ: Սրանք քաղաքական նյուանսներ են, որոնք հայկական կողմը չպետք է անտեսեր, ինչպես չի անտեսել նախկինում: Տարածքային ամբողջականությունը և ինքնորոշումը կողք կողքի որպես ղարաբաղյան խնդրի կարգավորման հիմք ամրագրելը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար կարող է ընդունելի լինել միայն այն դեպքում, երբ դրան հետևում է հստակ ձևակերպում և նույնքան հստակ երաշխիքներ առ այն, որ Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենալու հանրաքվե, որով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը առանց սահմանափակումների որոշելու է իր ճակատագիրը: Քանի դեռ կողմերի միջև ամբողջությամբ չի համաձայնեցվել փաստաթուղթը, որտեղ դեռ պետք է համաձայնեցվեն ինքնորոշման բոլոր պարամետրերը, հայկական կողմը չպիտի թույլ տար տարածքային ամբողջականության սկզբունքի ամրագրումը: Մինչ այդ, Մայենդորֆյան և Աթենքյան փաստաթղթերը, կաթիլ առ կաթիլ կուտակվելով, աշխատելու են հայկական կողմի դեմ, չեզոքացնելով տարիների աշխատանքի արդյունքում հայկական կողմի ձեռք բերածը: http://www.civilitasfoundation.org

No comments: